«Մեր համար օրակարգային է այն, որ ՀՀ գործող իշխանությունը պետք է հեռանա։ Այդ հարցում որեւէ բան չի փոխվել։ Ինչ վերաբերում է որեւէ բան ստորագրելուն, ապա ստորագրելու բան չկա։ Եթե լուրը գրելուց առաջ իմանային կանոնակարգը, ապա նման բան չէին գրի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել «Հայաստան» դաշինքի ներկայացրած՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագծի տակ՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Նախաձեռնողը խմբակցություն է, եւ խմբակցությունները կարող են միանալ կամ ոչ։ Մեր խմբակցությունն ավելի քան միասնական է։ Մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք օրակարգային եւ հրատապ խնդիրներից մեկը։ Եթե առաջիկայում լինի նման նախաձեռնություն, մենք, բնականաբար, կմիանանք»,-վստահեցրեց Թագուհի Թովմասյանը։ Հարցին՝ քվեարկելո՞ւ են Ալեն Սիմոնյանի հրաժարականի օգտին, եթե նախագիծը գա ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, նա պատասխանեց՝ «այո»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ