Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուսուցիչներն «Ուրալ»-ով են հասնում Որոտան եւ Շուռնուխ․ վերջինս անգամ բուժկետ չունի»․ պատգամավոր

Դեկտեմբեր 13,2021 13:50

«Այն, ինչ արձանագրել ենք, դժվար է տեղավորել մարդու իրավունքների շրջանակում։ Սյունիքում վտանգված են ՀՀ քաղաքացիների կենսական իրավունքները՝ կյանքի, առողջության, սեփականության իրավունքները»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ներկայացնելով օրերս Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր այցի մանրամասները՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Ամեն պահի այդ այլընտրանքային ճանապարհը, որն անընդհատ շեշտվում է որպես հարցի լուծում, գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում։ Չկա մի հատված, որը դուրս է թշնամու վերահսկողությունից։ Էլ չասած, որ այն անանցանելի է։ Թեթեւ մարդատար մեքենաներով հնարավոր չէ երթեւեկել։ Հատկապես Որոտանի եւ Շուռնուխի հատվածներում շարժը դժվարացել է։ Տեղի երեխաների կրթությունն ապահովելու համար ուսուցիչները ստիպված են «Ուրալ»-ով օրվա ընթացքում 1-2 անգամ գնալ-գալ։ Չեմ պատկերացնում, թե ձմռանն այդ ճանապարհն ինչ է լինելու, այդ գյուղերը շրջափակման մեջ են հայտնվելու, թե ոչ»,-մտահոգություն հայտնեց Թագուհի Թովմասյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի կողմից զավթած Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին որպես այլընտրանք ներկայացվող ճանապարհները։

Թովմասյանի խոսքով՝ թեեւ շուռնուխցիներն ու որոտանցիներն արդեն սովոր են իրենց պատուհաններից տեսնել ադրբեջանցի զինվորականների ու պնդում են, որ չեն հեռանալու հայրենի գյուղերից, ՀՀ իշխանությունը պարտավոր է ապահովել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգային միջավայրը․ «Եթե Որոտանում գոնե կա բուժկետ, որպեսզի տարրական առաջին օգնություն տրվի, ապա Շուռնուխում անգամ բուժկետ չկա։ Բուժկետի տարածքում այս պահին համայնքի ղեկավարն է բնակվում, որը կորցրել էր տունը։ Այդ շենքում նաեւ համայնքապետարանն է գործում։ Բուժքույրը տնային պայմաններում, սուղ միջոցներով առողջապահական ծառայություններ է մատուցում։ ՀՀ առողջապահության նախարարը պետք է ուշադրություն դարձնի խնդրին եւ գոնե շարժական բուժկետի, շտապօգնության մեքենայի միջոցով լուծի խնդիրը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031