2022 թ. երկրորդ եռամսյակում Երևանում կբացվի համաշխարհային ճանաչում ունեցող Hard Rock Cafe սրճարանային ցանցի մասնաճյուղը: Hard Rock International ընկերության հետ համագործակցությունը հնարավոր է դարձել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության համատեղ ջանքերով:
Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը սրճարանի հայաստանյան մասնաճյուղի բացման առիթով կայացած ասուլիսում նշեց, որ ուրախ են, որ իրենց ընկերության համար հոբելյանական 50-րդ տարում Հայաստանը դառնում է Hard Rock ընտանիքի անդամ: Նրա խոսքով, Հայաստանում կստեղծվի շուրջ 100 աշխատատեղ, իսկ առաջարկած հնարավորությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի սպասարկման ոլորտի վրա:
Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հիմնադիր Արսեն Հովհաննիսյանի խոսքով, վերջապես 50-ամյա ցանցի սրճարանը կբացվի նաեւՀայաստանում: Նա հիշեցրեց, որ Hard Rock International ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 68 երկրում և ընդգրկում է շուրջ 241 օբյեկտ, այդ թվում՝ սրճարաններ, հյուրանոցներ, խաղատներ և այլն, Hard Rock-ին է պատկանում աշխարհի ամենամեծ և արժեքավոր երաժշտական հուշանվերների հավաքածուն:
Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ Hard Rock Café Yerevan-ը կգործի Պուշկին 3/1 հասցեում, կզբաղեցնի ավելի քան 1000 քմ տարածք եւ կկարողանա միաժամանակ ընդունել 290 հյուրի, իսկ որոշ համերգների դեպքում՝ նույնիսկ մինչեւ 500:
Կարդացեք նաև
«Մենք բավականին մեծ փորձ ունենք հյուրընկալության ոլորտում, մի քանի հաջողված նախագծեր ենք իրականացրել, բայց նման գործընկերոջ հետ համագործակցությունը նոր նշաձող կսահմանի մեզ համար, կանաչ լույս կվառի մյուս համաշխարհային խաղացողների համար,եւ մրցակցային նոր չափանիշներ կսահմանի արդեն իսկ գոյություն ունեցող նոր բրենդների, ռեստորանների համար, ինչպես նաեւ ոլորտի զարգացման նոր խթան կհանդիսանա»,- ընդգծեց Արսեն Հովհաննիսյանը:
«Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ֊ի տնօրեն Բելլա Մանուկյանը եւս անչափ կարեւորեց նախագծի իրականացումը: Ասաց, որ այն հեռանկարային է, իսկ իրենք ընդհանրապես շահագրգիռ են հետաքրքիր բիզնես նախագծերով եւ արդյունավետ համագործակցություններով: «Մենք մեծ վստահություն ունենք, որ Hard Rock-ը համալրելու է հաջող նախագծերի ցանկը»,-նշեց Բելլա Մանուկյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ