«Նիկոլ Փաշինյանն անընդհատ ամբիոնից հոխորտում է, թե պատրաստ է ապացուցել։ Որեւէ բան իրեն չի խանգարում հրապարակային գալ ԱԺ եւ բոլոր փաստերը ներկայացնել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը բոլոր փաստերն ունի ապացուցելու, որ 2018թ․-ի դրությամբ Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու բոլոր հնարավորությունները՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այդ դեպքում բոլորս կտեսնենք, թե իր փաստերից որն է ճիշտ, որը՝ սուտ, կեղծիք կամ մանիպուլյացիա։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ամբիոնն օգտագործում է հոխորտալու համար, իր աջակիցների կողմից հարձակում է կազմակերպում այն հարցադրմամբ, թե մենք այդ ամենն անպատասխան ենք թողնում։ Ինչի՞ն պատասխանենք։ Դուք եք հայտարարում։ Ինքներդ ապացուցեք։ Ապացուցեք, որ մինչեւ իշխանափոխությունը բանակցային գործընթացի սեղանին դրված փաստաթղթերում ոչնչացված էր Արցախը։ Ապացուցեք, որովհետեւ բազմիցս է փաստվել, թե ինչ բանակցային ժառանգություն է թողնվել»,-դիմելով իշխանությանը՝ պնդում արեց Արծվիկ Մինասյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ