«Ժամանակին իրենք էին համատարած հերոսացնում գերիներին՝ առանց անհատապես նայելու, թե ինչ հանգամանքներում էին գերի ընկել։ Իսկ հիմա ամբողջապես տանում են գերիների ոչ հերոսացման գործընթացը։ Սրանով իրենք փաստում են ադրբեջանական շահը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նկատի ունենալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ՀՀ իշխանության հայտարարությունները՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
«Չեն մտածում, թե ինչ տեղի կունենա նրանից հետո, երբ Ադրբեջանը տեսնում է, որ այստեղ վերադարձած գերիներին կալանավորում են։ Սա բերելու է մի վատ բանի։ Շատ շուտով մեր տղաներն Ադրբեջանում կարող են հրաժարվել ՀՀ վերադառնալուց։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ միջազգային գործընթացներում ենք հայտնվելու, եթե մեր տղաները չցանկանան ՀՀ վերադառնալ եւ հայտնվեն երրորդ երկրներում։ Սա լրջագույն խնդիր է։ Ամեն երկիր պարտավոր է իր քաղաքացիների անվտանգությունն ապահովել, վերադարձնել գերիներին։ Մինչդեռ այն, ինչ մեզանում կատարվում է, աբսուրդ է հիշեցնում»,-նշեց պատգամավորը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ