«Իշխանությունները 4 տարի է եկել ու ինչ-որ բարեփոխումների մասին են խոսում, ընդ որում՝ տարբեր ոլորտներում, օրինակ, ոստիկանությունում, որտեղ բարեփոխման ոչ մի նշույլ չկա: Բանակում եւս բարեփոխման որեւէ տրամադրություն չի նկատվում: Բանակը ոնց եղել է, այդպես մնացել է՝ չհաշված այն, թե պատերազմից հետո ինչ ծանր վիճակում է հայտնվել»,- «Մեդիա» կենտրոնում «Ոչ կանոնադրային հարաբերություններ բանակում. ովքե՞ր են պատասխանատու զինծառայողների կյանքի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Անցյալ տարի խաղաղ պայմաններում 100 զինծառայողի մահվան դեպք է եղել, որից 18-ը ինքնասպանություն է որակվել: Նման թիվ՝ 100 մահվան դեպք, չի եղել նախկին ոչ մի իշխանության օրոք: Օրինակ, 90-ականների պատերազմից հետո եղած ժամանակահատվածում կարող ենք հիշել այդպիսի դեպքեր, բայց 1999-ին Վազգեն Սարգսյանի հրամանով, շատ կատեգորիկ դրվեց հարցը, ու կիսվեց այդ թիվը:
Դրանից հետո որեւէ իշխանություն որեւէ բան չի փոխել բանակի ներսում՝ կրիմինալ մթնոլորտը, անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար: Պարզ է, որ բանակը համակարգային փոփոխության կարիք ունի, բայց չկան դրա միտումները: Ընդամենը սնունդը փոխեցին ու կարծեցին, որ այնքա՜ն մեծ բան են արել: Բայց մարդիկ պետք է ողջ մնան, որ օգտվեն ձեր տրամադրած սննդից: Ի դեպ, քննչական մարմինները նույն եռանդով ու մոլուցքով կոծկում են գործերը, ինչպես նախկինում»,-ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով, անընդհատ նախարարներ են փոխվում, սակայն որեւէ մեկը չի մտահոգվում մթնոլորտը փոխելու համար. «Կոռուպցիոն համագործակցությունը, որ ունեն բանակը, զորամասերի հրամանատարներն ու քննչական մարմինները, չի վերանում: Այժմ էլ պաշտպանության նախարար է նշանակվել վարչապետի ամենանվիրական ու սիրելի մարդկանցից մեկը՝ Սուրեն Պապիկյանը: Նա նոյեմբերի 15-ից է նշանակվել, ի դեպ 14-ին էլ մահվան դեպք կար, դրանից հետո եւս 4 մահվան դեպք է գրանցվել, մի զինվորը վիրավորվել էր ու գտնվում է կայուն ծանր վիճակում, եւ Ճամբարակի արտառոց դեպքը պայմանագրային զինծառայողի հետ կապված, որը նախ որակել էին զենքի հետ կանոնների խախտում, հետո փոխեցին ու դարձրին ինքնասպանություն:
Կարդացեք նաև
Որեւէ անգամ վարչապետը այս 4 տարվա ընթացքում չի խոսել այս դեպքերի մասին: Ես ընդգծում եմ վարչապետի անունը նրա համար, որ ԱԺ-ում կանգնած՝ նա ցուցմունք էր տալիս գերիների դեմ, որ նրանք պետք է դատվեն, եւ հետեւողական եղավ, որ գերիներին կալանավորեն … Թող մի անգամ էլ այս դեպքերի մասին խոսի վարչապետը… Սուրեն Պապիկյանը եւս ոչինչ չի ասել: Այսինքն նորմա՞լ է արդեն, որ զինվորները պիտի զոհվեն, երեւի քիչ են զոհվել պատերազմում…»:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանն ասում է, որ դեժավյուի զգացողություն ունի. «Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով խոսել ենք այս խնդիրների մասին, բարձրաձայնել, հստակ առաջարկություններ ենք ներկայացրել տարբեր իշխանությունների ժամանակ: Դեռեւս 2006-ից այս ամսին խոսվում է: Խնդիրը համակարգային է, բոլորս ճանաչում ենք այս փաստը: Խնդրիրը նաեւ այն է, որ պաշտպանության նախարարությունը, պաշտոնյաները, պետական կառավարման մարմինները, որոնց հետ խոսում ենք՝ այս ընկալումը չունեն: Մինչդեռ բանակի պարագայում ցանկացած դեպքում պատասխանատվությունը պետությանն է, անգամ այն դեպքում, երբ թշնամու կրակից է զոհվում զինծառայողը, որովհետեւ նա կարող է զոհվել, եթե օրինակ կամ ինժեներական կառույցը ճիշտ կառուցված չի եղել, կամ զինվորի հրամանատարը չի հետեւել, որ զինվորը ենթարկվի կանոնադրությանը…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»