Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանն ապօրինի, լարվածություն ստեղծող, պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու հրահանգներ տվող անձ է. Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 13,2021 11:48

«Զարմանալի է, որ արձագանքները ցավոտ են։ Հիշեցնեմ, որ օգոստոսի երկուսին, երբ ԱԺ նախագահի ընտրություններ էին տեղի ունենում, մենք Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածություններն էինք առաջադրել։ Ասացինք՝ այն, ինչ ԱԺ-ում կատարվում է մեր երկու գործընկերների բացակայությամբ, ապօրինի է եւ չի համապատասխանում ոչ միայն սահմանադրական կարգավորումների, այլեւ ժողովրդավարության արժեքներին»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ներկայացնելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցով նախագծի շրջանառման հիմնավորումները՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց․ «Մենք ՍԴ էինք ներկայացրել դիմում, որպեսզի հարցը քննության առնվի։ Դեկտեմբերի յոթի ՍԴ որոշմամբ արձանագրվել է, որ մեր երեք գործընկերները, այդ թվում՝ Արմեն Չարչյանը, ապօրինաբար են հայտնվել կալանավայրերում, այսինքն՝ նրանց ազատությունը սահմանափակված է եղել, հետեւաբար՝ նրանք չէին կարող զրկված լինել պատգամավորի իրենց գործառույթներն իրականացնելուց։ Բացի այդ, ընթացքը ցույց տվեց՝ գործ ունենք ԱԺ նախագահի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է մեր արտաքին քաղաքականության համար ռիսկային հայտարարություններ։ Նա գերիների, անհետ կորածների մասին անում է  հայտարարություններ, ընդ որում՝ պետության պարտականությունն է այդ մարդկանց վերադարձնելը։ Նման հայտարարությունները ոչ միայն հոգեկան տառապանք են պատճառում, այլեւ թուլացնում են պետության պաշտպանունակությունը։ Չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում իշխանության կողմից։ Երկրի երկրորդ պաշտոնյայի կողմից նման արտահայտություններ անելը թուլացնում է մեր պետականությունը»։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս ընթացքում նաեւ ակնհայտ էր, թե Ալեն Սիմոնյանն ապօրինի, լարվածություն ստեղծող, պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու հրահանգներ տվող անձ է․ «ՊՊԾ-ն պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու գործիք է դարձել։ Այդ անձը նաեւ չի կարեւորում ԱԺ-ում կարգուկանոնը, քաղաքական ճիշտ մշակույթը, ներկայացուցչական ժողովրդավարությունը, չի փայլում պատգամավորական վարքի կանոններով։ Սրանք են մեր հիմնավորումները»։

Պատասխանելով հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցվե՞լ է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նախագիծը, Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց․ «Եթե քաղաքական մեծամասնությունն իրենք են, պարզ է, որ մեր առաջարկն իրավաքաղաքական գնահատականի բնույթ է կրում։ Սրանով մեր խմբակցությունը եւ «Հայաստան» դաշինքի վերաբերմունք են ցուցաբերում ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հանդեպ։ Նա, մեր պատկերացմամբ, չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները։ Ամեն կարեւոր հարց քննարկման առարկա է դառնում դաշինքում։ Բնականաբար, մեր երեք թիմերում քննարկումներ արվում են՝ ինչպես առանձին, այնպես էլ համատեղ։ Ի դեպ, այդ թվում երկրորդ նախագահի մասնակցությամբ քննարկումներում ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներն են առկա։ Իսկ մեր թեկնածուին ընտրենք մեր միջից՝ ընդդիմադիր խմբակցություններից։ Առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը եւս հայտարարությամբ հանդես կգա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031