Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Ղարաբաղյան խնդրի ներկա փուլի և ինքնորոշման իրավունքի հետապնդման մասին․
«Մադրիդյան և հետագայում Կազանյան փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը մեր նորանկախ պետության երեսուն տարիների թերևս կարևորագույն ձեռքբերումներից է։ Այնտեղ սևը սպիտակի վրա հենց առաջին կետով գրված է հետևյալը․ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում […]: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տրվել կարգավիճակի յուրաքանչյուր հնարավորություն»:
44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը։
Անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաև այսօր։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության վերոնշյալ դրույթը մեզ դեռ շատ է պետք գալու։
Կարդացեք նաև
Այդ ձևակերպումը, որ առաջին անգամ տեղ է գտել Մադրիդյան փաստաթղթում, չափազանց մեծ դժվարությամբ է ձեռք բերվել, դիվանագիտական բազմաթիվ հնարքներ են օգտագործվել և միջնորդ երկրների կողմից լուրջ ջանքեր են պահանջվել դրա համար։ Այս դրույթի իսկական արժեքը դրա՝ միջնորդ երկրների և առհասարակ միջազգային հանրության ընկալումն է։ Հենց դա է, որ հայկական կողմը պետք է օգտագործի իր միջազգային դիվանագիտության մեջ, այլ ոչ թե ներքին խնդիրների շահարկման նպատակներով գնա դրա արժեզրկմանը։
Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս խորհրդարանում արած հայտարարությունները, թե «2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն չուներ» և որ «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, և Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները» մտահոգիչ են, որովհետև փակում են ինքնորոշման ամրագրված դրույթից օգտվելու հնարավորությունը։ Առավել մտահոգիչ է, եթե դա նախանշան է գալիք հնարավոր արդարացումների, որ կարող են հետևել Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթղթի ստորագրմանը։
Նախ ասեմ, որ նման փաստաթղթի ստորագրումը որևէ արդարացում չի կարող ունենալ։ Անկախ նրանից՝ բանակցային փաստաթղթերը տեսականորեն երբ և ինչպես հնարավորություն կտային Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու արդարացում լինել չեն կարող։ Ավելին՝ նման իրավունքով անհատ պարզապես չի կարող գոյություն ունենալ, որովհետև դա անհատի որոշելու հարց չէ։
Մադրիդյան փաստաթղթում ամրագրված դրույթը թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար, և ցանկության ու կարողության դեպքում հայկական կողմն այսօր ունի դա լավագույնս օգտագործելու հնարավորությունը։
Բայց մինչ այդ «3+3»-ի մասին։ Տարածաշրջանային այս ձևաչափը առաջին անգամ առաջարկել է Հայաստանը 2000-ականների սկզբին։ Դա հաղթող կողմի առաջարկություն է։ Այդ օրերին դրանով մենք նպատակ ունեինք օրինականացնել ստատուս քվոն։ Ադրբեջանն ու Թուրքիան մերժեցին այն։ Այսօր այս նույն ձևաչափն առաջարկում են այդ երկուսը՝ հետապնդելով ճիշտ նույն նպատակը՝ օրինականացնել ներկայիս ստատուս քվոն։ Լավ կլիներ, որ Հայաստանը, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը ժամանակին, մերժեր որևէ մասնակցություն։ Սակայն եթե հայկական կողմը որոշել է մասնակցել, ապա առնվազն պետք է ունենա իր ուրույն օրակարգը։ Մինչդեռ, կասկածից վեր է, որ այդտեղ օրակարգը թելադրելու են Թուրքիան և Ադրբեջանը։ Մյուս երկրները բնականաբար կբերեն իրենց օրակարգերը։
Այս ձևաչափում Հայաստանն այս փուլում սեղանին պետք է դնի երեք հարց՝
ա) ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից,
բ) գերիների ամբողջական և անվերապահ վերադարձ,
գ) հաղորդակցության ուղիների վերաբացում առանց նախապայմանների։ Բայց սա ամենը չէ։ Այստեղ կա Լեռնային Ղարաբաղի նրբին հարցը։
Մի կողմից պետք է բացառել խնդրի կարգավորումը այդ «3+3» ձևաչափի օրակարգի մաս դարձնելը։ Մյուս կողմից, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի մասին չխոսելը ջուր կլցնի Ադրբեջանի ջրաղացին առ այն, թե տարածաշրջանում նման խնդիր այլևս գոյություն չունի։ Այստեղ հնարավոր է գտնել ճիշտ մոտեցումը։
Իսկ ի՞նչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղի ճակատում և ինչպե՞ս կարելի է օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության այդ դրույթը։
Նախարար եղած ժամանակ բանակցային իմ ոճի դրսևորումներից մեկը եղել է «ոչինչ չեմ բացառում, կարող ենք խոսել այդ մասին» մոտեցումը, երբ նույնիսկ սեղանին հակառակորդի կամ միջնորդների կողմից դրվել է հարցի հանգուցալուծման մեզ համար անընդունելի տարբերակ, երբ գտել եմ, որ հնարավոր է դրանից վերջում ստանալ ցանկալի ելք։ Ինքներս սեղանին հաճախ դրել ենք առաջարկներ՝ քաջ գիտակցելով հենց մեր կողմից դրանց հետագա մերժման անխուսափելիությունը։ Այդ կերպ հնարավոր է եղել հակառակորդին բանակցությունների մեջ ներքաշել իրենց համար նույնիսկ ամենաանընդունելի հարցերի շուրջ։ Այդ ճանապարհով է հնարավոր եղել Քի Վեսթում հասնել Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացմանը՝ Ադրբեջանի համար ընդամենը Արաքսի ափով Նախիջևանի հետ կապվելու էստակադային ճանապարհի դիմաց։ Եվ հենց այդ մեթոդաբանության շնորհիվ է հնարավոր եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքի ամրագրումը բանակցային փաստաթղթում։
Հայաստանն այսօր գտնվում է մի այնպիսի անկյունադարձային ու ճակատագրական կետում, երբ միայն համարձակ, հմուտ և ճկուն դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի բեկում մտցնել իրավիճակում։
Բայց մինչև դա անելը հայկական կողմը նախ իր համար պետք է ամրագրի երկու կարևորագույն սկզբունք․
ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր,
բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ահավասիկ, այս երկու սկզբունքներից ելնելով՝ հայկական կողմը պետք է գտնի և առաջին հերթին միջնորդների առաջ դնի ի՛ր «չեմ բացառում» տարբերակը՝ սկիզբ դնելով Մինսկի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգավորման բանակցությունների նոր փուլի։
Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել»: