ՍԴ-ն օրեր առաջ դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջության այլ վնասման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» թիվ 579 որոշման, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման եւ դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 914-Ն որոշման՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին եւ ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:
Քաղաքացիական օրենսգրքի «Վնասների հատուցումն իրավաբանական անձը դադարելու դեպքում» վերտառությամբ 1086-րդ հոդվածը սահմանում է. «1. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները: 2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար: Օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարները կապիտալացնելու այլ դեպքեր»: Վերոնշյալ դրույթն ընդունման պահից փոփոխության եւ կամ լրացման չի ենթարկվել:
Դիմողը նշում է, որ սույն գործով բարձրացված խնդրի լուծումն ապահովող դրույթը ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ ճանաչվել է ուժը կորցրած: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 579 որոշմամբ հաստատված կանոնների 16-րդ կետի համաձայն՝ կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետեւանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության մարմինը՝ պետական բյուջեի հաշվին: Արդյունքում՝ տվյալ փոփոխության հետեւանքով փոխհատուցում ստանալու երաշխիքը, դիմողի համոզմամբ, վերացվել է այն դեպքերի համար, երբ պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո:
Կարդացեք նաև
Խնդիրը դիտարկելով վնասի հատուցման իրավունքի համատեքստում՝ դիմումատուն նշում է, որ վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացման համար գործուն կառուցակարգերի բացակայության հետեւանքով խաթարվում է Սահմանադրությամբ ամրագրված այն պահանջի կատարումը, որով սոցիալական պետության հիմնական խնդիրներից է հռչակվել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը: Դիմողը նշում է նաեւ, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում է դրսեւորվում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված կազմակերպությունները լուծարվել են տարբեր ժամանակաշրջաններում: Դիմողը խնդրել էր որոշել վիճարկվող իրավակարգավորումների համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 75-րդ, 78-րդ եւ 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով քաղաքացիական եւ աշխատանքային օրենսդրությամբ, ինչպես նաեւ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանն առնչվող իրավական ակտերով չեն սահմանվում գործուն իրավական կառուցակարգեր՝ ուղղված կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետեւանքով կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալուն:
Գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավված Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանը, կառավարությունը:
Ըստ պատասխանողի՝ խտրականություն կամ տարբերակված մոտեցում չի կարող դիտարկվել ինչպես մինչ այդ փոփոխությունը գոյություն ունեցող, այնպես էլ դրանից հետո առաջացող իրավահարաբերությունների մասնակիցների նկատմամբ: Հետեւաբար. «Դիմողի այն դիրքորոշումը, որ օրենսդրական նախկին եւ ներկա կարգավորումները բովանդակում են տարբեր իրավական լուծումներ՝ այդպիսով հանգեցնելով խտրական մոտեցման, անընդունելի է, քանի որ նման տրամաբանության դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ զարգացող հասարակական հարաբերությունների պահանջներով պայմանավորված այս կամ այն իրավանորմի փոփոխությունն անհնար կդառնա»:
Պատասխանող կառավարության գնահատմամբ՝ պետական բյուջեի միջոցների հաշվին վնասի հատուցման իրավունքի պահպանումը միայն այն անձանց համար, որոնք այդ իրավունքն արդեն իսկ ձեռք էին բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա, չի կարող դիտարկվել Սահմանադրության 29-րդ հոդվածում նշված որեւէ հիմքի ներքո, ինչպես նաեւ իր բնույթով չի կարող դասվել Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված «անձնական» կամ «սոցիալական» բնույթի հանգամանքների շարքին:
Դիտարկելով սույն գործով վիճարկվող իրավական ակտերը վերոգրյալի համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խտրականության առկայության գնահատման համար անհրաժեշտ է փաստել նույն կարգավիճակում գտնվող անձանց նկատմամբ այնպիսի տարբերակված մոտեցման մասին, որը չունի ողջամիտ արդարացում եւ չի հետապնդում իրավաչափ նպատակ, միեւնույն ժամանակ, այդ մոտեցման արդյունքում տեղի է ունենում անձի իրավունքների սահմանափակում կամ զրկում, կամ որեւէ մեկին տրվում է առավելություն մյուսի նկատմամբ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից խտրականության արգելքի սկզբունքին անհամապատասխանությունը դիտարկվում է գլխավորապես այն համատեքստում, որ ՀՀ կառավարության թիվ 579 որոշման մեջ 2004 թվականի հուլիսի 22-ին կատարված փոփոխությունից հետո, ի տարբերություն մինչ այդ գործող իրավակարգավորումների, աշխատավայրում դժբախտ պատահարների արդյունքում տուժած անձինք զրկված են պետական բյուջեից փոխհատուցում ստանալու իրավական հնարավորությունից: Այդ իսկ պատճառով խտրականության առկայության մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ մինչեւ 2004 թվականի փոփոխությունն ուժի մեջ մտնելը սոցիալական ապահովության իրավունք ձեռք բերած անձին հնարավորություն չտրվի օգտվել մինչ այդ փոփոխությունը եղած իրավական հնարավորությունից, այն է՝ կապիտալացված միջոցների անբավարարության կամ բացակայության դեպքում փոխհատուցում ստանալ պետական բյուջեի հաշվին:
ՍԴ-ն որոշեց՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջության այլ վնասման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման եւ դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 914-Ն որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները նույնպես համապատասխանում էին Սահմանադրությանը: Ըստ ՍԴ-ի՝ Աշխատանքային օրենսգրքը, որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության եղանակ, ի թիվս այլնի, նախատեսում է վնասի հատուցում ստանալու իրավունքը (38-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետ): Ընդ որում՝ օրենսգիրքն անդրադառնում է նաեւ կազմակերպության վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում վնասի հատուցման հարցին՝ նշելով, որ վնասը հատուցելու պարտավորություն ունեցող կազմակերպության վերակազմակերպման դեպքում վնասի հատուցման պարտավորությունը փոխանցվում է իրավահաջորդության կարգով` փոխանցման ակտին կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան (235-րդ հոդված), իսկ կազմակերպության լուծարման դեպքում աշխատողին պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով ենթակա է հատուցման (236-րդ հոդված): Այսինքն՝ վնասի փոխհատուցման հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, սակայն չի բացառվում, որ կարգավորվեն նաեւ այլ օրենքներով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2021