Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ազատությունը դաջվածքով պատկերեմ, այն սպիտակ գույն կունենա»

Դեկտեմբեր 13,2021 13:00

Ասում է Մարի Սահակյանը, որը մասնագիտացել է հենդպոկ ոճի դաջվածքներ անելու մեջ

Դաջվածքը տարածված է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Նախկինում դաջվածքներն արվում էին ձեռքով, այսինքն՝ դաջվածք կատարողը ասեղով ծակում էր մաշկը եւ ձեռքով ներարկում թանաքը: Մեր օրերում գերակշռում են դաջվածքի մեքենաները, բայց չնայած դաջվածքի մեքենաների ակնհայտ գերակշռությանը, աշխարհի տարբեր անկյուններում դեռ պահպանվում է «հենդպոկ» ոճը, որը պահպանվել է նաեւ Հայաստանում: Մեզ հետ զրույցում Մարի Սահակյանը սիրով պատմեց, թե ինչպես է սկսել իր գործունեությունը այս ոլորտում եւ թե ինչպե՞ս վերջինիս մոտ ծագեց Հայաստանի դաջվածքների աշխարհ ներմուծել հենդպոկը:

– Մարի, ե՞րբ ծագեց դաջվածք անելու միտքը, եւ այդ «ոլորտ» մտնելիս՝ գիտակցո՞ւմ էիր, որ այսպես կոչված՝ «հավերժ նվեր» ես տալու հաճախորդներիդ:

– Միտքը ծագեց այն ժամանակ, երբ հասկացա, որ Հայաստանի շուկան սահմանափակ է ու չեմ կարող ունենալ այն տատուները, որոնք ուզում եմ, ավելի ճիշտ՝ հենց «հենդպոկ» տատուն: Իսկ այն գիտակցումը, որ մարդկանց հավերժ մի բան եմ տալիս, արդեն դաջվածք անելուց մի քանի ամիս հետո եկավ: Հասկացա, որ ճիշտ աուրա եւ տրամադրվածություն ունենալու դեպքում միայն դրական զգացումներ կփոխանցեմ մարդկանց թեկուզ եւ հավերժ:

– Մասնագիտական դասընթացներ անցե՞լ ես, թե՞ ինքնուսուցումն է քո գործի հիմքը:

– Ինքնուսուցումը, քանի որ մինչ ինձ Հայաստանում «հենդպոկ» տեխնիկայով ոչ ոք չէր զբաղվում եւ չէր էլ կարող սովորեցնել: Տատուն ինձ համար հոբի է, երեւի թե դա է պատճառը, որ կենտրոնացել եմ սեփական փորձիս վրա, ինքնազարգացմանս վրա:

– Հնարավո՞ր է՝ դաջվածք անելու սերը մի օր հոբիից դառնա աշխատանք:

– Իհարկե, հնարավոր է, չեմ բացառում, բայց այս պահին աշխատանքս ծավալում եմ հոբիի սահմաններում, եւ չնայած այդ փաստին՝ աշխատանքիս որակը բավականին բարձր է:

– Ո՞րն է դաջվածքի քո սիրելի ոճը:

– Այս պահին նախընտրում եմ աբստրակտ ոճը, որովհետեւ չեմ սիրում արհեստականորեն տատուներին դնել սահմանափակումների մեջ կամ շատերի կողմից կարծրատիպերում տեղավորել: Աբստրակցիան կոտրում է սահմանները եւ օրենքները տատուների հետ կապված: Այդ ոճի տատուների մեջ կա ազատություն, եւ չնայած նրան, որ հակված եմ այն մտքին, որ իդեալական տատուներ եւ առհասարակ ոչինչ չկա, միեւնույն է՝ իմ նախընտրելի ոճում ինձ համար դրականը գերակշռում է:

– Խոսեցիր ազատությունից, եթե ազատությունը պատկերես դաջվածքի տեսքով, ի՞նչ գույն կունենա այն:

– Սպիտակ, քանի որ սպիտակ դաջվածքներն ինձ համար շատ անձնական են, իսկ ազատությունն ամեն մարդու ներսում պետք է լինի, եթե երեւացող է, ուրեմն հասարակության ազդեցությունը ենթագիտակցորեն կա:

– Աշխարհում գերակշռում են հենց սեւ ու սպիտակ դաջվածքները, ըստ քեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞ւ են մարդիկ սկսել ավելի քիչ տեղ հատկացնել գունավոր դաջվածքներին:

– Ի սկզբանե գերակշռել է միայն սեւ ներկը, եւ այդ սեւ ներկով աշխատելը դարձել է ստանդարտ տատուի ոլորտում: Մարդիկ էլ հիմնականում ձգտում են ստանդարտին ու «ընդունված»-ին, եւ ավելի հազվադեպ են ռիսկերի դիմում:

– Մարի, ինչո՞ւ հենց 02needles:

– Մի քիչ երկար պատմություն է: Փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել: 02 needles-ում այս պահին երկուսով ենք ես եւ մյուս Մարին: Դպրոցական տարիներին ընկերներով խումբ ունեինք, անունը 0202 էր, ու հենց այդ խումբը միավորեց մեզ, դարձնելով մոտ ընկերներ։ Մեր մոտ ընկերը, որը նույնպես մեր խմբակիցն էր, զոհվեց 44- օրյա պատերազմում։ Մեզ համար կարեւոր էր նրա հետ կապել մեր ստուդիայի անունը, քանի որ մենք կանք, որովհետեւ նա կար։ Ավելին մանրամասնել չեմ ցանկանում:

– Ասում են՝ դաջվածքը քարացած պատմություն է…

– Այնքան էլ համամիտ չեմ, մարդիկ ուղղակի սիրում են արհեստական իմաստներ տալ ամեն ինչին։ Ըստ իս`ամեն բան չէ եւ ամեն դաջվածք չէ, որ մարդու էության իմաստն ու ցավն է կրում իր մեջ:

Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
11.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031