Սկիզբը՝ այստեղ:
Լիլիթը հեռախոսով հայտնեց, որ վաղը մեզ սպասելու են Մարտունիում: Ես նախկինում Մարտունու շրջան էի մեկնում Շոշ ու Կարմիր Շուկա բնակավայրերով անցնող ճանապարհով: Սակայն ինձ խորհուրդ տվեցին նախընտրել ավելի կարճ եւ անվտանգ ճանապարհը: Ավետարանոց ու Սզնեք գյուղերը թշնամու հսկողության տակ են: Կարմիր Շուկայի համար այս վերջին պատերազմում կատաղի մարտեր էին տեղի ունեցել:
Հայտնի լեռնագնաց եւ ծրագրավորող Արտաշես Մկրտչյանը, որը կամավոր մասնակցում էր Կարմիր Շուկայի պաշտպանական մարտերին, հաստատում է, որ բնակավայրը պաշտպանել են ընդամենը 400 հոգով, որ մյուս վայրերում էլ եթե նույն կերպ կազմակերպված լինեին, ապա թշնամին անպայման կպարտվեր: Վովա Վարդանովի ղեկավարած Ողջ Մնալու Արվեստի դասընթացներում պատրաստված մարտիկների գումարտակը կարողացավ պահել Կարմիր Շուկան: Եթե իշխանությունները կարողանային ժամանակին ընկալել Վովա Վարդանովի նախաձեռնությունը, ապա ոչ միայն այդքան կորուստներ չէինք ունենա, այլեւ հաղթանակով դուրս կգայինք պատերազմից:
Այս պատերազմում ոչ պակաս հաջողություններ ունեցավ նաեւ գնդապետ Սասուն Գրիգորյանի՝ Ասկերանի գունդը, որը կարեւոր դիրքեր էր գրավել թշնամուց: Հոր՝ հայտնի լրագրող եւ դասախոս Կորյուն Խումարյանի հորդորով այս գնդին էր զինվորագրվել նաեւ Հայաստանի ռադիոընկերության տնօրեն, տաղանդավոր լրագրող Գարիկ Խումարյանը:
Կարդացեք նաև
Առանց դժվարության շրջկենտրոն հասանք, գտանք վարչակազմի շենքը: Դստերս՝ Սոնային զարմանք պատճառեց տուֆակերտ մշակույթի շենքը, արմավենիներն ու նոճիները:
Նա լուսանկարեց եւ տեղադրեց Ֆեյսբուքում:
Իսկույն հարցեր տեղացին.
-Սոչի՞եք գնացել:
Ապա Սոնան լուսանկարեց ոչ անցյալի ռմբակոծության հետքերը՝ պատերին ու դարպասներին բեկորների հարվածի հետքերը, կրկին տեղադրեց համացանցում:
Իմ հիշողության մեջ հայտնվեց լեգենդար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի կերպարը: Մեր վերջին հանդիպմանը ես դիմեցի Ավոյին.
-Ավո, պատերազմն ավարտվում է, ի՞նչ ծրագիր ունես:
-Իմ պատերազմը չի ավարտվում: Ես շարունակելու եմ իմ կռիվը, հայոց կռիվը, թե որտեղ՝ հստակ չեմ կարող ասել, -պատասխանեց Մարտունու ռազմաճակատի հրամանատարը:
Մարտունու կենտրոնում տուֆակերտ մարզահամերգային պալատն ասես Երեւանի օպերայի եւ բալետի շենքի փոքր մոդելը լիներ: Այն 1961 թ. կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի որդու՝ Գեւորգ Թամանյանի նախագծով: Նման մի շենք էլ կառուցվել է Ճարտար գյուղում: Հիշում եմ, երբ եկել էի Ճարտարի տնտեսության նախագահ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Սուրենյանի մասին ակնարկ գրելու, երկրում մեծ համբավ վայելող տնտեսության ղեկավարը պատմեց, որ Հեյդար Ալիեւը ցանկություն էր հայտնել նման մի շենք էլ Շուշիում կառուցել, սակայն ինքը հրաժարվել էր: Ակնարկը լույս էր տեսել «Սովետական գրականություն» ամսագրում: Երկու օրինակ ուղարկել էի Ճարտարի լեգենդար նախագահին, սակայն այն հասցեատիրոջը չէր հասել՝ անվանի գործչի ողբերգական մահվան պատճատով:
Սոնան լուսանկարում էր նոճիներն ու արմավենիները, նռան ու սերկեւիլի բերքով ծանրաբեռնված ծառերը, դրանք կրկին տեղադրում ֆեյսբուքյան իր էջում: Նրա ընկերները հարցնում էին՝ Սոչիո՞ւմ եք գտնվում: Հետո նկարեց դարպասներին ու շենքերի պատերին ռմբակոծման հետքերը:
Վարչակազմի շենքում մեզ դիմավորեց Մարտունու վարչակազմի կրթության եւ սպորտի բաժնի ժամանակավոր վարիչ Աննա Ավանեսյանը: Հայտնեցին, որ բավականին հադրութցիներ են ապաստան գտել Մարտունիում:
Աննան դահլիճ էր հրավիրել Մարտունու մտավորականներին: Ունկնդիրների հետաքրքրությունը ինձ ավելի ոգեւորեց: Ես համոզում էի, որ բարոյահոգեւոր ազգային արմատներին գալու նպատակով ավելի մեծ տեղ պետք է հատկացնել ազգային մշակույթին, գրականությանը, նշելով, որ մեր երկրի իսկական ռազմավարները հենց մեր պատմիչները, գրողներն են եղել, Մաշտոցի, Խորենացու, Բուզանդի, Փարպեցու, Եղիշեի, Կաղանկատվացու, Գանձակեցու, տասնյակ մյուս հայ գործիչների շնորհիվ է, որ գոյատեւել է հայությունը, նույնիսկ մոխիրներից վեր հառնել, վերստեղծել իր պետականությունը: Այսօր էլ մեր փրկիչը, մեզ ուժ ու կորով տվողը, միավորողը մշակույթը կարող է լինել: Ապա ներկայացրի իմ «Ջամասպ եւ Կավատ Սասանյան Արքայից արքաները» պատմավեպը, բացատրելով, որ Աղվանից թագավորությունը իրականում հայկական երկրորդ պետությունն էր, եւ այսօր Բաքվի պատմաբաններն ու քաղաքական վերնախավը առանց հիմքի Ադրբեջանը համարում են այդ պետության ժառանգորդը: Իմ ելույթից հետո հետաքրքիր զրույց ծավալվեց դահլիճում հավաքված մարտունեցիների հետ: Անշուշտ, հեշտ գործ չէ մարտունեցիներին նոր ոգի ներշնչել, մանավանդ վերջին պատերազմում կրած կորուստներից, զոհերից հետո:
Ես կցանկանայի գոնե մեկ շաբաթ շրջել Մարտունու գյուղերում, զրուցել մարդկանց հետ: Այդ դեպքում միայն ես կարող էի ավելի խորը ընկալել մարդկանց հոգեվիճակը: Ի վերջո, ինչո՞ւ հենց այս ճակատագրական պահին մեր վերնախավին համակեց քաղաքական խելահեղությունը: Նախ, Քարվաճառի շրջանը չպետք է հանձնվեր: Իսկ ինչո՞ւ Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններից հայ բնակչությանը միայն երեք օր տրվեց իր տուն ու տեղով, տարիներով կուտակած միջոցներով հեռանալ: Դրա համար մեկ ամիսն էլ քիչ ժամանակ էր: Ասկյարները անմիջապես հայտնվեցին այդ բնակավայրերում եւ ավտոմատի փողերի տակ դուրս քշեցին հայերին: Եվ ի՞նչ է նշանակում Բաքվի նավթոտ սուլթանի խոսքերն այն մասին, որ 2018 թ. ապրիլի 18-ի երեւանյան իրադարձություններին Բաքվի վերնախավը ամենեւին էլ կողքից չէր նայում: Ի՞նչ է, մեր պետական այրերը լեզո՞ւ չունեին պարզելու, թե ինչ է ակնարկում Հեյդարի որդին: Իսկ Հադրութն այլեւս պատմակա՞ն շրջան է դառնում: Այս հարցերին պատասխանողը ես չպետք է լինեի:
Ես իմ գրքերի օրինակները հանձնեցի շրջանային գրադարանի տնօրենին ու ճանապարհվեցինք դեպի Ստեփանակերտ: Մի անբացատրելի կարոտ թողեցի Մարտունիում: Որոշեցի մի անգամ ավելի երկար ժամանակով գալ Մարտունի, շրջել գյուղերում, զրուցել մարդկանց հետ: Նրանք անպայման շատ բան կունենան պատմելու:
Երեկոյան հանդիպեցի Մասիս Մայիլյանին: Երկու տարի առաջ ես կազմել էի մեծշենացի Միլանց տոհմածառը: Մասիսի համար անսպասել էր իրենց տոհմի մասին իմ բացահայտումները: Այդ տոհմից էին Գանձասարի Հասան Ջալալյաններին հակաթոռ Երից Մանկանց վանքի ինքնահռչակ կաթողիկոս Սարգիսը, որը հիմնել էր վանքը, նրա հետնորդներ Ներսեսը, Իսրայելը: Վերջապես, այդ տոհմից էին մեծ վիպասան ու ճանապարհորդ Րաֆֆու նկարագրած ազգային ազատագրական պայքարի լեգենդար հերոս, թուրքերի ահ ու սարսափ Ավագ վարդապետը, որին թուրքերը Դալի Մահրասա (Գիժ Տերտեր) էին ասում, իշխաններ, զորավարներ, քյոխվաներ: Մասիս Մայիլյանը երկար ժամանակ Արցախի Հանրապետության արտգործնախարարն էր: Նախահայական ընտրություններում նրա ցուցանիշները երկրորդն էին՝ Արայիկ Հարությունյանից հետո: Այժմ արտաքին գործերի գծով Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականն է: Ես նրան ներկայացրի «Շուշի» հիմնադրամի «Շուշի բերդաքաղաքի վիրտուալ թանգարան», «Արցախի երեքհազարամյա պատմությունը» ֆիլմաշարը, «Արցախի ազգագրությունը» խաղարկային-վավերագրական ֆիլմը, մշակութային ծրագրերը, առարջակելով օժանդակել դրանց իրագործման հարցում:
Շարունակելի
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2021