Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում եմ դիրքերս չկորցնել, բայց կյանքում ամեն ինչ հնարավոր է»

Դեկտեմբեր 13,2021 12:00

Ասում է երիտասարդ երգչուհի Լիլիթ Ղուշունցը

– Լիլիթ, Արցախում կայացած բազմաթիվ համերգների ժամանակ ենք լսել քո ձայնը։ Ինչպե՞ս երգարվեստի ուղին ընտրեցիր…

– Մանկուց շատ եմ սիրել երգել: Միշտ բակում համերգներ էինք կազմակերպում՝ երգում, պարում, ասմունքում: Այնպես ստացվեց, որ 12 տարեկանում ընդունվեցի Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց ու չնայած բազմաթիվ արգելքների, միեւնույն է, միշտ զգում էի, որ երաժշտությունն իմն է եւ կարծես ես էլ՝ իրենը:

– Այժմ ուսանում ես Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժնում:

– Կարծում եմ, որ երաժիշտն ու առհասարակ յուրաքանչյուր մարդ, ով սիրում է իր մասնագիտությունը, պետք է զարգանա եւ անընդհատ ինքնակրթվի: Սկզբում չէի սիրում ակադեմիական վոկալը եւ ուզում էի սովորել էստրադ֊ջազային բաժնում, որի համար, ցավոք, անվճար տեղ հատկացված չէր: Բայց շնորհիվ դասախոսիս՝ պարոն Թամազովի, այժմ շատ եմ սիրում, այսպես ասած, ոչ այդքան սիրով ընտրած բաժինս:
Ինչ խոսք, կոնսերվատորիա ընդունվելն ինձ համար տարիների երազանք է եղել եւ ինչքան խոչընդոտներ էլ որ եղել են, միեւնույն է, ես միշտ ինձ այնտեղ եմ պատկերացրել ու միշտ զգացել եմ, որ ես ամեն դեպքում այդ շենք մտնելու եմ որպես ուսանող: Հետաքրքիրն այն է, որ ես ինձ ցանկացած իրավիճակում պատկերացնում եմ այս կյանքում, ինչպես որպես շատ հայտնի աստղ, այնպես էլ օրինակ՝ վոկալի ուսուցչուհի: Այսինքն՝ կարելի է ասել, որ պատրաստ եմ կյանքի բոլոր «անակնկալներին» հարմարվել: Փորձում եմ դիրքերս չկորցնել, բայց ինչ արած, կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է:

– Եթե գաղտնիք չէ, սովորելուն զուգահեռ ինչո՞վ ես զբաղվում։

– Սովորելուն զուգահեռ նկարահանվում եմ ֆիլմերում: Ասեմ, որ շա՜տ պատահական եղավ ամեն ինչ ու չնայած դեռ չունեմ հիմնական գլխավոր դեր, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ:

– Իսկ մեկը մյուսին չի՞ խանգարում։

– Ինչ-ինչ հարցերում խանգարում է, բայց փորձում եմ հասցնել, որովհետեւ երկուսն էլ սիրում եմ:

– Այն երաժշտությունը, որն այսօր մատուցում ես դու, հոգեհարազա՞տ է քեզ…

– Երաժշտությունն իմ կյանքի անբաժան մասն է: Գիտե՞ք, ամենալավ հանգստացնող, սթրեսից հանող, ինչու չէ՝ նաեւ սթրեսի հասցնող, մոտիվացնող «բաղադրիչ» է երաժշտությունը: Բառերով անհնար է եւ այդքան էլ գեղեցիկ չէ ներկայացնել երաժշտությունը, իրեն պետք է միայն ու միայն զգալ եւ խորանալ նրա մեջ:

Այն, ինչը ես այսօր մատուցում եմ, խայտառակ հոգեհարազատ է ինձ… Այսինքն՝ ես չեմ երգում երգեր, որոնք ինձ հարազատ չեն կամ էլ ոչինչ չեմ զգում դրանք երգելիս: Երաժշտությունը նախ առաջին հերթին զգացմունք է, որը չես կարող զգալ ուրիշ ոչ մի տեղ: Ու եթե ինչ-որ երգ, այսպես ասած, չի բավարարում այդ զգացմունքները, ես այն չեմ լսում ու չեմ երգում, որքան էլ լինի ժամանակակից կամ հայտնի հիթ:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031