Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավականին կոպիտ գնահատականներ են տրված Գրեկոյի կողմից»

Դեկտեմբեր 13,2021 14:30

Ըստ Սյուզաննա Սողոմոնյանի՝ դա ազդում է միջազգային ասպարեզում ՀՀ-ի հեղինակության, գնահատականների վրա, եւ ածանցյալ միջոցներ եւս կարող են դրա ուղղությամբ իրականացվել եւ ձեռնարկվել:

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: ԳՐԵԿՈ-ի հրապարակած նոր՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը «խորհրդարանի անդամների, դատավորների եւ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման» եւ մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի 2016 թ. գնահատման զեկույցում տեղ գտած 18 հանձնարարականների կատարման հարցում: Ըստ եզրակացության՝ չորրորդ փուլի զեկույցի 18 հանձնարարականներից ընդամենը 7-ի կատարումն է ՀՀ-ի կողմից ԳՐԵԿՈ-ն գոհացուցիչ համարում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն «Առավոտ»-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ բավականին կոպիտ գնահատականներ են տրված Գրեկոյի կողմից: Դրանցից մեկն էլ վերաբերում է ԱԺ պատգամավորների էթիկայի վարքականոնի ընդունմանը: Նա մասնավորապես նշեց. «ԳՐԵԿՈ-ն կարծիք է հայտնել առ այն, որ իրականում այս միջոցառումը երկար ժամանակում իրականացվող միջոցառում չէ: Իրենց համար սա խնդրահարույց է: Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանն առհասարակ քաղաքական կամք ունի՞ ընդունել դա, քանի որ դրանք կարճ ժամանակում լուծվող հարցեր են, եւ զարմանալի է, թե ինչու այսքան երկար ժամանակ այդ հարցերը չեն լուծվել: Բավականին կոպիտ էր գնահատականը»:

Սյուզաննա Սողոմոնյանը նաեւ փաստեց՝ պատգամավորների էթիկայի վարքագծի կանոնների ընդունումը նաեւ հակակոռուպցիոն ռազմավարությամբ էր նախատեսված: Նա հայտնեց՝ ԱԺ-ից նշում են, որ նախագծեր կան, բայց նաեւ ասաց, որ դրանց համենայն դեպս իրենք ծանոթ չեն ու հավելեց. «ԱԺ-ին ներկայացրել ենք ռազմավարություն եւ խնդրել տալ իրենց կարծիքն այն կետերի վերաբերյալ, որը վերաբերում է ԱԺ-ին, ցավոք, որեւէ արձագանք ԱԺ-ից չենք ստացել: Բավականին փակ է այդ կառույցն աշխատում հանրային սեկտորի հետ: Կարելի է ասել ընտրողաբար է վերաբերվում այն ՀԿ-ներին, որոնք աշխատում են ԱԺ-ի հետ: Ուղարկում ենք փաստաթղթեր եւ հրավերներ, բայց դրանց վերաբերյալ չի լինում արձագանք ու վերլուծություն: Անգամ որեւէ հանրային քննարկման ժամանակ հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները չեն հրավիրվում: Երբ նայում ենք կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը, տեսնում ենք, թե ինչ սահմանված թվով եւ քաղաքական իշխանության հետ փոխկապացված հանրային սեկտորի կազմակերպություններ են, որ մասնակցում են այս կամ այն քննարկմանը»:

Փորձագետից հետաքրքրվեցինք՝ այսպիսի բացթողումը եւ ԳՐԵԿՈ-ի նման արձագանքն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա: Սյուզաննա Սողոմոնյանը պարզաբանեց. «Ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարումն է երկրի օրենսդիր մարմնի կողմից: Դա ազդում է միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության, գնահատականների վրա, եւ ածանցյալ միջոցներ եւս կարող են դրա ուղղությամբ իրականացվել եւ ձեռնարկվել: Մենք վավերացնում ենք կոնվենցիաներ, մեծ շուքով նշում, որ միացել ենք այս կամ այն կոնվենցիային, որը սահմանում է այս կամ այն ընթացակարգեր, իրավունքների պաշտպանություն, լավ կառավարում, հանրային կառավարման բարելավում, բայց գործուն մեխանիզմներ չենք ներդնում: Ստացվում է, որ մի բացասական գնահատական էլ այդ կոնվենցիաների կատարողականի վերաբերյալ կստանա այլ մարմնի կողմից: Ստացվում է՝ դու ստանձնում ես մի պարտավորություն, բայց չես կատարում, ինչքանով է դա լուրջ միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում»:

Սյուզաննա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ հանձնառությունների չկատարման փորձ ունեցե՞լ ենք, նա ասաց. «Կարող է չենք ունեցել քաղաքական կամք, որ այս կամ այն գործողությունն անենք ու այդ մասին մենք տեղեկացրել ենք իրավասու մարմիններին: Իրենք գիտեն, որ այս մասով պետք չէ, օրինակ, մեզնից ակնկալիք ունենալ: Մինչեւ 2017-ը դա վերաբերում էր ապօրինի հարստացմանը: Շատ դեպքերում միջազգային հարթակներում պետությունն ասում էր, որ ունի վերաբերմունք եւ չի նախատեսում հանցակազմի ներդրումը Հայաստանում, բայց իրավիճակ փոխվեց եւ որոշ ժամանակ հետո կարծիքը փոխվեց, եւ նորմն ընդունվեց: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, երբ կարդում եմ ԳՐԵԿՈ-ի այս զեկույցը, որ նկատի ունեն, որ իրենց կողմից տրված է հանձնարարություն, ստանձնել եք պարտավորություն, խոսք էիք տվել, որ պետք է մշակվի եւ ներդրվի, բայց երկար ժամանակ որեւէ առաջընթաց այդ մասով չի արվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031