Անցկացվեց 18-րդ «Կին» միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում ֆիլմերի ցուցադրություններ իրականացվեցին նաև Դիլիջանում, Սևանում և Գյումրիում:
Փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև տարբեր ազգերի մշակույթների փոխըմբռնմանը:
Փառատոնի ընթացքում օնլայն և օֆլայն հարթակների միջոցով ցուցադրվեցին 51 ֆիլմ 19 երկրից, այդ թվում նաև Բեռլինի կինոփառատոնում և Կաննի կինոփառատոնում ներկայացված ֆիլմեր։
Մարիամ Օհանյանը նշեց, որ այս տարի մարզերում անցկացված ցուցադրություններին հիմնականում ընտրվել են տեղացի կինոռեժիսորների ֆիլմերը, իսկ ցուցադրությունից հետո ներկաները հնարավորություն են ունեցել նաև զրուցել ֆիլմերի հեղինակների հետ․
«Դիլիջանի ցուցադրությանը հատկապես մեծամասնություն էին երիտասարդները և դպրոցականները, սակայն ցուցադրությունը շատ ակտիվ անցավ, քանի որ երեխաները շատ ակտիվ էին և բազմաթիվ հարցեր ուղղեցին: Մարզերում ցուցադրությունը նաև նպատակ ուներ նաև հանդիսատեսին ծանոթացնել հա ռեժիսորներին հետ, ինչպես նաև հնարավորություն ունենային քննարկել ֆիլմերն ու հարց ու պատասխանի միջոցով շփում լիներ հանդիսատեսի և ռեժիսորների միջև»:
Օհանյանը նաև անդրադարձավ արդեն 2-րդ տարին կորոնավիրուսային համաճարակի պայմաններում փառատոնն անցկացնելուն և նշեց, որ չնայած անցած տարի փառատոնը եղավ օնլայն հարթակում, այս տարի հաջողվեց օնլայն և օֆլայն հարթակների համատեղմամբ անցկացնել փառատոնը․ «Անցած տարի առաջին անգամ անցկացրեցին օնլայն տարբերակով, իսկ այս տարի համատեղեցինք օնլայն և օֆլայն հարթակները, կարելի է ասել ինչ-որ չափով մենք սովորեցին ապրել համաճարակի պայմաններում և փառատոնի ժամանակ էլ պահպանվեցին համաճարակային անվտանգության կանոնները»:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ