Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը

Դեկտեմբեր 12,2021 13:29

75 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր
Արմեն Աշրաֆյանը։

Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.-ին։ Նա ծնվել է 1946թ. Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մինչեւ 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում: Ապա ընտրվել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահ, եղել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, արդարադատության նախարար: 1999-ից ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետն էր, ՀՀ դատախազության կոլեգիայի եւ գիտամեթոդական խորհրդի անդամ:

Գրել է «Դատական իշխանությունը իշխանությունների տարանջատման համակարգում» եւ «Դատարաններում քրեական գործերով իշխանության հիմնական գործառույթ» գիտապրակտիկ գրքերը, տասնյակ հոդվածներ, աշխատություններ:

Ա. Աշրաֆյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով:
Նրա մտերիմները, գրական աշխարհի ընկերները գիտեին, որ նա գրում է բանաստեղծություններ, մի քանի բանաստեղծական ժողովածուների հեղինակ է: «Ափսոսանք, թե՞ զղջում», եւ՝ «Երբ սիրտն է խոսում» գրքերը նրա վերջին բանաստեղծապատումներն էին մարդու, սիրո, հայրենիքի մասին…

«Այս մեծ աշխարհում», «Ասա, ինձ, ընկեր», «Շողերը ձմռան արեւի նման», «Չգիտեմ ինչու», «Սավառնում եմ օդանավով», «Ասում են մուսան»…մտերիմ անուններ ունեցող բանաստեղծություններում շատ ավելի հարցադրումներ են. խոհեր, մտածումներ:

Տարօրինակ է այս մարդն իր կյանքում
Ներկա օրերի հոգսով չի ապրում,
Ամռանը ձմռան ցուրտն է նա հեգնում,
Ձմռանը ամռան շոգն է երազում:

Հայրենիքին նվիրված իր մի բանաստեղծության մեջ նա շատերի սրտի «նուրբ լարերին» է խփում, գրելով.
Հայրենիքից մի նեղացեք,
Մորից միայն չեն պահանջում,
Գորովանքով նրան փարվեք,
Չորբանաք օտար գրկում:

Բանաստեղծական որոնումների մեջ Աշրաֆյանը խորհում է մահվան, վախերի մասին, «երկրորդ ելքի», այն է՝ հույսի մասին:

Դա վերջը չէ, չեմ հավատում:
Համոզված եմ, որ այդ կյանքում
Երկրորդ ելքն է նաեւ լինում,
Որը, ավաղ, չի որոնվում
Ու անհայտ է այդպես մնում:

Նա խոսում էր ներումի, զղջման մասին, բարությունը շռայլելու մասին, մարդուն մարդ տեսնելու մասին. «Բայց վսեմ է շատ առավել, Նա ով նաեւ գիտի ներել, Ով իր հոգու մաղձն է վանում, Ու հաշտության ձեռք է մեկնում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031