Ինստագրամյան ամենահայտնի հայկական ուսուցողական էջերից է «inchu_chimanal» էջը, որն ունի մոտ 122 000 հետևորդ։ «inchu_chimanal» էջը բացելու և այն արդյունավետ օգտագործելու մասին զրուցել ենք էջի հեղինակի՝ Դանիել Վարդանյանի հետ, որը այս էջը վարելուն զուգահեռ սովորում է ծրագրավորում, կամավորություն անում և վարում դասընթացներ։
–Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք բացել այս էջը։
-2019 թվականին եմ բացել էջը։ Քանզի անիմաստ ժամանակ էի ծախսում ինստագրամում ու ֆեյսբուքում՝ թերթելով նյութերը, միտք առաջացավ ժամանակը ավելի օպտիմալ ծախսել:
-Ինչու՞ հենց փաստեր որոշեցիք գցել։
-Ի սկզբանե մտածել էի, որ ուսուցողական կոնտենտ լինի։ Հիմա էջում կա «Իսկ դու համաձա՞յն ես…» խորագիրը, որտեղ կիսվում եմ իմ մտքերով: Հասկացա, որ միայն դա անելով դժվար թե առաջընթաց ունենա էջը ու մտածեցի, որ մարդկանց կհետաքրքրի նաև ուշագրավ և ինֆորմատիվ փաստերը ու այդպես միքս արեցի:
-Ինչպե՞ս ձեզ մոտ հաջողվեց մեծ լսարան հավաքել։
-Տարօրինակ է, բայց ստացվեց ինձ մոտ։ Կարծում եմ հաջողվեց, որովհետև անմիջական եմ իմ լսարանի հետ: Եթե որևէ մեկը հարցով դիմում է ինձ, փորձում եմ նրան օգնել։
-Ինչո՞ւ էջի հրապարակումների դիզայնում առյուծի պատկերը օգտագործեցիք։
–Երևի ամենաշատը այս հարցն են տալիս: Հորոսկոպին չեմ հավատում, բայց ըստ իմ հորոսկոպի նշանի փորձեցի լոգո ստեղծել, որը և սիրվեց: Ինչ լավ է, որ հորոսկոպով խոյ չէի (ծիծաղում է)։
-Երբևէ ձեզ մոտ առաջացել է էջը ջնջելու կամ էջի ֆորմատը փոխելու միտք։
-Հավատացեք՝ ոչ։ Միշտ փորձել եմ «նորամուծություններ» անել, որպեսզի լսարանը չհոգնի: Վերջին նման քայլը, այն էր, որ ինքս սկսեցի փաստեր նկարել ու տեսանյութը տեղադրել ինստագրամի «Reels» բաժնում։
-Ձեզ ֆինանսապես շահույթ բերո՞ւմ է այս էջը։
-Մի քիչ: Բայց ի սկզբանե ունեցել եմ սկզբունքներ, որոնց չեմ դավաճանում։ Բազմաթիվ գովազդների պատվերներ եմ մերժել: Այնպես չէ, որ էջը ստեղծվել է միայն նյութական շահի համար:
-Ձեզնից շա՞տ ժամանակ է խլում էջը։
-Չէի ասի, օրական 30-40 րոպե: Երկար ժամանակ վիդեո նկարելն է տանում, մոտ 10 անգամ նկարում եմ, որ ստացվի։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում այս գործում։
-Այն, որ մարդիկ անտարբեր չեն և գնահատում են աշխատանքս։ Ամեն օր ստանում եմ մոտիվացնող նամակներ հետևորդներիցս, ինչի համար նրանց շատ շնորհակալ եմ:
Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ