Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դա ակնհայտորեն կփակի այն մարդկանց բերանները, որոնք անընդհատ խոսում են Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական լինելու մասին». «Առերեսում»

Դեկտեմբեր 11,2021 23:52

«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում միջազգային հարաբերությունների, ազգային անվտանգության և հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ներկայացնող իրավաբանական թիմի անդամ Լեւոն Գեւորգյանը խոսում են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ին հրապարակված որոշումների մասին: Քննարկման մյուս թեման սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն է, որի վերաբերյալ փորձագետների առաջարկներից է, թե ամենահակասական հարցերը պետք է տարվեն ՄԱԿ-ի Արդարադատության դատարան:Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից:

Սոսի Թաթիկյան. ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն այս տիպի հարցերով զբաղվել է՝ մեկ օրինակ է Եթովպիայի ու Էրիթրեայի միջեւ տարածքային վեճի վերաբերյալ հայցը…

Այսպես եմ տեսնում՝ այս փուլում կարող են նվազ հակասական կամ ոչ հակասական հարցերը, եթե այդպիսիք կան (ես հույս ունեմ, որ կան) լուծվել Գենշտաբում պահվող քարտեզների հիման վրա: Սակայն կարծում եմ, որ նման հարցերը կլինեն փոքրամասնություն: Հաջորդ փուլը ԵԱՀԿ-ն է, որի շրջանակներում կարող է ձեւավորվել որեւէ հանձնաժողով կամ աշխատանքային խումբ… Այստեղ ԵԱՀԿ-ի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ 157 էջանոց շատ համապարփակ ձեռնարկի հիման վրա, ԵԱՀԿ-ի կազմակերպչական հովանոցի ներքո, կարող են առավել հակասական հարցերը բանակցվել: Քարտեզները միայն մի տարրն են՝ այնտեղ միջազգային իրավունքը նույնպես շատ մեծ դեր է խաղալու:

Լեւոն Գեւորգյան. Հայաստանի Հանրապետությունը կարող էր այս փուլում անել մի քաղաքական քայլ. եւ ամենաբարձր մակարդակով անել հայտարարություն, որ պատրաստակամություն ունի Ադրբեջանի հետ իր ունեցած տարածքային վեճերն ու սահմանային խնդիրները ներկայացնել լուծման միջազգային որեւէ արբիտրաժային ատյան կամ նույն ՄԱԿ-ի միջազգային դատարան: Հետեւանքները կարող են երկուսը լինել: Տարբերակ առաջին՝ ադրբեջանական կողմը մերժում է, եւ հայկական կողմը, բնականաբար, ստանում է ակնհայտորեն քաղաքական դիվիդենտներ առ այն, որ միջազգային հանրության հայացքում արդեն իսկ ընկալելի է դառնում, որ մի կողմը բաց է, պատրաստակամ է, եւ ավելի ինքնավստահ է իր շահերի պաշտպանության տեսանկյունից, քան մյուս կողմը: Եվ դա ակնհայտորեն կփակի այն մարդկանց բերանները, որոնք անընդհատ խոսում են Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական լինելու մասին, որովհետեւ ցույց կտա, որ այդ պնդումներին զուգահեռ՝ մարդիկ հրաժարվում են գործը տանել միջազգային դատական ատյան: Տարբերակ երկրորդ՝ Ադրբեջանը համաձայնում է: Սա ամենաքիչ հավանական տարբերակն է, բնականաբար, սակայն նաեւ մեզ համար լավագույն տարբերակն է: Այսինքն՝ այս հայտարարությունն ամեն դեպքում «հաղթող-հաղթող» տարբերակ է:

Սոսի Թաթիկյան. Կարծում եմ, որ հայկական կողմը Մինսկի խմբի, Ռուսաստանի, ամբողջ միջազգային հանրության հետ պետք է աշխատի, որ քաղաքական ճնշում լինի Ադրբեջանի վրա, որպեսզի հենց սկզբից ամրագրվի՝ Արցախի հակամարտության լուծումն այս գործընթացից դուրս է: Այն պետք է ընթանա զուգահեռ՝ Մինսկի խմբի ձեւաչափով:

Լեւոն Գեւորգյան. Միջազգային իրավունքն այս տեսանկյունից շատ հստակ է՝ ուժի, ուժի սպառնալիքի ազդեցության ներքո ստորագրվող փաստաթղթերն անվավեր են: Ուժի, ուժի սպառնալիքի ազդեցության ներքո ձեռքբերված տարածքային վերահսկողությունը նույնպես չի կարող լինել տարածքային տիտղոսի հիմք: Եվ այստեղ իրականում լուրջ հեռանկարային եւ ռազմավարական խնդիրներ են առաջանում Հայաստանի Հանրապետության համար… Եթե այս գործընթացը վերջին հաշվով լինի ոչ բարենպաստ Հայաստանի Հանրապետության համար՝ երկարաժամկետ կտրվածքում ստեղծում է հեռանկար այս գործընթացը վերանայելու, կրկին բարձրաձայնելու եւ միջազգային քննարկման առարկա դարձնելու համար:

…Ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ հստակ դիրքորոշում ցուցաբերի նաեւ այն հարցի շուրջ, որ խորհրդային սահմանների պարտադիրությունը որեւիցե կերպ միջազգային իրավունքից չի բխում եւ պարզապես պարտադրված քաղաքական պատում է, որից լավ կլինի՝ ՀՀ-ն օր առաջ հրաժարվի նաեւ պաշտոնական հայտարարությունների եւ խոսքի մակարդակում:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031