Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաջարանցի հաղթանակած տղերքը՝ անուն առ անուն (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2021 21:08

Ժորժ Գեւորգյան, Արտաշես Մարտիրոսյան, Կարեն Հարությունյան, Վահե Միրզոյան, Սասուն Պետրոսյան, Արմեն Առաքելյան, Ռազմիկ Գրիգորյան, Գուրգեն Ալավերդյան, Ալեն Նավասարդյան, Յուրի Գեւորգով, Գարիկ Պապյան, Վարդան Մովսիսյան, Մարատ Խաչատրյան, Ռուդիկ Հարությունյան, Արշակ Փարամազյան, Դավիթ Ղուկասյան, Կարեն Ղարիբյան, Վրույր Անտոնյան, Արամ Պապյան, Արթուր Գրիգորյան, Նորայր Սարգսյան. 44-օրյա պատերազմի քաջարանցի զոհված 21 հերոսներն են՝ անուն առ անուն։

Օրերս Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հաղթանակած տղերքը..․ անուն առ անուն» հուշամատյանի շնորհանդեսը։

Նախաձեռնության համահեղինակները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուներն են՝  Սոս Դավթյանը, Լիլիթ Իսրայելյանն ու  Հայկ Թադեւոսյանը։

Սոս Դավթյան

Սոս Դավթյանի խոսքով՝ նահատակված տղաների մասին  առաջին հրապարակումը եղավ 2020 թ. նոյեմբերին։ «Բարի հսկան» վերնագրով հրապարակումը պատմում էր  Նորայր Սարգսյանի մասին, ու դրանով էլ հիմք դրվեց հուշամատյանի ստեղծմանը։ Հեշտ չէր աշխատանքը՝ անկեղծանում է Սոս Դավթյանը։

«Կային նաեւ հոգեբանական դժվարություններ. հարազատների վիշտը թարմ էր, հաճախ զրույցներն ընթանում էին հուզական մթնոլորտում: Հանդիպումներ եղան նաեւ հրամանատարների, մարտական ընկերների հետ, հարկ եղավ անգամ լինել մարտական դիրքերում եւ զորամասերում, ինչի շնորհիվ ծնվեցին հավաստի պատմություններ»,-ասում է Սոս Դավթյանը։ Համահեղինակների խոսքով՝ այս հուշամատյանը լոկ կենսապատում չէ, ընթերցողը արծիվ տղաներին  կընկալի  մեկ այլ տեսանկյունից՝ « ինչպիսին  չենք ճանաչել  նրանց՝  անգամ  կողք կողքի ապրելով»։

Վերնագիրն էլ պատահական չէ  ընտրված․  հայրենիքի փրկության  համար հերոսացած  տղաները իրոք հաղթել են, իրենց  կյանքը զոհաբերել  հանուն գալիք  խաղաղ լուսաբացների, պայծառ օրերի եւ բարեկեցիկ կյանքի։

«Հաղթանակած տղերքը… անուն առ անուն» հուշամատյանի շնորհանդեսի մասնակիցները ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ ծափերով ոգեկոչեցին նահատակվածների հիշատակը։

«Թշնամին ոչ թե հողի համար է հարձակվում մեզ վրա, այլ մեր հավատի: Եթե մենք ուրանանք մեր եկեղեցին, կուրանանք նաեւ մեր հայրենիքը: Յուրաքանչյուր նահատակված, մարտիրոսված զավակ իր երկրի սուրբն է, եւ սրբերին լաց ու կոծով չեն դիմավորում, սուրբերին աղոթքով են դիմավորում:  Երբ հուշամատյանի վերնագիրը տեսա, հոգով շատ ուրախացա, քանզի իրենց զավակներին անվանում են հաղթանակած տղերք: Ինձ համար այդ տղերքը չեն մահացել, ինձ համար մահանում են իմ երկրի, իմ եկեղեցու թշնամիները, իսկ այդ տղաներն անմահ են մեր հոգում, սրտում, մտածումներում»,-իր խոսքում նշեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Հուշամատյանի մեկական օրինակ նվիրեցին շնորհանդեսի մասնակից՝ ընկած տղաների հարազատներին։

Հուշամատյանը  տպագրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» հիմնադրամի և «Անտենոր» տպագրատան աջակցությամբ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031