Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տեսախաղերը կարող են խաթարել երեխայի անձնային զարգացումը». մանկաբույժ, հոգեբան Վարսիկ Սմոյանը՝ տեսախաղերի ազդեցության մասին

Դեկտեմբեր 11,2021 19:28

Այսօր գրեթե բոլոր ընտանիքներում, որտեղ կան երեխաներ, կան նաև համակարգիչներ, պլանշետներ, փլեյսթեյշններ։ Շատ ծնողների համար տեսախաղերը դարձել են «օգնական-փայտիկներ»-ի նման մի բան. միացնում ես և երեխան ժամերով հանգիստ նստում է, անկարգություններ չի անում և չկա տարակուսանք, որ նա դրսում խաղալիս կկորչի կամ կվնասի իրեն: Ժամերի լռությունը կարող է ճակատագրական դառնալ երեխաների համար։ Տեսախաղերի, դրանց՝ երեխաների հոգեկան առողջության վրա թողած ազդեցության, և այլ հարցերի շուրջ խոսեցինք մանկաբույժ, հոգեբան Վարսիկ Սմոյանի հետ։

-Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ տեսախաղերը երեխայի հոգեկան առողջության վրա։

-Տեսախաղերի ազդեցությունը երեխաների հոգեկան առողջության վրա չափազանց մեծ է։ Այդ խաղերը հիմնականում ագրեսիվ լաբիրինթոսներ են, որտեղ ամեն վայրկյան տարբեր անկյուններից դուրս են թռչում բազմաթիվ սարսափելի կերպարներ։ Նրանց բոլորի նպատակը խաղացողին, այսինքն՝ երեխային, «սպանելն» է։ Ինչի՞ կարող են հանգեցնել նմանատիպ տեսախաղերը։ Երեխան ակամա դառնում է թեկուզ վիրտուալ, բայց սպանության մեղսակից։ Իսկ որոշ ծնողներ զարմանում են, թե ինչու է երեխան գիշերը վեր թռչում մղձավանջային երազներից։ Տեսախաղերը կարող են խաթարել երեխայի անձնային զարգացումը, նա դադարում է իրական փոխահարբերություններ ունենալ շրջապատող աշխարհի հետ, այս ամենը նպաստում է նրան, որ երեխան դառնում է չշփվող  և մեկուսացված։

Ո՞ր տեսակի տեսախաղերն են առավել վտանգավոր։

-Նախ նշեմ, որ տեսախաղերը լինում են 7 տեսակի, որոնցից ամենավտանգավորները կրակոց-խաղերն են։ Ամենատարածված և երեխաների կողմից սիրված կրակոց խաղերի թվին է պատկանում GTA-ն, Mortal kombat-ը, PUBG-ն։ Այս խաղերի հիմնական նպատակը մեծ թվով կենդանի ուժի վերացումն է։ Խաղալով այս խաղերը՝ երեխան  այն վարքը, որը նա կիրառել էր խաղում, կարող է տեղափոխել իրական կյանք՝ դրսևորելով ագրեսիվություն և անհանդուրժողականություն։

-Որո՞նք են տեսախաղերի այն բաղադրատարրերը, որոնք ազդում են երեխայի հոգեբանության վրա։

-Ամենաազդեցիկ բաղադրատարրը խաղերի գրաֆիկական պատկերի որակն է։ Երեխան այդ պատկերները  իրականին բավական մոտ է ընկալում։ Հաջորդ բաղադրատարրը, որը երեխային մշտապես լարվածության մեջ է պահում, հնչող ձայներն ու երաժշտությունն է, որը կարող է անգամ վախեցնել նրան։ Իսկ ամենասարսափելին՝ էկրանին թաքնված տեղերից սարսափելի հերոսների հայտնվելն է, ինչը կարող է խաթարել երեխայի հոգեբանությունը։

Կա՞ն նշաններ, որոնք կօգնեն ծնողներին հասկանալ, որ տեսախաղերը վատ ազդեցություն են թողել իրենց երեխայի վրա։

-Եթե նկատում եք, որ երեխան կորցերել է հետաքրքրությունը սեփական արտաքինի հանդեպ, խուսափում է իրական շփումից, չի ուզում վեր կենալ պատուհանից տեսնել` դրսում անձրև է, թե արև, ավելի քիչ է շարժվում, ուրեմն  լուրջ անհանգստանալու կարիք կա: Երեխան դառնում է ագրեսիվ, նրան թվում է, որ կարող է ուժի միջոցով հասնել իր բոլոր ցանկություններին։ Ծնողը կարող է նաև երեխայի մոտ նկատել ցրվածություն։

-Ձեր հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ համացանցում կա Pegi-հավելված, որտեղ ծնողները, տեղադրելով տեսախաղի անվանումը, կարող են  հասկանալ՝ արդյո՞ք տվյալ տեսախաղը համապատասխանում է իրենց երեխայի տարիքին, թե ոչ։ Ըստ Ձեզ, չկա՞ն ռիսկեր, որ անգամ երեխայի տարիքին համապատասխան լինելու դեպքում էլ տեսախաղը կարող է ազդեցություն թողնել երեխայի վրա։

-Իհարկե կան։ Եթե երեխան ժամերով նստի տեսախաղի առջև և մոռանա դրանից կտրվելու մասին, կապ չունի այդ խաղը համապատասխանում է նրա տարիքին, թե ոչ, մեկ է, լուրջ ազդեցություն է թողնելու։ Այդ խաղերը կարող են ազդել երեխայի ֆիզիկական առողջության վրա։ Երկարատև խաղալը կարող է հանգեցնել գլխի ինտենսիվ ցավերի և ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով և լույսի կամ ձայնի նկատմամբ արտասովոր զգայունությամբ: Կառաջանա  միգրեն, որի  նոպաները կարող են տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Երեխաները անընդհատ, առանց թարթելու, դիտելով, թե ինչ է կատարվում էկրանին, ծանրաբեռնում են իրենց աչքերը: Աչքերի հոգնածություն, կարմրություն, «Չոր աչք»  համակարգչային տեսողական համախտանիշի այս բոլոր նշաններն այսօր նկատվում են բազմաթիվ երեխաների մոտ: Սխալ կեցվածքով երկարատև նստելը  առաջացնում է ծանրաբեռնվածություն ողնաշարի և դեռևս փխրուն մկանային համակարգի վրա, արագացնում է սկոլիոզի զարգացումը։

-Ի՞նչ պետք է անի ծնողը, որպիսզի թույլ չտա, որ իր երեխան դառնա տեսախաղերի զոհ։

-Պետք է շատ ժամանակ հատկացնել երեխային, խոսել նրա հետ։ Երբեք չպիտի դատողություններ անել և բարկանալ երեխայի վրա, այլ հստակ օրինակներով ցույց տալ, որ վիդեոխաղերի առջև ծախսված ժամերը իրենց կյանքի վատագույն ժամերն են: Անհրաժեշտ է  կազմակերպել հետաքրքիր ընտանեկան խաղեր, ջերմ մթնոլորտ ստեղծել տանը, որպիսզի երեխան մոռանա իր կախվածության մասին։ Երեխային ցույց տալ, որ կան հանգստի այլ ձևեր՝ սպորտ, գրքեր, սեղանի խաղեր, հոբբիներ:

-Կա՞ն արդյոք տեսախաղեր, որոնք կարող են դրական ազդեցություն թողնել երեխաների վրա։

-Կկոտրեմ կարծրատիպերը, բայց այո՛, կան։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, վիդեոխաղերն օգնում են դիսլեքսիայով հիվանդ մարդկանց: Կտրուկ փոխվող տեսարանները, կերպարների կարևոր երկխոսությունները ստիպում են ուղեղին կենտրոնանալ: Խաղերն ունեն ֆիզիկական ցավը մեղմելու հատկություն: Գեյմփլեյի ժամանակ երեխայի ուշադրությունը համարյա ամբողջովին կենտրոնանում է համակարգչում տեղի ունեցող գործողությունների վրա: Ժամանակակից շատ խաղերում կարևոր է արագ կողմնորոշվելու ունակությունը, և շատ հաճախ հերոսի կյանքը կախված է մեր իսկ որոշումներից, հետևաբար խաղերը զարգացնում են նաև արագ կողմնորոշվելու ունակությունը:

Քրիստինե ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031