Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ «Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնը» այսօր կազմակերպել էր կլոր սեղան՝ «Ի՞նչ է հաջորդել Սոչիին եւ ի՞նչ է նախորդում Բրյուսելին. հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով:
Շոշափվեցին տարբեր ոլորտներ. դեմարկացիա եւ դելիմիտացիա, Հաագայում ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի միջանկյալ որոշում, ռազմաքաղաքական ասպեկտ, պատմական եւ ժառանգութային հարցեր հետպատերազմական շրջանում եւ պատմաքաղաքական ասպեկտ, Ռուսաստանի շահերը տարածաշրջանում, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ եւ Արեւելյան գործընկերություն, որքանո՞վ է Հայաստանն ադեկվատ մարտահրավերներին, իրավիճակից բխող ճիշտ արտաքին եւ ճիշտ անվտանգության քաղաքականության վերանայման անհրաժեշտություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ռեստարտ եւ այլն:
Բոլոր հրավիրյալների, որոնք առավելապես արեւմտամետ կողմնորոշում ունեն, ելույթներում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, թե Հայաստանը Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական նույն դաշտում չունի ինքնիշխանության հեռանկար եւ իրական ժողովրդավարության ապագա, եւ որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ավելի գործնական պետք է լինեն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման իրենց գործողություններում:
Քննարկման ամփոփիչ հատվածում «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը եզրակացրեց. «Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը եւ փաստաթուղթը՝ հայտարարության տեքստը, այլեւս նույն ուժը եւ նույն նշանակությունը չունի, գուցե մեկ տարի առաջ, երբ նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվում կամ հայտարարություն էր ընդունվում: Եվ սա իրապես խոսում է, ցցուն օրինակ է, որ Ռուսաստանը այլեւս ի վիճակի չէ կառավարել կոնֆլիկտը, որպես 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ստատուս-քվոյի դոմինանտ դերակատար եւ իրավիճակի կառավարիչ չի կարող հանդես գալ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ