Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես է Մեծամորի հնավայրը ստացել իր անվանումը

Դեկտեմբեր 11,2021 17:40

Մեծամորը Հայկական լեռնաշխարհի, նաև ողջ Հին Մերձավոր Արևելքի մ.թ.ա. V-I հազ. առավել ուսումնասիրված եզակի հնագիտական հուշարձաններից է: Այն ներառում է բրոնզ-երկաթեդարյան պարբերաշրջանների բնակավայրը (միջնաբերդը, քաղաքային թաղամասերն ու աստադիտարկումների համար առանձնացված հարթակը) և դամբարանադաշտը: Տարածքը 200 հա-ից ավելին է: Հնավայրը գտնվում է Արարատյան դաշտում, Երևանից շուրջ 35 կմ արևմուտք, Տարոնիկ համայնքի վարչական տարածքում:

Բլրի գագաթին և լանջերին նկատվող հնավայրի մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ հայտնի են արդեն Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր Ղևոնդ Ալիշանի XIX դ. վերջի հրապարակումներից: Այս տարածքի ժայռափոր պատկերներով ժամանակին հետաքրքրվել է նաև եպիսկոպոս Մ. Տեր-Մովսեսյանը:

1930-ական թթ. Զեյվա գյուղի հարավային եզրին գտնվող բլուրի շրջանում (որը հետագայում ստացավ Մեծամոր անունը) նախնական դիտարկումներ է կատարել, թռուցիկ հետազոտել և գունազարդ ու սև խեցեղենի բեկորներ հայտնաբերել հնագետ Եվգենի Բայբուրդյանը: Ավելի ուշ՝ 1959-1960 թթ. մի խումբ երիտասարդ հնագետների հետ այստեղ պեղումներ է նախաձեռնել Լ. Բարսեղյանը, բացելով վաղ և ուշ բրոնզի, ինչպես նաև վաղ երկաթի շրջափուլերին վերաբերող հնագիտական շերտեր:

1965 թ. ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը Է. Խանզադյանի գլխավորությամբ և երկրաբան Կ. Մկրտչյանի մասնակցությամբ ձեռնամուխ եղավ հնավայրի պեղման լայնածավալ աշխատանքներին: Քանի որ հնագույն բնակավայրի անունը հայտնի չէր, արշավախմբի ղեկավարները պայմանականորեն այն անվանեցին բլրի ստորոտով հոսող գետի՝ Արաքսի վտակ Մեծամորի անունով:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031