Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ կայուն զարգացման նպատակների». հարցազրույց Ծովագյուղի երիտասարդական թիմի կազմակերպիչ Մելինե Հայրապետյանի հետ

Դեկտեմբեր 11,2021 16:55

Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ կայուն զարգացման նպատակների» արշավը եզրափակվեց նոյեմբերի 27-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցած «ԿԶՆ ԿԱՆԳ ԱՌ Սևանում» երիտասարդական ֆորումով, որին մասնակցում էին 8 երիտասարդական խմբեր ՀՀ տարբեր մարզերի քաղաքներից և կառույցներից։ Գաղափարների մրցույթի գլխավոր մրցանակը շնորհվեց Ծովագյուղի երիտասարդական խմբին, որի  ծրագիրն ուղղված էր «Որակյալ կրթությանը»՝ համայնքում մշակույթի տան վերականգնման և վերագործարկման միջոցով։ Journalis.am-ը զրուցել է Ծովագյուղի երիտասարդական թիմի կազմակերպիչ Մելինե Հայրապետյանի հետ։

-Ինչպե՞ս տեղեկացաք երիտասարդական ֆորումի մասին և ինչպե՞ս կազմվեց թիմը։

-Նախ, ի սկզբանե, ուսուցիչներից մեկն էր լինելու կազմակերպիչը, ուղղակի ֆորումից 2 օր առաջ նա խնդրեց ինձ, որ ես վերցնեմ պատասխանատվությունը։ Երեխաներն արդեն ընտրված էին, թիմը կազմված էր։ Մեզ չէին տեղեկացրել, թե ինչպես է տեղի ունենալու երիտասարդական ֆորումը, բայց «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ կայուն զարգացման նպատակների» արշավի կազմակերպիչների կողմից ծանոթագիր եկավ, որի հիման վրա էլ ծանոթացանք ֆորումի մասին։

-Քննարկման ընթացքում շա՞տ թեմաներ առաջարկվեցին երիտասարդների կողմից, թե՞ սկզբից էլ մտադիր էիք անդրադառնալ միայն համայնքում մշակույթի տան վերականգնմանն ու վերագործարկմանը։

-Այնտեղ մեզ հենց իրենք էին գաղափարներն առաջարկում, բայց երեխաները շահագրգռված էին մշակույթի հիմնանորոգման հետ կապված թեման բարձրաձայնել, դրա համար մենք այս խնդիրը ներկայացրինք։ Սկզբից էլ մտադիր էինք, որ միայն այս հարցն ենք վերցնելու։ Յուրաքանչյուր թիմին մեկ մոդերատոր էր միանում, ուղղորդում։ Մենք նույնիսկ ավելի շատ մոդերատորների հետ ենք քննարկել մեր գաղափարը։ Սկզբում ասացին, որ հնարավոր է չընդունեն, քանի որ մշակույթի տան հիմնանորոգումը ավելի շատ պետությանն է վերաբերում։ Սակայն թիմի ավագը` Նարեկը ասաց, որ մշակույթի տան շնորհիվ, ինչու ոչ, կարող է զարգանալ նաև զբոսաշրջությունը։ Որովհետև օրինակ` մարդիկ ամառը լողափերում են անցկացնում ու էլ չեն մտածում` որտեղ կարելի է իրենց ժամանցն անցկացնել։ Մեր կարծիքով, եթե մշակույթի տունը պատրաստ լինի, մարդիկ կարող են զվարճանալ նաև մեր մշակույթի պալատում։ Գաղափար կա նաև զարգացնել «կանաչ» տրանսպորտը, այսինքն հեծանիվների կիրառումը։

-Ֆորումում ներկայացված ձեր գաղափարները ե՞րբ իրականություն կդառնան։

-Դեռ չգիտենք, բայց երեխաներն այնքան շահագրգռված են, որ արդեն ունեն ծրագիր, և հենց Նարեկն էլ նշել է, որ ցանկանում են ստեղծել կամավոր ջոկատ, իհարկե, վերանորոգումից հետո։ Գյուղում շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են արհեստը զարգացնել, և երեխաների հետ անվճար դասընթացներ կազմակերպել։ Կամ կնշենք ստանդարտ գումար, որը կմնա ֆոնդին, և հետագայում այդ ֆոնդի գումարով մի նոր բան կստեղծենք ու կավելացնենք։ Բայց այս ամենը մշակույթի տան վերանորոգումից հետո։

-Սպասվու՞մ են նոր ծրագրեր, որոնց մեջ կներգրավվեն երիտասարդությունն ու ինչքանո՞վ է երիտասարդությունը նպաստում դրանց իրագործմանը։

-Երիտասարդները և՛ շահագրգռված ներգրավվում են այս ծրագրերում, և՛ նպաստում դրանց իրագործմանը, բայց առաջիկայում դեռ չկան նոր ծրագրեր։

-Ի՞նչ մեխանիզմներ, պայմաններ և ռեսուրսներ են անհրաժեշտ Հայաստանում երիտասարդների զարգացման, ինքնաիրացման, ինքնադրսևորման և բարեկեցության ապահովման համար։

-Առաջին հերթին կարևոր են դպրոցի տված գիտելիքներն ու երեխաների սովորելը, շատ կարդալն ու ուսումնասիրելը։ Իսկ հիմնականում շատ կցանկանայի նման սեմինարներ, միջոցառումներ անցկացվեին, որտեղ երեխաներն ու երիտասարդները կներգրավվեին։ Այսպիսի խմբակային միջոցառումներն էլ նպաստում են թե՛ երեխաների մտածելակերպի վրա, թե՛ շփման։ Եվ մի բան պատմեմ նաև։ Երբ արդեն մեզ էին հանձնում մրցանակը, ժյուրիներից մեկը հակասեց մեզ` ասելով, որ կարող էինք ավելի կրեատիվ թեմա վերցնել, ոչ թե մշակույթի տան վերանորոգման խնդիրը, քանի որ պետությունն արդեն հոգում է դրա մասին։ Բայց Նարեկը խելացի պատասխան տվեց, որ պետությունն արդեն 6 տարի առաջ վերցրել էր այս պատասխանատվությունը, բայց տանիքն ու լուսամուտները տեղադրելով ոչինչ չի լուծվում, և մենք ոչ մի տեղաշարժ չենք տեսել։ Իսկ սա մեզ օդի, ջրի, նույնիսկ` հողի պես պետք է։ Դրանից հետո ժյուրիները լռեցին։ Մեր երիտասարդությունը չունի ժամանցի վայր, դեռևս սա է մեր խնդիրը։

 

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031