Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խնդիրներին չենք տալիս օպերատիվ և ֆունդամենտալ լուծում, որոշ ժամանակ հետո կունենանք թունավորման հերթական դեպքերը․ «Փաստ»

Դեկտեմբեր 11,2021 10:15

Վերջին շրջանում սննդային թունավորումները բավականին շատ էին, ահազանգերը հաջորդում էին մեկը մյուսին: Պատկան մարմինները ստուգումներ իրականացրեցին, հանդես եկան համապատասխան հայտարարություններով: Դեռ նախորդ տարի սպիրտից թունավորման դեպքեր գրանցվեցին, արձանագրվեցին մահվան դեպքեր, այս ամենի մասին բավականին խոսվեց, բայց այդպես էլ չտրվեցին կարևոր հարցերի պատասխաններ: Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը նշում է՝ ունեցանք թունավորման դեպք նախորդ տարի, խոսվեց դրա մասին, սակայն ոչինչ չարվեց:

Ընդգծում է՝ եթե խնդիրներին չենք տալիս օպերատիվ և ֆունդամենտալ լուծում, որոշ ժամանակ հետո կունենանք թունավորման հերթական դեպքերը: «ԶԼՄ-ները կգրեն այդ մասին, կհիշեն նախորդները, պատկան մարմինները անհասկանալի բովանդակությամբ հաղորդագրություններ կտարածեն, հասարակությունն էլ տերմինների կեսը չի հասկանա, կբողոքեն և ամեն ինչ կանցնի, կգնա: Ամենացավալին այստեղ նաև հանրային ընկալման խնդիրն է: Երբ երկրում կա մասսայական թունավորման դեպք, և այդ ցանցն օրեր անց սկսում է աշխատել, ու հաճախորդները շարունակում են այցելել հանրային սննդի այդ նույն կետերը, հավատացեք՝ այս երկրում շատ դժվար է հանրային իրազեկման միջոցով իրականացնել լուրջ աշխատանք, որպեսզի հասարակության իրավագիտակցության մակարդակը հասնի այն աստիճանի, որ ասես՝ եկեք ոչ թե պետության, այլ հանրային դաշտի օգնությամբ լուծենք այս խնդիրը: Արդյունքում՝ հանրային դաշտը չի կարողանում հարց լուծել, այդ խնդիրներին լուծումներ տալու հարցում պետությունն էլ արտառոց ցանկություն չունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ սննդամթերքի անվտանգության խնդիրները գլոբալ են, հատվածական չեն: «Երկրում չկա սննդի անվտանգության ռիսկի վրա հիմնված համակարգ: Դա նշանակում է, որ չկան անվտանգության կառավարման համակարգեր, որովհետև, երբ երկիրն ունի անվտանգության կառավարման համակարգեր՝ հետագծելիություն սնման շղթայի բոլոր փուլերում, այդ երկրում հնարավոր է ապահովել անվտանգություն, չկա, ուրեմն հնարավոր չէ: Մեր երկրում այն չկա: Կամայական պատկան մարմինն ասում է՝ «հետագծելիության սկզբունքով հետ գնացինք…»:

Ի՞նչ հետագծելիության սկզբունք: Հայաստանում ապրանքների քանի՞ տոկոսը մակնշված չէ, կենդանիների համարակալում չկա, միրգ-բանջարեղենն արտադրվում է, ով և որտեղ ցանկանում, վաճառում է, մեկ ապրանքաուղեկից փաստաթուղթ չկա: Ինչպե՞ս եք ապահովում հետագծելիության սկզբունք: Այս պայմաններում գտեք, թե որտեղ թունաքիմիկատ կար, ապրանքը որտեղից եկավ և ուր գնաց»,-եզրափակում է Դավիթ Պիպոյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031