Խորհրդարանի նախագահի ասածը ըստ էության պատճենահանումն էր, գուցե պահի տակ արտասանված, գլխավոր իշխանավորի նախապես քանիցս ասած եւ նույն օրը խորհրդարանում, ջղագրգիռ էքստազի մեջ արտասանած խոսքերի, թե հատ-հատ պետք է քննել յուրաքանչյուր գերու գործը, գերության հանգամանքները, ստուգել նրա դասալի՞ք, թե՞ «իսկական» գերի լինելու կարգավիճակը, գուցեեւ, ենթադրում եմ, գերության մեջ նրա ցուցաբերած վարքն ու վարքագիծը:
Ընդունենք ու հաստատենք, որ սա վիրավորանք է գերիների հարազատների ու մերձավորների, նրանց ճակատագրով մտահոգ մեր ազգաբնակչության նկատմամբ, անարգանք՝ 18-20 տարեկան մեր տղաների, դեռեւս մարտական մկրտություն չտեսած բազմաթիվ զինծառայողների համար: Անարգանք՝ երբեմն առանց հրամանատարի, առանց թիկունքային նեցուկի ու համալրման, առանց օդային պաշտպանության, առանց փամփուշտի եւ առանց սննդի մնացածների համար: Անարգանք, օրինակ, Լելե-Թեփեի դժոխքից մի կերպ դուրս պրծած մարտիկների նկատմամբ, որոնք այդ այնտեղից դեպի այլ ճակատներ քշվելու պահին այն զգացողությունն էին ունեցել, որ իրենց մինչեւ Շուշի տանում են սպանել տալու համար, որպեսզի… վկաներ չմնան: Նաեւ այն զինվորների նկատմամբ, որոնք թշնամու շրջափակման մեջ ընկած՝ ավտոմատի փողը կզակի տակ պահած սպասել են ոսոխի ներխուժման՝ վերջին փամփուշտը սեփական կոկորդին խրելու համար, որպեսզի գերի չընկնեն…
Այո, մեր բանակի հրամանատարներին հատ-հատ եւ ամբողջությամբ հնազանդեցնելուց հետո, գործող իշխանությունը եւ գլխավոր իշխանավորը, ի դեմս գերի ընկածների եւ ի լուր հանրության փորձում են պարտության մեղքը բարդել շարքային զինծառայողների վրա ու «չոր» դուրս գալ ու շարունակել իշխել…
Այսքանից հետո բնավ պետք չէ զարմանալ, որ մի երջանիկ օր, երբ ի վերջո մեր գերիները ազատ կարձակվեն, նրանցից շատերը պիտի չուզենան հայրենիք վերադառնալ, ինչպես՝ Հայրենական մեծ պատերազմից հետո մեր գերիներից շատերը, որոնք նախընտրեցին Ամերիկաներ եւ այլուր ապաստանել՝ խուսափելու համար Ստալինյան տրիբունալներից ու հալածանքներից:
Կարդացեք նաև
Իլհամը «միջանցքների» համար հստակ օր ու ժամ է պահանջում եւ պատերազմի սպառնալիքի հետ օգտագործում է նաեւ որպես պատանդ իր մոտ պահվող գերիների հարցը: Ու գործող իշխանությունը, չկարողանալով հարկ եղած ձեւով օգտագործել գերիների վերաբերյալ Ժնեւյան 3 կոնվենցիաների՝ մեզ ձեռնտու հոդվածները, փորձում է ցույց տալ, որ գերիների վերադարձի հարցը սակարկությունների նժարին որեւէ կշիռ չունի, հուսալով՝ զսպել Բաքվի խուլիգանի ախորժակը: Ինքնախաբեություն, որի գիտակցումը առավել գազազեցնում է իշխանությանը, իսկ գազազումը միշտ ատելություն է ծնում, ատելություն՝ սեփական ժողովրդի, այս պարագայում՝ նաեւ գերիների նկատմամբ:
Վարչախումբը, փոխանակ ներխորհրդարանական «ռազբորկաներ» հրահրելու, պետք է գիտակցի, որ իր ավագ պարտականությունը գերիներին տուն բերելն է, քանի որ ինքն է գլխավոր պատասխանատուն քաղաքացիների, բոլո՛ր քաղաքացիների, այս պարագայում՝ մեր գերիների ճակատագրի համար: Այո, ատելությունը հակացուցված է:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում