26 խորհրդարանականների կոչը։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին, «նրանք ապօրինի են պահվում»։ Հռոմ, 10 դեկտեմբերի (Ասկանյուզ գործակալություն)
Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ ազատ արձակել ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումների և հրադադարը չպահպանելու պատճառով,- բացատրում են ներքոստորագրյալները:
Այսօր էլ Ադրբեջանի բանտերում անօրինական կերպով պահվում են մեծաքանակ հայ ռազմագերիներ, և բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը:
Կարդացեք նաև
Բացի այդ, Ադրբեջանը՝ Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ, սպառնում է, ուժի կիրառմամբ, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով ստեղծել երկու երկրները միավորող արտատարածքային մի «միջանցք»: Այս ամենը չնայած այն բանին, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց պատերազմին, նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության և տրանսպորտային ողջ ցանցի ապաշրջափակում:
Ավելին, համաձայն ստացված տեղեկատվության, Հաագայի Միջազգային Դատարանը (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան – ԱՄԴ) դատավճիռ է կայացրել, որով Ադրբեջանից պահանջում է երաշխավորել ռազմագերիների իրավունքները, կանխել հայ ազգաբնակչության դեմ ռասայական ատելության հրահրումը և դատապարտել հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը:
Ակնկալում ենք, որ Կառավարությունը, ընդգծում են իտալացի 26 խորհրդարանականները, Արևելյան Գործընկերության շրջանակներում Եվրոպական Միություն – Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման առաջադրի նշված երկրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և դրան հաջորդած ժամանակաշրջանում վերցված ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարումը՝ ի նպաստ կառուցողական հենքի վրա խաղաղ բանակցություններում անկեղծ ներգրավվածության՝ լուծելու առկախված խնդիրները՝ ի շահ Կովկասյան ողջ տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման:
Կոչը ստորագրած խորհրդարանականներն են՝ Էնրիկո Աիմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասսիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրարի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Ելենա Մուրելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլլիո Պատասսինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, ՄատեոՍալվինի, Օրիետտա Վանին։