2018թ. իշխանափոխությունից հետո վեթինգ եզրույթն առերեւույթ սկսվեց կիրառման մեջ դրվել՝ համենայնդեպս բարձր ամբիոններից հնչեցվելով, նախ դատավորների նկատմամբ՝ հիմա արդեն փաստաբանների: Նորանշանակ արդարադատության նախարարը հայտարարում է, թե վեթինգը սկսված է, կոռումպացված դատավորները համակարգից զտվելու, հեռացվելու են: ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ գտնում է, որ վեթինգը պետք է վերաբերի ոչ միայն դատական, այլեւ՝ փաստաբանական համայնքին եւ որ Հայաստանում ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ` տարբեր գործերով։
Փաստաբանական համայնքի վեթինգի շուրջ զրուցել ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ հետ:
– Պարոն Ահարոնյան, հանդիսանալով փաստաբան, նախ կցանկանայի լսել, թե ինչպե՞ս եք գնահատում փաստաբաններին վեթինգի ենթարկելու գաղափարիը:
– Այսպես ասած, վեթինգի գաղափարը նոր-նոր է մուտք գործել մեր բառապաշար եւ մեզ համար խորթ երեւույթ է։ Ըստ էության, վեթինգն առավելապես կոչված է զտելու պաշտոնատար անձանց։ Այլ կերպ ասած՝ վեթինգի էությունը մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքները եւ ազատությունները խախտած պաշտոնատար անձանցից ազատվելը պետք է լիներ։ Ցավոք սրտի, փորձ արվեց սկիզբ դնել վեթինգի գործընթացին եւ թիրախում հայտնվեցին դատավորներն ու դատական համակարգը, ինչն, իր հերթին, հասարակության մոտ առաջացրեց սուտ օրակարգ այն մասին, որ դատավորները հնարավոր է՝ հրաժարվում են արդարադատություն իրականացնելուց։ Ընդ որում, թիրախում հայտնվեցին հիմնականում դատական իշխանության թեեւ հնաբնակ, բայց իրենց փորձով ու գիտելիքներով քաղաքացիական հասարակության կողմից առավել քան վստահության արժանացած դատավորներ։ Այնինչ հարկավոր էր վեթինգի գործընթացն սկսել այլ տեղից եւ ինչպես միշտ, այս անգամ եւս թիրախը սխալ էր ընտրվել։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է փաստաբանին վեթինգի ենթարկելու գաղափարին, ապա ասեմ, որ գաղափարն ինքնին ինքնանպատակ չէ պետության համար եւ հղի է վտանգավոր հետեւանքներով։ Նախ՝ փաստաբանին վեթինգի ենթարկելով ոչ միայն չեզոքացվելու է, այլ վերանալու է փաստաբանի անկախության սահմանադրական գաղափարը։ Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն է եւ այդ գործունեությունը երաշխավորված է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ այդ հոդվածի՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Ի վերջո, փաստաբանական համայնքը մեծ համայնք է եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտի հիմնասյուներից մեկն է, որը իրավամբ կոչված է պաշտպանելու մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու իրավաչափ, օրինական շահերը։
– Արդյո՞ք վեթինգը միտված չէ փաստաբանական գործունեության միջամտմանը:
– Իմ գնահատմամբ՝ պետության այս քաղաքականությամբ փորձ է արվում, այո՛, միջամտել փաստաբանական գործունեությանը։ Ուղղակի հարկավոր է նայել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները։ Օրինակ՝ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի գործունեության երաշխիքները։ Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ եւ փաստաբանական վարքագծի կանոնագրքով: Այսինքն՝ արդեն նշեցի՝ ինչպես Սահմանադրությամբ՝ նեղ իմաստով, եւ օրենքում՝ առավել լայն իմաստով, ամրագրված են փաստաբանի գործունեության երաշխիքները։
Ավելին, օրենքում նախատեսված է դրույթ, որով արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը: Ըստ էության, փորձ է արվում չեզոքացնել փաստաբանի անկախությունը։ Գիտեք, հատկապես վերջին շրջանում մենք ականատես եղանք դեպքերի, երբ առավել աղմկահարույց քրեական գործերով քաղաքացիները փաստաբանին նույնացնում էին վստահորդի հետ։ Փաստաբանին պետք չէ նույնացնել վստահորդի հետ։ Նա կատարում է իրավապաշտպան գործունեություն եւ իրավական ճանապարհով պայքարում է արդարությունը վերականգնելու համար։
– Անդրադառնալով Գ. Ջհանգիրյանի մյուս մտքին, թե ճանաչում ձեռք բերող փաստաբանները կոմունիկացվում են իրավապահ մարմինների հետ, արդյո՞ք սա ակնարկ է օրենքի շրջանակներից դուրս գործողություններ կատարելու զսպման ուղղությամբ:
– Գիտեք, հասարակության տարբեր շրջանակներ տարբեր կերպ են հասկացել-մեկնաբանել պարոն Ջհանգիրյանի մտքերը՝ կապված փաստաբաններին վեթինգի ենթարկելու անհրաժեշտության մասին։ Այդ հայտարարությունը, ըստ էության, նոր ազդակ էր փաստաբանի անկախության երաշխիքները բանտարկելու համար։ Ամեն ինչ սկսվում է սովորական ակնարկից։ Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում եւ ղեկավարվում է «Փաստաբանության մասին» օրենքով, Փաստաբանի վարքագծի կանոնագրքով, որտեղ սեւը սպիտակի վրա նշված են փաստաբանի իրավաչափ գործունեության շրջանակները, եւ դրանք հասանելի են բոլորին։ Այն դեպքում, երբ փաստաբանը կանցնի այդ շրջանակները, կարող է ենթարկվել պատասխանատվության, կոպիտ կարգապահական պատասխանատվությունը ենթադրում է փաստաբանի արտոնագրից զրկում:
Հարցազրույցը վարեց
Էլեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2021