Առաջին անգամ Երեւանում է ճանաչված տենոր Ռոման Զավադսկին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը դեկտեմբերի 11-ին եւ 14-ին առաջին անգամ կներկայացնի համաշխարհային օպերային գրականության գոհարներից Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումը։ Հայաստանում նշյալ օպերան համերգային կատարմամբ 2012թ. հնչեցրել է Էդուարդ Թոփչյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հրավիրված մեներգիչների հետ։ Ժամանակին մաեստրո Թոփչյանը մեզ ասել էր, որ տարիների ընթացքում մի քանի անհաջող փորձերից հետո, երբ արդեն սկսվել էին «Տուրանդոտի» փորձերը, այդուհանդերձ, չէր հաջողվում այն իրականացնել եւ երբ Տուրանդոտի դերերգի համար լսել է սոպրանո Սիրանուշ Գասպարյանին, անմիջապես արձագանքել է. «Տուրանդոտի ձայն ունես, բայց կվախենամ քեզ էդպիսի բան ասեմ, որովհետեւ շատ երիտասարդ ես»։ Հետո էլ հավելել էր. «Չգիտեմ ինքը ինչ հասկացավ դրանից, գնաց, սկսեց Տուրանդոտը սովորել, հետո եկավ, սկսեց երգել։ Այդ ժամանակ հասկացա, որ Սիրանուշը ոչ թե Տուրանդոտ է, այլ շա՜տ Տուրանդոտ է»։
Սիրանուշ Գասպարյանը այդ դերերգով հանդես կգա դեկտեմբերի 11-ին, իսկ 14-ին նույն դերերգը կկատարի մեր հիանալի սոպրանոներից Աննա Այվազյանը։ Երբ օրեր առաջ «Տուրանդոտի» առաջին փորձին հանդիպեցինք Կալաֆի դերերգի համար ՌԴ-ից հրավիրված տենոր Ռոման Զավադսկիին եւ զրույցի սկզբում նշեցինք, թե ունեցել է համաշխարհային մեծության խաղընկերներ, այդ թվում՝ Աննա Նետրեբկո, նա հայացք ձգելով դեպի Աննա Այվազյանը, ասաց. «Գիտե՞ք, երբեք չեմ մտածել, թե ով է խաղընկերս՝ ինչ մեծության աստղ։ Ինձ համար աստղ է ձեր այս երգչուհին էլ։ Կարիերաս սկսել եմ 2001թ., Մարիինյան թատրոնում, Չայկովսկու «Ձյունանուշը» օպերայում ոչ մեծ դերերգով, բայց ներկայացումը ղեկավարում էր Վալերի Գերգիեւը… Տարիներ անց Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնում ծանոթացա Կարեն Դուրգարյանի հետ, ով, ի դեպ, ցանկալի ու սպասված հյուր է ռուսաստանյան հեղինակավոր բեմերում։ Նրա ղեկավարությամբ հանդես եմ եկել «Տուրանդոտ»-ում եւ Հերմանի դերերգով՝ Չայկովսկու «Պիկովայա դամա»-ում։ Կարող եմ ասել, որ հայ դիրիժորը պարտիաները զգում է այնպես, ինչպես ես՝ մեկին մեկ։ Չգիտեմ՝ գիտեք թե ոչ, «Պիկովայա դամա»-ում Հերմանի արիաներից մեկում, երբ դիմում է հերոսուհուն, պահանջվում է փոքր-ինչ նուրբ կատարում։ Ես դա երբեւէ չեմ ընդունել։ Մաեստրո Դուրգարյանը, կարծես դա զգալով, փորձի ընդմիջմանը մոտեցավ ինձ եւ ընդամենը մեկ արտահայտություն արեց՝ զգում եմ, որ արիան կատարելիս լարվում ես, դիմիր նրան այնպես, ինչպես տղամարդը կնոջը…»։
Դիտարկմանը, թե մեզ տեղեկություններ են հասել, որ Մարիինյան թատրոնում աշխատել եք մինչեւ 2007թ., հետո միայն տարիներ անց տեղափոխվել Նովոսիբիրսկ։ «Ճիշտ այդպես էլ եղել է։ 2007-ին կորցրի ձայնս։ Հետո սկսեցի աշխատանք փնտրել։ Գտա. աշխատանքի անցա որպես մատուցող։ Ծնունդով Բելառուսից եմ։ Այնտեղ սկսեցի բիզնես գործունեություն, հիմնեցի մսամթերքի արտադրություն եւ ոչ խանութների ցանց։ Չմոռանամ ասել, որ դրանից առաջ էլ աշխատել եմ որպես խառատ…»,- պատմեց մեր զրուցակիցը։
Հետաքրքրությանը՝ ի վերջո, տարիներ անց՝ կոնկրետ ո՞ր թվականին եւ ինչպե՞ս վերականգնեցիք ձեր ձայնը, երգիչը շարունակեց կիսատ թողած պատմությունը. «Պատկերացնո՞ւմ եք, ձայնիս կորուստը բացարձակ կապ չուներ ձայնալարերիս ու կոկորդիս հետ։ Պարզվեց՝ դա կապված է ստամոքսի խնդրի հետ, որը լուծվեց առանց վիրահատական միջամտության։ Դա տեւեց վեց տարի՝ մինչեւ 2013թ.։ Նովոսիբիրսկի օպերային թատրոնում հիանալի ընկեր ունեմ՝ բարիտոն Պավել Յանկովսկին. նա էլ պատճառ դարձավ, որ տեղափոխվեցի Նովոսիբիրսկ։ Այստեղ թույլ տվեք չակերտները չբացել եւ ընդամենն ասել, որ ինտրիգ եղավ ղեկավարության հետ… Մի խոսքով՝ վերադարձա Սանկտ Պետերբուրգ, բայց ոչ թե Մարիինյան, այլ «Զազերկալյե» փոքր թատրոն։ Միանգամից ինձ վստահվեց երազածս դերերգերից մեկը՝ Օթելլոն եւ երբ արդեն պետք է կայանար ներկայացումը, սկսվեց քովիդը։ Այդ դերերգով բեմ բարձրացա միայն այս տարի։ Իսկ Օթելլոյի դերերգի ձայնագրությունս լսել էր Աստրախանի թատրոնի ղեկավարությունը եւ հրավիրեց։ Հիմա՝ այսինքն մի քանի ամիս է, ինչ հանդիսանում եմ այդ թատրոնի մեներգիչ։ Թատրոն, որն ունի հարուստ խաղացանկ…»։
Հետաքրքրությանը՝ Վալերի Գերգիեւը երբեւէ չի՞ մտաբերել ձեզ, թեեւ գիտենք, որ գերզբաղված է, տենորը պատասխանեց. «Մայիսին հանդիպեցի մաեստրոյի հետ եւ զարմանալի է, որ կարծես այդ պահին կարդալով մտքերս, ասաց՝ Օթելլոյի վրա կենտրոնացիր, չգիտեմ երբ, բայց միասին կներկայացնենք այն»։
Ռոման Զավադսկին հանդես է եկել ավելի քան 30 դերերգով։ Նրա հաջորդ հյուրախաղը նշանակված է Դուբայում. դեկտեմբերի 27-ին հանդես կգա Կավարադոսի դերերգով՝ Պուչինիի «Տոսկա»-ում։
Զրույցի ընթացքում Ռոման Զավադսկին մեկ-երկու անգամ նշեց, որ թեեւ առաջին անգամ է Երեւանում, բայց օպերային թատրոնում իրեն հարազատի պես են ընդունել, ավելին. «Կարծես ընկղմվել եմ մանկությանս հեքիաթի մեջ… Ամեն ինչ հարազատ է»։ Չմոռանանք նշել, որ երգիչը Կարեն Դուրգարյանից բացի, որպես հայ մեծանուն արվեստագետ, հեռակա «ճանաչում» է Գեղամ Գրիգորյանին, բայց Մարիինյան թատրոնում ծանոթացել է նրա որդու՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանի հետ, որը մասնակցում է վարպետության դասընթացների։ Հայազգի մեկ արվեստագետի անուն էլ բարձրաձայնեց. Նովոսիբիրսկի օպերային թատրոնի կոնցերտմայստեր Հովհաննես Գրիգորյան, որի հետ շատ մտերիմ է։
Անդրադառնալով օպերային թատրոնում Պուչինիի «Տուրանդոտի» համերգային կատարմանը, տեղեկացնենք, որ երկու օրերին մեներգիչների կազմը, բնականաբար, տարբեր է, բայց բոլորն էլ թատրոնի լավագույն ձայներն են։ Համերգային կատարման երաժշտական ղեկավարն է դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, իսկ դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը։
Լայն ընթերցողին տղեկացնենք, որ Պուչինին չի հասցրել ավարտել չինացի արքայադուստր Տուրանդոտի մասին օպերան։ Կոմպոզիտորի մահից հետո՝ 1924թ., այն ավարտել է իտալացի Ֆրանկո Ալֆանոն։ Ասում են՝ որոշ լեգենդար երգչուհիներ պնդել են, թե Տուրանդոտ անվան վերջին հնչյունը՝ տ-ն, չպետք է արտասանվի, բայց Պուչինիի թոռնուհին հակառակն է պահանջել եւ միշտ հետամուտ եղել։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2021