Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանը բարմեն էր ու ակտիվ ֆեյսբուքցի, բայց պատերազմը ստիպեց զենք վերցնել

Դեկտեմբեր 11,2021 12:30

Նա երազում է, որ գերի ընկած տղաները վերադառնան, անհայտ կորածներն էլ գտնվեն

Չարենցավանցի Ստեփան Մանուկյանի մեջ ապրում է երեք մարդ` բարմենը, ստատուսագիրը եւ պատերազմի մասնակիցը։ Ստեփանը թեեւ 23 տարեկան է, սակայն սուպերմարկետներում նրան ծխախոտ չեն վաճառում. տարիքով փոքր է երեւում։ «Անկեղծ եմ ասում՝ անձնագիրս միշտ մոտս եմ պահում, մինչեւ ցույց չտամ, ծխախոտ չեն տալիս»,-ասում է մեր զրուցակիցը։

Ստեփանը Ֆեյսբուքում շատ ակտիվ է, պարբերաբար հումորային գրառումներ անելով փորձում է Ֆեյսբուքը դարձնել լուրջ հարթակ։ «Փորձել եմ կոտրել ֆեյսբուքյան լրջությունը իմ գրառումներով ու կատակներով, կարծես թե ստացվում է, բայցեւ Ֆեյսբուքը լուրջ հնարավորություն է տալիս մարդկանց առաջ տանելու իրենց բրենդը, ապրանքը»,-հավելում է նա։

Ստեփանն ունի հազարավոր ֆեյսբուքյան ընկերներ, որոնց կարծիքը, անգամ մեկ «լայքը» շատ կարեւոր է նրա  համար. «Ֆեյսբուքում նաեւ ծանոթացել եմ շատ մարդկանց հետ, ովքեր հարազատ են դարձել, ու հենց Ֆեյսբուքի մի լայքը պատճառ հանդիսացավ իմ այսօրվա աշխատանքի համար, կարելի է ասել՝  «լայքը» փոխեց կյանքս»։

Ստեփան Մանուկյանը բարմենների ասոցիացիայում միջազգային չափանիշներին համապատասխան բարմենություն է սովորել: Նրա կարծիքով՝ բարմենի աշխատանքը ոչ մասնագիտություն է, ոչ էլ՝ հոբի, այլ ապրելաոճ է, որը լուրջ հմտություններ եւ գիտելիքներ է պահանջում. «Նախ պետք է կարողանաս շփվել մարդկանց հետ, մանավանդ՝ գինովցած մարդկանց հետ, պետք է բոլոր մասնագիտություններից էլ մի քիչ -մի քիչ  տեղյակ լինես, որ բարի մոտ նստած հյուրի հետ կարողանաս դիալոգ պահպանել, բժշկի հետ բժշկությունից խոսես, մատնահարդարի հետ՝ գելլաքից»։

Ասում է՝ «Ինձ ժպտալու, երջանիկ լինելու համար շատ բան պետք չի, բայց գարեջուրը դրանցից մեկն է»։ Ապա հավելում է, որ   սիրելի կարգախոսն է. «Все будет, но не сразу»։

Ստեփանը մեկն էր շատերից, որոնք 44-օրյա  պատերազմի օրերին կամավորագրվեցին եւ մեկնեցին առաջնագիծ, ռազմաճակատ մեկնելն անընդհատ ձգձգվում էր, բայց Ստեփանը հստակ որոշել էր, որ պիտի գնա։

«Զինկոմից զանգ ստացա, ներկայացա, որ գնամ, չստացվեց, չտարան, ինչ-որ խնդիր կար, հաջորդ օրը ասացին՝ ներկայանամ, ներկայացա, մեքենայի խնդիր կա, էլի չստացվեց, չտարան, երրորդ օրը գնացի, ասացին, որ էսօր էլ չի լինում, պետք ա վաղը ներկայանամ, հաջորդ օրը առավոտ շուտ զինկոմիսարիատում էի, պատրաստված, բոլորին հերթով կանչում են, իմ անունը չկա, ինձ  արդեն դեմքով էլ գիտեին, էնքան էի գնացել-եկել, իմ անունը չեն տալիս ու չեն տալիս, մարդ կար պակասող, ասացի, որ ես կգնամ իր տեղը, ես էստեղ եմ, պատրաստ եկել եմ, նստեցի ավտոբուսը, որ գնանք, իջեցրեցին, չէր կարելի էդպես, ու էլի ինձ չտարան, էդպես մինչեւ 7-րդ անգամ  վերջապես ստացվեց մեկնել»։

Թե ինչ փոխեց պատերազմն իր մեջ, դժվարանում է պատասխանել, բայց քիչ անց էլ նշում է. «Փոխվեց ամեն ինչ՝ բառիս ուղիղ իմաստով։ Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ պատերազմ մեկնելուց առաջ եւ պատերազմ մեկնելուց հետո։ Ուղղակի պատերազմից շատ չեմ ուզում խոսել, վերհիշել, վերապրել էդ ամենը, տհաճ ա, ցավոտ»։ Պատերազմի ամենաթեժ օրերին Ստեփանը վիրավորվեց, նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Ապաքինվում եմ։ Հուսով եմ՝ պատերազմի ավարտի պայմանները կպահվեն ու մեր գերի ընկած տղերքը հետ կգան, անհայտ կորածներն էլ կգտնվեն։ Հույսս չի կորչում»։

Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031