Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թշնամին ստեղծում է լեռնային պայմաններում գործողություններ իրականացնելու ունակ ստորաբաժանումներ»

Դեկտեմբեր 11,2021 14:30

«Այս ընթացքում Ադրբեջանը կառուցել է 2 տասնակից ավելի զորամասեր, որոնց թվում է նաեւ թուրքական հայտնի «կոմանդոս» հատուկ նշանակության ստորաբաժանման բազայի վրա հիմնված, այսպես կոչված, «լեռնային կոմանդոս» հատուկ նշանակության զորախումբը, որոնք ուսուցում են անցնում Թուրքիայում։ Կարծում եմ, պատահական չէ, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ստեղծում է հատուկ լեռնային պայմաններում գործողություններ իրականացնող ստորաբաժանում»,-«Առավոտի» զրուցակիցն է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

-Գերիների՝ դասալիք լինելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարություններին հաջորդեցին պաշտպանի կողմից ցուցմունքների հրապարակումը՝ ի հավաստումն Ալեն Սիմոնյանի հայտարարության: Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն էր խոսել գերեվարման բոլոր դեպքերի հետաքննության մասին: Սրանք պատահականությո՞ւն են, թե հետեւողականություն: Ո՞րն է նպատակը:

-Չեմ կարծում, որ պատահականություն են, քանի որ այդ նույն գերիների մասին նույն շրջանակները վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ բոլորովին տարբեր, կարելի է ասել՝ 180 աստիճան հակառակ մտքեր էին արտահայտում։

Նախ նշեմ, որ մեղմ ասած, ավելորդ է պետության առաջին դեմքերի մակարդակում խոսել որոշ գերիների կողմից կատարված դասալքությունների մասին, քանի որ առավել քան տրամաբանական է, որ եթե ինչ- որ մեկը դասալքության է դիմել կամ մեկ այլ հանցագործություն է կատարել, ապա պետք է պատասխանատվության ենթարկել օրենքով սահմանված կարգով։ Բոլորը պետք է հասկանան, որ խնդիրների կարեւորությունը պետք է դասակարգել ըստ առաջնահերթությունների։ Այս դեպքում, առաջնահերթը այդ մարդկանց օր առաջ ՀՀ վերադարձնելն է, որից հետո՝ ըստ ընթացակարգի, այդ մարդիկ համապատասխան ծառայությունների կողմից հարցաքննվում են, եւ ըստ այդմ իրավական գնահատական է տրվում։ Իսկ մենք հիմա ունենք իրավիճակ, երբ այդ մարդկանց առանց հարցաքննելու, առանց նրանց լսելու, քաղաքական ղեկավարության կողմից իրավական գնահատականի են արժանացնում։

Նշեմ նաեւ, որ գերիների մասին մտածել էր պետք ավելի քան մեկ տարի առաջվանից, երբ հանձնվում էր Քարվաճառը, Լաչինը եւ Աղդամը։ Այդ ժամանակ էր պետք մտածել եւ գերիների հարցը օրակարգ բերել, ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը արագ կատարել եւ հույս ունենալ, որ ադրբեջանական կողմը նույն հետեւողականությամբ հայտարարության բոլոր կետերը արագ կյանքի է կոչելու։

-Ի դեպ, ավելի ուշագրավ էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ գերիներից հայկական կողմը հրաժարվում է՝ Սյունիքը փրկելու համար: Սա՞ ինչպես կմեկնաբանեք:

-Առավել քան տրամաբանական է , որ ադրբեջանական կողմը պատերազմի օրերին եւ վերջին մեկ տարվա ընթացքում գերի վերցրած տղաներին պահում է հայկական կողմի հետ առեւտուր անելու նպատակով, ինչը կարելի է ասել, որ նրանց մոտ ստացվում է։ Հիշենք միայն այն, որ ականապատ դաշտի քարտեզների վերադարձի մասին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար, սակայն հետագայում պարզ դարձավ, որ մի մի քանի գերների դիմաց այդ ամենը վերադարձվել է: Ամեն դեպքում, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը վաղուց պետք է հասկացած լիներ, որ հակառակորդի գործողություններում նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գրեթե բան չի փոխվել եւ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ոչ թե պետք է խոսի գերիներից հրաժարվելու մասին, այլ ինչպե՞ս անել, որ հետագայում նման միջադեպեր չգրանցվեն, եւ, մասնավորապես, ի՞նչ պետք է անել այդօրինակ միջադեպերը կանխելու համար։

Տպավորություն ունեմ, որ նման գործելաոճի նպատակը այն է, որպեսզի թշնամուն հասկացնենք, որ ինչ կար արդեն տվել ենք, իսկ գերիների դիմաց, այսպես կոչված, «միջանցքի» հետ փոխանակման հարցը մեզ համար այս պահին կարմիր գիծ է: Ադրբեջանը հետագայում եւս շարունակելու է մարդկանց առեւանգման եւ գերեվարման հարմար պահեր որսալ, եւ մենք պետք է պատրաստ լինենք եւ գործողություններ իրականացնենք, սկսած սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անձանց զինելուց, վերջացրած դիրքերում տարբեր ինժեներական աշխատանքներից եւ տեսադիտարկման համակարգերով կահավորելուց։

-Ալիեւը Հայաստանից պահանջում է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետներ հնչեցնել, մինչ այդ, Մհեր Գրիգորյանն էր հայտարարել, որ Սոչիի եռակողմ հանդիպում-հայտարարությունից հետո, Մոսկվայում, փոխվարչապետների հանդիպումն ըստ էության արդյունք չի տվել, քանի որ համաձայնությունների չեն հանգել: Այսի՞նքն, պատերազմի սպառնալիքը մո՞տ է իրականություն դառնալուն:

-Ադրբեջանական բանակը վերակենդանացման փուլում է։ 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած կորուստների վերականգնման հարցն է իմ կարծիքով նրանց համար առաջնայինը։ Այս ընթացքում Ադրբեջանը կառուցել է 2 տասնակից ավելի զորամասեր, որոնց թվում է նաեւ թուրքական հայտնի «կոմանդոս» հատուկ նշանակության ստորաբաժանման բազայի վրա հիմնված, այսպես կոչված, «լեռնային կոմանդոս» հատուկ նշանակության զորախումբը, որոնք ուսուցում են անցնում Թուրքիայում: Կարծում եմ, պատահական չէ, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ստեղծում է հատուկ լեռնային պայմաններում գործողություններ իրականացնող ստորաբաժանում։ Եթե մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ադրբեջանական կողմի հարվածի հիմնական ուղղությունը համարվում էր Արցախյան ճակատը, ապա նոյեմբերի 9- ի հայտարարությունից հետո հակառակորդի հարվածի հիմնական ուղղությունը լինելու է Սյունիքը, եւ քանի որ Սյունիքը հայտնի է իր բարդ լեռնային ռելեֆով, թշնամին ստեղծում է լեռնային պայմաններում գործողություններ իրականացնելու ունակ ստորաբաժանումներ։

Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը իրեն բնորոշ ոճի մեջ՝ տարբեր ուղղություններով շարունակելու է սադրանքների դիմել, փորձելով էլ ավելի մեծ ճնշումներ գործադրել, եւ մեր թե՛ ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ հասարակությունը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման տարբեր սցենարների։ Պետք է հասկանալ նաեւ, որ պատերազմի սպառնալիքը չի վերացել, հակառակը՝ այն ավելի է մեծացել, քանի որ հակառակորդը զբաղեցնելով տարբեր բարենպաստ բարձունքներ, մեկնարկային առավելություն է ստացել մեր նկատմամբ, եւ հարմար առիթ լինելուն պես օգտագործելու է մեր դեմ։

-ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերջերս բավական ուշագրավ հայտարարություններ արեց, նաեւ այն մասին, որ ԳՇ-ում փորձում են 44-օրյա պատերազմին վերաբերվող փաստաթղթեր կեղծել, սրբագրել: Ո՞ւմ է ուղղված այս մեղադրանքը, ի՞նչ նպատակով է նման հայտարարություն արվում Սամվել Բաբայանի կողմից:

-Կարծում եմ, որ առանց քաղաքական ղեկավարության գիտության հնարավոր չէ նման փաստաթղթերի կեղծումը իրականացնել հատկապես այն դեպքում, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ Սուրեն Պապիկյանը: Այստեղ կարեւոր է նշել նաեւ, որ Սամվել Բաբայանի այդ հայտարարությունը մեր իրավապահ մարմինները պետք է ընդունեն, որպես հանցագործության մասին հաղորդում, քանի որ խոսքը գնում է բավականին ծանր հանցագործության եւ պետական դավաճանության մասին։ Եթե Սամվել Բաբայանի փաստաթղթերի կեղծման վերաբերյալ տեղեկատվությունը ճիշտ է, ապա առավել քան տրամաբանական է 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի ձգձգման պատճառը, քանի որ սա այն քիչ դեպքերից է, որ գործող իշխանությունները չեն կարող ասել, որ այդ հրամանների կեղծումը իրականացրել են այսպես կոչված «նախկինները»։

-Ստոկհոլմում այդպես էլ չկայացավ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Չկայացավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում: Հայաստանի ԱԳ խոսնակը հայտարարություն տարածեց այն մասին, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։ Ինչի՞ մասին է այս ամբողջը, Ձեր կարծիքով:

-Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է կատարում խուսափել ԼՂ հարցի քննարկումից ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով, քանի որ համարում է, որ ԼՂ հարցը փակված է եւ նման հարց գոյություն չունի։ Կարեւոր է նշել նաեւ, որ Ադրբեջանը այդ հանդիպանը չներկայանալը պատճառաբանել է այդ օրերին ՀՀ ԱԺ ինչ-որ պատգամավորների Արցախ այցելությամբ, փորձելով եւս մեկ անգամ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա: Այստեղ կարեւոր է, որպեսզի հայկական կողմը կարողանա ադրբեջանական կողմի այդօրինակ ոչ կառուցողական պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ երկրների համանախագահներին գրագետ ներկայացնել եւ փորձել Հայաստանի եւ Արցախի համար փոքրիկ, այսպես ասած, «ջոկեռ» ձեռք բերել։

Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայությամբ հայտարարել է, որ այդ ֆորմատը անարդյունավետ է գործել, եւ բնական է,  որ իր երկրի ԱԳՆ ղեկավարությունը ամեն պատճառաբանություն պատրաստ է բերել, եւ հնարավորինս խուսանավել այդ ֆորմատով հանդիպումներից։

-Ի՞նչ կարող է տալ Հայաստանին «3+3» ձեւաչափը այս իրավիճակում: Այն ավելի վաղ՝ 1990-ականներին էլ էր շրջանառվում, բայց հայկական կողմի համար անընդունելի էր: Հիմա, հայկական կողմը չի հրաժարվում, այլ կողմ է արտահայտվում: Հարթակն, ըստ էության չի կայանում, Վրաստանի կոշտ դիրքորոշման պատճառով:

-Կարեւոր է նկատել, որ «3+3» հարթակի հեղինակը Թուրքիան է, ուստի այդ ֆորմատը նախ եւ առաջ բխում է իրենց շահերից, քանի որ նրանք կարճաժամկետ եւ երկարաժամկետ տարբեր պլաններ ունեն մշակած մեր տարածաշրջանի հետ կապված եւ շատ դեպքերում չեն էլ թաքցնում եւ ամենաբարձր մակարդակներում հայտարարում են այդ պլանների մասին։ Միամտություն կլինի կարծել, որ թուրք-ադրբեջանական տանդեմի շահը մեծ համընկնումներ կունենա հայկական շահի հետ, ուստի շատ կարեւոր է, որ մեր քաղաքական ղեկավարությունը այդ ամենը հասկանա բանակցություններից առաջ։

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այդ ֆորմատում չպետք է քննարկվեն այնպիսի թեմաներ, որոնք այս կամ այն ֆորմատով արդեն քննարկվում են՝ ակնարկելով ԼՂ հարցը, իսկ ԱԺ վերջին հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, եւ Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով։ Ստացվում է, որ եթե ԱԳՆ փոխնախարարի մակարդակում հանդիպում ենք այդ ֆորմատով, ապա այդ ֆորմատը մեզ համար ընդունելի է։ Հարց է առաջանում, արդյոք Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նախապայմանները, մասնավորապես ԼՂ հարցի հետ կապված, ընդունելի են եղել ֆորմատի մասնակից մյուս երկրների համար՝ մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կողմից վերջին 30 տարիների ընթացքում տարբեր փորձեր են եղել ԼՂ հարցում մասնակցություն ունենալու համար, սակայն նրանց չի հաջողվել եւ անկեղծ ասած շատ մեծ հույսեր չունեմ, որ ինչ-որ փուլում հայկական կողմը ՝ ի դեմս իշխանությունների, իրենց կարծիքը եւ դիքորոշումը չեն փոխի։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031