Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՔԱՎ-ը կաջակցի հաշմանդամին՝ վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հարցում

Դեկտեմբեր 11,2021 13:30

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքում Ա. Խ.-ի հաշմանդամության խումբը կվերականգնվի։ Այդ մասին 2021 թ. սեպտեմբերի 23-ին վճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը։

ՀՔԱՎ-ը Ա. Խ.-ին կաջակցի նաեւ ոչ պատշաճ վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հարցում։

Ա. Խ.-ի համար հաշմանդամության խումբ էր սահմանվել դեռեւս 2012 թ.-ին այն բանից հետո, երբ զորակոչի նախապատրաստման շրջանում նրա մոտ ախտորոշվել էր ստորին վերջույթի կարճացում։ Ախտորոշման հիման վրա նախ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել եւ 3 տարով տարկետում ստացել, ապա ստացել հաշմանդամության 3-րդ խումբ։ Դրանից հետո արդեն վերափորձաքննությունների արդյունքում պարբերաբար հաշմանդամության 3-րդ խումբ է սահմանվել մինչեւ 2018 թ.։

2018-ի հունվարի 25-ին հերթական վերափորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբ չի սահմանվել։ Սա այն դեպքում, երբ 2012-2018 թթ.-ին Ա. Խ.-ը որեւէ բուժում չի ստացել, նրա վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ՝ վատթարացել է։ Ա. Խ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ-ն ստանձնել է հաշմանդամության խումբ չսահմանելու որոշումից հետո։ ՀՔԱՎ փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, ապա՝ Հայկ Հակոբյանը նախ բողոքարկել են այդ որոշումը, ապա՝ արդյունքի չհասնելուց հետո, 2018-ի ապրիլի 3-ին դատարան դիմել։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի դեմ հայցում նշել են, որ հաշմանդամության խումբ չսահմանելու որոշումը խախտում է Ա. Խ.-ի իրավունքները, եւ այդ որոշումը պետք է վերացվի։ Ուշագրավ է, որ այդ ողջ ընթացքում, բացի նրանից, որ հաշմանդամության խումբը պարբերաբար հաստատվել է, 2015-ին այդ ախտորոշմամբ նա նաեւ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել եւ ազատվել զինծառայությունից:

Չնայած պատասխանողը դատարան ներկայացված դիրքորոշմամբ իր առարկություններն է հայտնել եւ խնդրել մերժել հայցը, բայց դատարանը, դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, հիմք է ընդունել Ա. Խ.-ի բժշկական փաստաթղթերը, նրա ախտորոշումը եւ վերահաստատել, որ այդ ցուցանիշներով, ըստ օրենսդրական կարգավորումների, Ա. Խ.-ի համար պետք է սահմանվի հաշմանդամության 3-րդ խումբ։ Դատարանը սրանով անվավեր է ճանաչել հաշմանդամության խումբ չսահմանելու որոշումները եւ պարտավորեցրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը Ա. Խ.-ի համար հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու որոշում կայացնել։

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՔԱՎ-ը Ա. Խ.-ին կաջակցի նաեւ ոչ պատշաճ վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հարցում՝ հաշմանդամության խումբ չսահմանելու պահից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի համար։

Դատարանի այս վճռով վերականգնվում են ոչ միայն Ա. Խ.-ի իրավունքները, այլեւ նրա եղբոր իրավունքները։ Բանն այն է, որ Ա. Խ.-ի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում, նրա եղբայրը, ընտանեկան դրության պայմաններից ելնելով, կարող էր տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, իսկ այս անօրինական որոշման պայմաններում,  փաստորեն, խախտվել է նաեւ նրա՝ այդ հնարավորությունից օգտվելու իրավունքը։ ՀՔԱՎ-ը ստանձնել է նաեւ Ա. Խ.-ի եղբոր իրավունքների պաշտպանությունը եւ դիմել դատարան։ Ընտանեկան պայմաններից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու պահանջով հայցը քննվում է Վարչական դատարանում։

ՀՔԱՎ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031