«Պատերազմից հետո ՊԲ-ի և ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ կարողացել ենք ապահովել խոշոր առումով անվտանգ միջավայր՝ չհաշված պարբերաբար տեղի ունեցող դրվագները, որոնք մարդկանց կյանքեր են խլում: Սակայն խոշորամասշտաբ ռազմական գործողություններ առկա չեն, բայց դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք այս հաջողություններով»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում Արցախի անկախության հանրաքվեի 30-ամյակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նա վերահաստատեց՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, ԱՀ ժողովրդի իրավունքների անվերապահ ճանաչման հիման վրա, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնավարության իրավունքի, անկախության միջազգային ճանաչման հիման վրա և բռնազավթված տարածքների վերադարձի հիման վրա. «Սրանք այն կարմիր գծերն են, որոնք ԱՀ և ամբողջ հայության համար պետք է ուղենիշ լինեն ադրբեջանահայկական հակամարտության մասին մտածելիս, խոսելիս և ջանքեր գործադրելիս: Հաշվի առնելով Ադրբեջանի հակակառուցողական վարքը՝ ակնհայտ է, որ հակամարտությունն արագ լուծում չունի, հետևաբար մինչև հակամարտության վերջնական կարգավորումը հակված ենք, որ միջազգային անվտանգային երաշխիքները, այդ թվում խաղաղապահների ներկայությունը պետք է լինի անժամկետ՝ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը»:
Արտակ Բեգլարյանը հայտնեց՝ արդեն 120 հազար հայ է բնակվում Արցախում: Կան շուրջ 40 հազար տեղահանված անձինք, որոնց բնակարանային խնդիրներին առաջնահերթություն է տրվում: Խոսելով անվտանգային հարցերի մասին՝ Արտակ Բեգլարյանն ասաց. «Միջադեպերը դիտավորյալ են լինում ադրբեջանական կողմից, որպեսզի անընդհատ մեր բնակչությանը պահեն վախի մթնոլորտում և մղեն արտագաղթելու: Մինչև պատերազմը Ադրբեջանի հետ շփման գիծը շուրջ 200 կմ էր, հիմա շուրջ 500 կմ: Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի զինված ուժերի ու հենակետերի մոտիկ լինելը մեր բազմաթիվ բնակավայրերին: Հետաքննական մեխանիզմները կարևոր են, բայց բավականին թույլ են, ռուս խաղաղապահների կողմից են իրականացվում, բայց Ադրբեջանը որևէ ձևով ընդառաջ չի գնում որևէ մեխանիզմի ներդրման առաջարկին: Առանց Ադրբեջանի ցանկության որևէ միջազգային կողմ հետաքննական մեխանիզմ չի ցանկանում կիրառել»:
Հարցին՝ արդյոք Շուշիի մոտ ջրատար խողովակների վրա աշխատող անձի՝ ադրբեջանցիների կողմից սպանության հետ կապված պատիժներ եղե՞լ են, Արտակ Բեգլարյանը պատասխանեց. «Ոչ, նույնիսկ ադրբեջանական կողմը հանցագործի անունը չի տվել ոչ մեզ, ոչ ռուսական կողմին. ուղղակի թաքցրել են: Նաև Մարտակերտում հոկտեմբերին տրակտորի վարորդի սպանության դեպքով էլ որևէ հետաքննություն չեն իրականացրել և որևէ պատիժ չեն կիրառել իրենց հանցագործ զինծառայողի հանդեպ»:
Կարդացեք նաև
Արտակ Բեգլարյանը նաև ասաց, որ ԱՀ-ում հակամարտության կարգավորման վերջին տասնամյակի հիմնական բռնազավթված տարածքների մասին օրենք են ընդունելու, որտեղ կհստակեցնեն տարածքային և կարգավիճակային հարցերը:
Պատասխանելով Արցախի կարգավիճակին առնչվող հարցին՝ Արտակ Բեգլարյանն ասաց. «Մեր օրակարգը դրական է: Մենք պատկերացնում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի: Մեր անկախության միջազգային ճանաչմանը պետք է հասնենք: Մենք հստակ միջազգային օրենքի հիման վրա ենք մեր անկախությունը հռչակել: Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում մեզ համար ընդունելի չէ, և դա չի կարող լինել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ