Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Թերլեմեզյան» ցուցասրահում ներկայացրեց քոլեջի դասախոսների աշխատանքների՝ «100. ՄԵՆՔ» խորագրով ցուցահանդեսը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին, որոնք տարիներ ի վեր ինձ հետ կիսել են մեր լավ եւ վատ օրերը, նաեւ այսօրը դարձրել են իրականություն: Իսկ այսօրվան հասնելու համար անհավատալի շատ էներգիա, սիրտ եւ հոգի է պահանջվել: Իմ գործընկերներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն դերակատարությունը»,-ասաց քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը: Նա անուն առ անուն անդրադարձավ բոլոր աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում, իր ձեւակերպմամբ, որակ են ստանում: Ի դեպ, քոլեջի նվիրյալները պարգեւատրվեցին քոլեջի մեդալով:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորելով թե քոլեջի աշակերտներին, թե դասախոսական կազմին՝ կրթօջախ հիմնադրման 100-ամյակի առիթով, մաղթեց նոր հարյուրամյակներ: Ասաց, որ թեեւ չի սովորել Թերլեմեզյանում, բայց քոլեջի հետ կապը միշտ եղել է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը հիմնադրվել է դեռևս անցյալ դարի 20-ականներին՝ պետական թանգարանի և պետական համալսարանի հետ միաժամանակ և հանդիսանում է առաջին գեղարվեստական կրթօջախը հայկական իրականության մեջ։
Այստեղ դասավանդել են հայկական կերպարվեստի անվանի վարպետներ, որոնց զգալի մասը սովորել է Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Փարիզում, Մյունխենում, Վիեննայում, ինչպես նաև Ռուսաստանում` Պետերբուրգում, Մոսկվայում:
Քոլեջի (նախկինում «Գեղարվեստա-արդյունաբերական պոլիտեխնիկում», «Գեղարդ» տեխնիկում, այնուհետև` Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) ակունքներում են կանգնած Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Տեր-Թադևոսյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Աղաջանյանը, Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը եւ այլ մեծանուն վարպետներ: 1941 թ-ին՝ Փանոս Թերլեմեզյանի մահից հետո, արժևորելով նրա դերը հայկական կերպարվեստի, պատմության, ազգային ազատագրական պայքարի մեջ՝ ուսումնարանը վերանվանվեց Թերլեմեզյանի անունով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ