Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ համանման հանդիպումից հետո պատվիրակներին կներկայացնեն հետագա երկխոսությանն ուղղված առաջարկություններ

Դեկտեմբեր 10,2021 20:40

ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն առցանց ձեւաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 9-ին առցանց ձեւաչափով ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամները Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի հետ:

Կարի Հենրիկսենը նշել է, որ պատրաստակամ է ուշադրությամբ ուսումնասիրել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները` հավելելով, որ բարձրացված հարցերը պետք է հասանելի լինեն միջազգային գործընկերների եւ հանրության համար: Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարեւոր է համարում ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ երկխոսությունը:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասն պատմել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած ագրեսիվ գործողությունների մասին: Նա շեշտել է գերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձելու անհրաժեշտությունը:

Էդուարդ Աղաջանյանը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններից բխող պարտավորություններին Հայաստանի հավատարմությունը եւ շեշտել է Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Պատվիրակության ղեկավարը մասնավորապես անդրադարձել է ապաշրջափակման օրակարգին եւ դա բացառապես ստանձնած պարտավորությունների շրջանակում անելու անհրաժեշտությանը. տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն կողմերի ամբողջական ինքնիշխանության ներքո, պարիտետային սկզբունքով, առանց որեւէ միջանցքային տրամաբանության:

Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է նաեւ սահմանագծման եւ սահմանազատման օրակարգը` շեշտելով այս գործընթացի համար Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին համապատասխան միջավայր ապահովելու անհրաժեշտությունը:

Պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը շեշտել է՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հստակ ձեւակերպի իր ակնկալիքները Հայաստանից եւ Ադրբեջանից` տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հարցում կառուցողական դիրքորոշում դրսեւորելու ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ: Մարիա Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեւավորել է կառավարող մեծամասնություն, որի մանդատը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելն է: Տիկին Կարապետյանն ընդգծել է, որ սա, իհարկե, կախված է ոչ միայն Հայաստանից, այլեւ տարածաշրջանի այլ երկրների մտադրություններից ու գործողություններից, եւ Հայաստանը ստանձնել է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պատասխանատվության իր բաժինը:

Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները հետպատերազմական շրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, մանրակրկիտ եւ փաստարկված անդրադարձել է ռազմագերիների եւ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությանը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմանն ու շարունակական սադրանքներին: Հռիփսիմե Գրիգորյանը շեշտել է ապաշրջափակման կարեւորությունը եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել այդ գործընթացում Ադրբեջանի վարած սաբոտաժի քաղաքականությանը եւ առհասարակ ռազմատենչ հռետորաբանությանը:

Պատասխանելով մշակութային ժառանգության  վերաբերյալ Կարի Հենրիկսենի հարցին` տիկին Գրիգորյանը կարեւորել է  միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների անարգել ու ապահով մուտքն այն տարածքներ, որտեղ կան հայկական մշակութային կոթողներ` դրանց ներկայիս վիճակը պատշաճ գնահատելու եւ պահպանմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար:

Ամփոփելով հանդիպումը` տիկին Հենրիկսենը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ համանման հանդիպումից հետո երկու երկրների պատվիրակներին կներկայացնի խորհրդարանական հարթակում հետագա երկխոսությանն ուղղված առաջարկություններ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031