Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Հատկապես մարզերում ոստիկանները, քննիչները իրենց զգում են մի այլ տեսակի փոքրիկ թագավորներ, իշխաններ եւ համարում են, որ անսահմանափակ իշխանություն ունեն»

Դեկտեմբեր 10,2021 19:44

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված Հայաստանում տիրող իրավիճակի եւ նոյեմբերին Ստեփանավանում քաղաքացու նկատմամբ կիրառված բռնության շուրջ քննարկման ժամանակ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ասաց. «Ամբողջ զավեշտն այն է, որ եթե նախկինում ունեինք Հատուկ քննչական ծառայություն, հիմա փոխվել է միայն փաթեթավորումը, անվանումը: Նույն շենքում, նույն կազմով, նույն կերպ գործեր կոծկած մարդիկ շարունակում են աշխատել, պաշտոնավարել նույն կառույցում: Հիմա եթե սա փորձում են ներկայացնել բարեփոխում կամ առաջընթաց, գուցե իրականությունից կտրված կամ բացարձակ պատկերացում չունեցող  մարդկանց համար կարող է ընդունելի լինել: Բայց սա ուղղակի ծաղրի է նմանվում, որովհետեւ ոչինչ չի փոխվել:

Մեր կայքէջում երեկ հրապարակել ենք մի նյութ, թե ինչ գործերով մենք ունենք մասնակցություն եւ թե ինչ տվյալներ ունենք, թե նաեւ մեղադրանք առաջադրված եւ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող մարդիկ պաշտոնների ինչ առաջխաղացումներ են ունեցել: Եվ երբ մենք սրա մասին ասում ենք, զուտ հայտարարություններ չեն: Մենք խոսում ենք կոնկրետ գործերով, կոնկրետ մարդկանց մասին: Խոշտանգումներին ժամանակին չարձագանքելը բերում է նոր դեպքերի: Ես արդեն հոգնել եմ այս մասին ասելուց: Կանխարգելելու միակ տարբերակը պատասխանատվության ենթարկելն է: Այս՝ Ստեփանավանի դեպքը չէր լինի, եթե նախկինում որեւէ մեկը պատասխանատվության ենթարկված լիներ: Հատկապես մարզերում ոստիկանները, քննիչները իրենց զգում են մի այլ տեսակի փոքրիկ թագավորների, իշխանների կարգավիճակում եւ համարում են, որ իրենք ունեն անսահմանափակ իշխանություն:

Ոչ, իշխանությունը չեն տվել փողոցում մարդկանց անտեղի կանգնեցնելու, հետո հարցին հարցով պատասխանելու համար, թող ների տուժող Վրեժ Մկրտումյանը, ոտի տակ առնելու: Ձեր գործառույթը նաեւ ձեր նման հանցագործներին կարգի հրավիրելը, համակարգից մաքրելն է:

Հակակոռուպցիոն կոմիտեն զավեշտի շարունակությունն է, որովհետեւ ՀՔԾ-ն փակելուց հետո խոշտանգման գործերը առհասարակ առկախված մնացին:

Ու մեկ էլ ոստիկանության բարեփոխումները, որ շատ գեղեցիկ փաթեթավորված ներկայացնում են: Որ ունենք գեղեցիկ հագնված ոստիկանների մի փոքր զանգված, որ պլանշետներ ունեն, շատ գեղեցիկ ու շատ կարեւոր է: Ու ես այդ փոփոխությունը չեմ քննադատում, դա լավ է: Բայց մեր իրականությունը սա չէ: Մեր իրականությունը այն է, որ մենք մինչեւ հիմա ունենք ոստիկանության բարձրաստիճան սպաներ, որոնց համար ծեծը գործունեության միակ տարբերակն է, որ նրանք ոչ միայն արդարացնում են իրենց գործողությունները, այլեւ այլ տարբերակ չեն էլ քննարկում իրենց մտքի մեջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031