Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը։
«Մեզ համար պատիվ է այսօր Ձեզ հյուրընկալել Շիրակի մարզում, արդեն փոխգործակցության նախադրյալներ ունենք, լիահույս եմ, որ այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում եք Հայաստանում՝ շարունակական կլինի»,- նշել է Շիրակի մարզպետը։
Կարևորելով Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզից գերեվարվածների վերադարձի և հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։ Ջագան Չափագանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար ու նշել, որ վերահաստատում է Հայաստանի կողքին գտնվելու պատրաստակամությունը, իսկ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։
Մարզպետը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Շիրակի մարզում, մասնավորապես, անդրադառնալով համայնքների դիմակայունության բարձրացմանը, պատերազմի, աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերին։
Կարդացեք նաև
Կարևորելով մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել համագործակցությունը։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ