Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղարագյոզյան. «Գեղեցիկ է հնչում Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նույն ՀՔԾ քննիչներն են, խոշտանգման բազմաթիվ գործեր կարճած նույն կառույցը»

Դեկտեմբեր 10,2021 17:59

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս առիթով Մեդիա կենտրոնում այսօր քննարկում էր «Խոշտնգվողին՝ կոնֆետ, խոշտանգողին՝ պաշտոն, ավանդույթները շարունակվո՞ւմ են. մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով:

Նոյեմբերի 12-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցները ծեծի ենթարկում տուժող Վրեժ Մկրտումյանին, իսկ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը քաղաքացու հետ զենքով էր խոսում եւ սպառնում կրակել ոտքերին: Այս փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս մեղադրյալ չկա:

Տուժողը հակիրճ ներկայացրեց եղելությունը, որից հետո նրա շահերի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիա ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը նախ տարակուսանք հայտնեց, թե այս գործն ինչի համար է հենց գլխավոր դատախազի կողմից  ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, ապա տեղեկացրեց, որ տուժողի հարցաքննություն եղել է եւ գործ է հարուցվել քրօրի լիազորությունների անցման հոդվածով: «Ես համաձայն չեմ հարուցված այդ քրեական գործի հետ, որովհետեւ գործը հարուցելու որոշումն ընթերցելիս իրական պատկերը չի ներկայացված եւ տուժողին ծեծի ենթարկելու, խոշտանգման նկարագրությունը բաց է թողնված: Մենք գտնում ենք, որ նորաստեղծ  Հակակոռուպցիոն կոմիտեն ՀՔԾ-ից որեւէ բանով չի տարբերվում: Բացառապես նույն քննիչներն են, եւ պաշտոնակատար Վահե Խաչատրյանը, որ այս գործն է քննում, որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել ի սկզբանե բացահայտելու, թե ովքեր են եղել բռնություն գործադրողները: Այդ գործողությունը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է տուժողը, նկարները բերել-դրել է քննիչի սեղանին, տուժողը ներկայացրել է, որ Ստեփանավանի ոստիկանապետն է եղել զենքով, սակայն մինչեւ օրս որեւէ մեղադրյալ չկա: Այսինքն, նորմալ էր մարդուն դաժանաբար ծեծի ենթարկելը: Ոչ մեկի լիազորությունները դեռ կասեցված չէ, ոչ մեկի դեմ դեռ քրեական գործ չի հարուցված: Այստեղ միտում կա, Հակակոռուպցիոն կոմիտեում որեւէ բան չի փոխվել: Եվ թող իշխանությունը կամ համապատասխան կառույցը չփորձի միջազգային կառույցներին խաբել, թե նորմալ քննություն են իրականացնում:

Իրականում շատ գեղեցիկ է հնչում, երբ ասում են Հակակոռուպցիոն կոմիտե: Սակայն նույն ՀՔԾ քննիչներն են: Խոշտանգման բազմաթիվ գործեր կարճած նույն կառույցն է, որը շարունակում է նույն գործելաոճը»,-հայտարարեց տուժողի շահերի ներկայացուցիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031