Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ազատ արձակվեցին «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Դեկտեմբեր 10,2021 17:46

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ արձակվեցին՝ առանց դատարանի որոշման:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Քրեակատարողական հիմնարկի առաջ նրանց դիմավորելու էին եկել «Հայաստան» դաշինքի պատգամավորները:


Մխիթար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասում էր այսպիսի որոշման. «Միեւնույն է՝ մի օր գալու էր այդ օրը»:

Սահմանին լարված իրավիճակի վերաբերյալ հարցին էլ Մխիթար Զաքարյանն ի պատասխան ասաց՝ «Սահմանային լարվածության դեմը պետք է առնի ուժեղ պետությունը, ուժեղ, կանոնավոր բանակը: Որպես պատգամավոր, ես կարող եմ ցավել, նպաստել բանակին, բայց ռացիոնալն այն կլինի, որ մեր բանակն ուժեղանա, մեր պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբն իր պարտականությունները կատարեն: Մեծ հույս ունենք, որ դա իրական կլինի»:

Արթուր Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ մտահոգություն չունի՞, որ դատախազությունը կարող է դիմել ԱԺ-ին, անձեռնմխելիությունից զրկել եւ կրկին կալանավորել: Ի պատասխան, պարոն Սարգսյանն ասաց՝ այս երկրից ամեն ինչ սպասելի է, բայց ինքը պատրաստ է: Առաջադրված մեղադրանքն ապօրինի՞ է, թե՞ ոչ հարցին էլ, Արթուր Սարգսյանը պատասխանեց՝ քանի որ գործը դատաքննական փուլում է, ավել տեղեկատվություն չի կարող տալ. «Ոնց այս վեց ամսվա մեջ կալանավորումն ապացուցվեց, որ խայտառակ ապօրինի էր, դուք կտեսնեք՝ մեկ տարի կտեւի, թե՝ 6 ամիս, ես կարդարացվեմ, որովհետեւ ապօրինի է: Այն անձնավորությունը, որն իմ դեմ ցուցմունք է տվել, այսօր Սիսիանի քաղաքապետարանում նշանակվել է բարձր պաշտոնի՝ բաժնի պետ: Համոզված եմ՝ հենց այդ գործարքի համար»:

Հիշեցնենք, որ այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը:

ՔԿՀ-ի առջեւ էր նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը: Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ առանց դատարանի որոշման Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ են արձակվում, պատասխանեց՝ այստեղ որեւէ դատարանի որոշման անհրաժեշտություն չկա. «Ուղղակի տեխնիկական իմաստով, դատարանի որոշումն ավելի արագ տրամաբանությամբ պետք է գործի: Ավելին ասեմ, երեկ երեկոյան պետք է լինեին այդ դատական ակտերը, եւ մեր ընկերները պետք է լինեին ազատության մեջ: Խնդիրն ուրիշ բանում է. Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի դեպքում դատավորները փաստացի այս պահին նույնիսկ գործունեություն չէին էլ կարող իրականացնել: Մխիթար Զաքարյանի դեպքում դատավորը բացարկ է հայտնել, Արթուր Սարգսյանի դեպքում էլ դատավորի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ: Հետեւաբար, այս դեպքում գործում է մեկ այլ ռեժիմ. նույն դատախազությունն ունի լիազորություն՝ ապահովելու կալանավորումների եւ պատժի կրման ընթացքում օրինականությունը»:

Ըստ պարոն Վարդեւանյանի, Սահմանադրական դատարանի որոշմամբ այլեւս արձանագրվեց, որ այդ անձանց կալանավորումն օրինական չէ. «Այստեղ նույն քրեակատարողական ծառայությունը որեւէ հնարավորություն չունի մեր ընկերներին պահելու, որովհետեւ դրա իրավական հիմքն այլեւս գոյություն չունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031