Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշտեցի՞ք՝ գերիները ձեզ ներե՞լ են. Էդուարդ Աղաջանյանը՝ գերիների կալանավորման ու Բաքվի բանտերում 1-2 ամիս ավելի մնալու համար ՔՊ-ին ներելու մասին

Դեկտեմբեր 10,2021 17:10
geri

Բաքվի բանտերից Հայաստան վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Այսօր այս առնչությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ չպե՞տք է սպասել, որ բոլոր գերիները վերադառնան, վերլուծել ինչ հանգամանքներում են գերեվարվել, նոր կալանավորել՝ պատասխանեց, որ ինքը գնահատական չի կարող տալ, որովհետեւ խոսքը օրենսդրական կարգավորումների մասին է, ուստի հոգեբանական եւ այլ հանգամանքներ հաշվի առնելու համար կոնկրետ մարմիններ կան. «Ոչ մի դեպքում դա չի կարող տեղի ունենալ՝ ի հակառակ ՀՀ օրենսդրության»:

Էդուարդ Աղաջանյան

Մեր հարցին՝ ինչո՞ւ որեւէ գեներալ չի կալանավորվել նույն հանգամանքների հետ կապված եւ կալանավորվել են գերիներ՝ Աղաջանյանը պատասխանեց. «Արձանագրենք, որ բազմաթիվ անձինք, այդ թվում՝ զինվորականներ, այս պահի դրությամբ անցնում են քրգործերով, հետեւաբար պնդել այն, որ զինվորականները, ովքեր ենթադրաբար ունեցել են պատասխանատվության իրենց բաժինը, չեն անցնում քրեական գործերով, չեն համապատասխանում իրականությանը»:

Ճշտեցինք՝ ո՞ր գեներալի մասին է խոսքը, ո՞վ է կալանավորվել՝ Աղաջանյանը հորդորեց դա ճշտել դատախազությունից եւ եթե հրապարակման ենթակա լինի, կտեղեկացնեն. «Ես անձնավորված տեղյակ չեմ»:

Խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարության եւ գերիների կալանավորման փոխկապակցվածության մասին՝ Աղաջանյանն ասաց. «Գերիների գերեվարման հետ կապված դրվագների վերաբերյալ քրգործերը չեն կարող ու երբեք պայմանավորված չեն եղել ՀՀ որեւէ քաղաքական գործչի պատկերացումներով եւ ճաշակով: Այն, որ սրա մասին խոսվում է վերջին մեկ-երկու շաբաթում, պայմանավորված է միայն նրանով, որ դրա մասին առաջին անգամ սկսեց խոսել վարչապետը ու հետո հանրային լայն շրջանակներում: Սա նուրբ թեմա է եւ պետք է զգուշորեն խոսել, բայց նախկինում եւս գերիները, երբ վերադարձել են ՀՀ, բոլորը անցել են նույն ընթացակարգով եւ եթե կան մեղավորներ, ենթարկվել են պատասխանատվության: Եթե չկան մեղավորներ՝ չեն ենթարկվել: Արդեն իսկ ՀՀ վերադարձած գերիների հետ կապված համապատասխան մարմինները քննություն են իրականացնում ՝ պարզելու, թե ինչ պայմաններում են նրանք հայտնվել գերու կարգավիճակում»:

Դիտարկմանը, որ մինչ այս չի եղել դեպք, որ գերիները կալանավորվել են գալուց հետո՝ Աղաջանյանը պատասխանեց. «Դե ուրեմն դրա համար հիմք չի եղել, որ կալանավորվեն, կամ գուցե դատարանը միջնորդությունը չի բավարարել: Ծանոթ չեմ»:

Ինչ վերաբերվում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Աղաջանյանը վստահեցնում է, որ մոնտաժված տարբերակը տարածվեց բոլոր սոցցանցերով. «Հաճախ լրագրողները դիտմամբ կամ պատահաբար մոռացության են մատնում այն փաստը, որ դրանից հետո հրապարակվել է ամբողջական տեսանյութը, որը դիտելիս միանշանակ կարող են արձանագրել, որ կոնտեքստից տրված այդ արտահայտությունը չի արտացոլում այն բովանդակությունը, որը Ալեն Սիմոնյանը փորձել է հաղորդել իր զրուցակցին»:

ԱԺ ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար»: Ուստի լրագրողները հետաքրքրվեցին՝ պարզեցի՞ք, գերիները ներե՞լ են ձեզ՝ Աղաջանյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ դա լուրջ հարց չէ: Ես այդ հարցն ընկալում եմ որպես հռետորական»: Ճշտեցին՝ Նիկոլ Փաշինյանը հռետորական ելո՞ւյթ էր ունենում՝ Աղաջանյանը պատասխանեց. «Դա լրագրողի կողմից որպես հնչած հարց լուրջ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031