Հետպատերազմյան Հայաստանում մարդու իրավունքներից առաջնային են մարդու կյանքի իրավունքը եւ պետությունը չի կատարել ու չի կատարում իր պոզիտիվ պարտականությունը եւ հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ բարոյականությունից շատ հեռու է, որ հիմա փորձ է արվում այդ մարդկանց մեղավորներ եւ դավաճաններ դարձնել: Այս մասին այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում. ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ, ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ նկատի ունենալով գերիներին պիտակավորելու վարչապետի եւ ԱԺ նախագահի վերջին հայտարարությունները: Նա տպավորություն ունի, որ իշխանությունը չի կարողանում լուծել խնդիրը եւ փորձում է մարդկանց ներշնչել, իբր խնդիրը գոյություն չունի:
Խոսքի ազատության իրավունքի մասին էլ իրավապաշտպանն ասաց, որ միայն պատերազմի ավարտից հետո հասկանալի դարձավ, թե ինչու էր իշխանությունը հետեւողական սահմանափակում խոսքի ազատության իրավունքը՝ ռազմական դրության անվան տակ, ապա դրան հետեւեցին այլ օրենսդրական փոփոխություններ էլ, մինչդեռ այդ ոլորտում մասնագետների տասնյակ տարիների աշխատանքի արդյունքում ձեռքբերումներ ունեինք:
Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաեւ հավաքների ազատության իրավունքին, որին միջազգային կառույցներն էլ են զգուշորեն անդրադառնում՝ նկատելով, որ ոստիկանների թիվը շատ մեծ է: Նա խոսեց նաեւ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատրվակով բերման ենթարկելու դեպքերի մասին, որոնք համատարած են եւ այլն:
Այսօր նաեւ Արցախի անկախության օրն է:
Կարդացեք նաև
«Մենք, տարիներ շարունակ, այս օրը եղել ենք Արցախում, տեսել ենք միասնական Արցախ: Այսօր մենք տեսնում ենք մեր Արցախը մասնատված, Ադրբեջանի տիրապետության տակ, տեսնում ենք մշակութային վանդալիզմ, տեսնում ենք այն ամենն, ինչ կատարվում է մեր գերեւարված անձանց, ռազմագերիների հետ: Ամեն դեպքում, ես ուզում եմ շնորհավորել Արցախի անկախությունը, իրենց ինքնորոշման իրավունքի համար 30-ամյա պայքարը եւ անկախ ամեն ինչից՝ վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է»,- իր խոսքում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի հիմնադիր Նաիրա Զոհրաբյանը:
Իր եվրոպացի գործընկերները մի փաթեթ են ուղարկել, որով փորձ է արվում Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնել իբրեւ ալբանական: Նա ուշագրավ է համարում, որ այդ գործում ներգրավված են եւ մեծ աշխատանք են կատարել գերմանացի հայտնի գիտնականներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ