Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերին հերո՞ս է, թե՞ դասալիք. Սիրանույշ Սահակյան

Դեկտեմբեր 10,2021 16:23

«Մենք ի սկզբանե մտահոգություններ ենք ունեցել, երբ հանրային գիտակցության մեջ, գերիների մասով, սխալ ազդակներ արվեցին, դեռ շատ ամիսներ առաջ: Դրանք էին՝ զուտ վարկանիշ ապահովելու ջանքերից ելնելով, երբ ռուսական կողմի ջանքերով վերադարձվում էին ռազմագերիները, նրանց դիմավորում էին փոխվարչապետը, Արցախի նախագահը, վարչապետը եւ այլն: Մենք համանման օրինակներ չունեցանք, որ մարտում, լուրջ առաջադրանք կատարած եւ ողջ վերադարձած հերոսներին դիմավորում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք»,- այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում. ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ, մենք ունեցանք նաեւ երեւույթներ, երբ համաներումների կիրառման հարցն էր քննարկվում, անգամ պատերազմի ժամանակ, զինվորական կյանքի դեմ հանցագործություն կատարած մարդիկ հայտնվեցին համաներման ցուցակներում, որը դարձյալ սխալ ազդակ էր պարունակում եւ ունեցանք շատ ավելի վատ վերբալ արտահայտություններ, երբ վարչապետը գերիներին կոչում էր հերոսներ, զուտ այն փաստի հիմքով, որ նրանք ադրբեջանական լծի ներքո գտնվում են ադրբեջանական բանտերում եւ կարողանում են դիմակայել այդ տառապանքներին. «Կարծում եմ, չկա մի ազգ, որտեղ հերոսի կերպարը նման կերպ կերտվի: Հերոսները, իմ պատկերացմամբ, նրանք են, ովքեր հայրենիքը վեր են դասել սեփական կյանքին»:

Այս պարագայում, իրավապաշտպանը միանգամայն հասկանալի է համարում արժեքաբանական խնդիրները: Իսկ այժմ էլ նա նկատում է հակառակ ծայրահեղությունը, երբ առանց դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու՝ բոլոր գերիներին պիտակավորում են իբրեւ հանցագործներ: Իրավապաշտպանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ բազմաթիվ գերիներ գերի են ընկել իրենց կամքից անկախ եւ եթե հնարավորություն տրվեր, նրանք ևս իրենց կյանքը կզոհաբերեին հանուն հայրենիքի:

Ըստ նրա, առանձին դեպքերում, պետության բացթողումներն են հանգեցրել գերեւարման: Օրինակ, երբ քաղաքացիական անձինք պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը գերեւարվել են՝ ցուցանակների եւ սահմանապահ ծառայողների բացակայության պայմաններում, որեւէ մեկը բարոյական իրավունք չունի նրանց մեղադրելու:

Ավելին, իրավապաշտպանն ասում է, որ եղել են դեպքեր, երբ զինծառայողներին տեղափոխել եւ թողել են մի հատվածում, որը գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո. «Ընդ որում, այդ փաստերը հրապարակային են եղել ու ադրբեջանական կողմը տեսանյութերով հիմնավորել է, որ այդ տարածքը, շենքը իրենց տոտալ վերահսկողության ներքո է, բայց մեր զինվորականներին, կիսազինված, տարել եւ թողել են այնտեղ»: Իրավապաշտպանի պնդմամբ՝ սրանք հանցագործություններ են հենց այդ անձանց նկատմամբ եւ պետությունը պետք է հավասարապես նաեւ այդ դեպքերը քննի:

Խծաբերդի դրվագին անդրադառնալով էլ՝ Սիրանույշ Սահակյանն ասաց, որ բոլորը քննվել են վկայի կարգավիճակով եւ պետք էր վկայի կարգավիճակին հարիր լիներ հարցաքննությունը, նաեւ քննվողների համապատասխան հոգեբանական իրավիճակը հաշվի առնելով:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարտին Ադամյան says:

    1. «Գերեվարվել/գերեվարել» գրվում է վ-ով, այլ ոչ թե և/եւ-ով, քանի որ կազմված է «գերի» և «վարել» բառերից:
    2. Օտար «վերբալ» բառի փոխարեն ցանկալի է օգտագործել «բանավոր» բառը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031