Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը:
ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշեց, որ մի անգամ այս նախագիծը մերժել են. «Հայտարարությունը պարունակում է մեր ներքաղաքական կյանքին վերաբերող դրույթներ, մասնավորապես, առաջարկվում է կոչ անել կառավարությանը եւ վարչապետին մնալ սահմանադրության շրջանակներում, ԱԺ-ի կողմից նման կոչ անելը անթույլատրելի է: Ինչպես նաեւ անթույլատրելի է, որ ՀՀ ԱԺ-ն կասկած հայտնի ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի կողմից ՀՀ-ի ու Արցախի շահերը լավագույնս պահելու հարցում»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարցրեց՝ այս պահին բանակցային գործընթացը հնարավորություն ստեղծո՞ւմ է որ երբ լինի փաստաթուղթ սահմանագծման, սահմանազատման վերաբերյալ, ներառի նաեւ, թե ո՞ր միջազգային կառույցը, օրինակ, Մինսկի խումբը ունի մանդատ զբաղվելու ղարաբաղյան հիմնախնդրով:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ Մարիա Կարապետյանն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող դիրքորոշումը հանրայնացնելը սխալ է ու չի ամրապնդում մեր երկրի բանակցային դիրքերը, ուստի եթե գիտի այդ տեղեկությունները, պետք է որ չարտաբերի. «Տեսական դատողություն թույլ կտամ անել՝ հայ ժողովուրդը, Հայաստանը, Արցախը ունենք շահեր ու տրամաբանական չէ, որ մի կենսական շահը պայմանավորեն մյուս կենսական շահով: Սահմանազատումը եւ սահմանագծումը դիտարկում ենք հնարավորություն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը հավելյալ գործիքով պաշտպանելու համար: ԼՂ հակամարտության կարգավորումը եւս մեր կենսական շահն է: Տրամաբանական չէ, թե ինչու մի հարցը մյուսի հետ փոխկապակցելը պետք է օգնի ամրապնդել մեր բանակցային դիրքերը»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ նախագծով ընդամենը կարմիր գծերն են սահմանում, թե ինչ չպետք է անի կառավարությունը, իսկ ՔՊ-ականները վստահեցնում են, որ դրա կարիքը չեն տեսնում, բացառում են, որ Հայաստանը կգնա սխալ ճանապարհով. «Նախանձում եմ ձեր հավատին»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ հայտարարության տեքստն ուղղված է դրսին ու բոլորովին կապ չունի կառավարությանը անվստահություն հայտնելու հետ, ուզում են արտաքին ճնշումներին դիմադրել ոչ թե մեկ անձով, այլ՝ խորհրդարանով. «Մեկ անձը չի կարող իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը ու մի անձով երկիրը տանել անհայտ ուղղությամբ: Հենց այդ մեկ անձի որոշումներով ենք եկել հասել այստեղ, տեղյակ չենք եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Սա աննորմալ վիճակ է»:
Ըստ Ռուստամյանի, խորհրդարանը պատվեր պետք է տա կառավարությանը. «Ասում են՝ ինչպե՞ս կարող է ԱԺ-ն պահանջի կառավարությունից: Այո՛, հենց խորհրդարանը պետք է պահանջի կառավարությունից, բա կառավարությունն է բխել ԱԺ-ից, ոչ թե հակառակը»:
Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ստանում է Հայաստանից այն, ինչ ուզում է. «Մենք Հայաստանի մեջ տեղից տեղ ենք գնում արդեն Ադրբեջանով, անցնում ենք ադրբեջանական անցակետ, պետական ճանապարհը՝ M2-ը փակվել է, բա որ դա փաստացի սահմանագծում չէ, բա ի՞նչ է: Սա պետք է կանխվի: Կարմիր գծեր է պետք արձանագրել, ասում ենք՝ կառավարություն, գնա ինչ ուզում ես արա, բայց այս կարմիր գծերը չանցնես: Առաջին կարմիր գիծն այն է, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները այնպես չանեք, որ խախտվի ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Եվ երկրորդը՝ չգնաք այնպիսի բանակցությունների, որը կկանխորոշի Արցախը Ադրբեջանի կազմում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ