«Այս պահի դրությամբ հաստատված է Ադրբեջանում պահվող 40 ռազմագերիների թիվը, բայց մեր փաստահավաքությունը վկայում է, որ եւս հավելյալ 80 անձինք գտնվել են գերեվարման մեջ, բայց պետությունը հրաժարվում է պաշտոնական ընդունել դա: Նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան »,- այս մասին այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում. ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:
«Ցավոք, դրական տեղեկատվություն չկա եւ մենք չգիտենք՝ նրանք դեռեւս որեւէ թաքստոցում պահվո՞ւմ են, թե՞ միգուցե նրանք սպանված են եւ հանցագործության հետքերը թաքցնելով՝ Բաքուն հրաժարվում է վերադարձնել նրանց դիերը»,- ասաց Սիրանույշ Սահակյանը՝ հավելելով, որ հստակ տեղեկատվություն չկա նաեւ նոյեմբերի 16-ին գերեվարված մեր զինծառայողների թվի մասին: Պաշտոնապես թիվ չի հնչեցվում, խոսվում էր 12-13 գերեվարվածների մասին, բայց իրենց տեղեկություններով՝ նրանց թիվը 32-ն է: Սիրանույշ Սահակյանի համար անհասկանալի է, բայց դրական է պետության վարքագծի փոփոխությունը, երբ նախկինում առհասարակ թվեր չէին հրապարակվում, այդ դեպքով հրապարակվեց, բայց տարօրինակ է, որ սխալ թիվ հրապարակվեց: Ի դեպ, Ադրբեջանը նույնպես դեռ չի հաստատել նոյեմբերի 16-ին գերեւարվածների թիվը, նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչները նրանց Բաքվում չեն այցելել:
Սիրանույշ Սահակյանը նաեւ անդրադարձավ արդեն մեկ տարի շրջանառվող խոսակցություններին, որ պատերազմի օրերին որոշ հայ զինծառայողներ հայտնվել են Իրանի տարածքում: Նա հստակ հայտարարեց, որ Իրանում չկան եւ չեն էլ եղել հայ գերիներ: Իրավապաշտպանը չի բացառում, որ այս վարկածը նաեւ միտումնավոր շրջանառված լինի, քանի որ կան մարդիկ, որոնք նյութական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով՝ հարազատներին հայտնել են վարկածներ, որոնք չեն համապատասխանել իրականությանը. «Այս գործընթացներում ներգրավված անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության»:
Սիրանույշ Սահակյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ մենք անհավասար պայմաններում ենք նաեւ այն առումով, որ նրանք գնում են միջազգային հետազոտողների, վերլուծական կենտրոնների, իրավաբանների, որպեսզի իրականությունը հօգուտ իրենց ներկայացվի: Երկակի չափանիշների կիրառման համատեքստում է Սիրանույշ Սահակյանը դիտում Հաագայի միջազգային դատարանի՝ Հայաստանի հանրապետության խնդրանքի՝ անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, մերժումը: Իրավապաշտպանն ասաց, որ նման մոտեցում մենք նաեւ ՄԻԵԴ-ում էինք տեսել, այս առումով սպասելի էր Հաագայի դատարանի որոշումը: Նա հայտարարում է, որ սա իրականություն է, որը գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու՝ մենք մեր ուժերին պետք է ապավինենք եւ ոչ թե այլոց:
Կարդացեք նաև
Նա բերեց նաեւ հայ ռազմագերիների եւ ռուսաստանցի քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնիի գործերի համեմատությունը՝ ընդգծելով, որ քաղաքական նկատառումներն են առաջին պլանում, մանավանդ, որ մենք ունենք ապացույցներ, որ հայ ռազմագերիները սպանվել են ադրբեջանական բանտերում ու անգամ նրանց դիակները չեն վերադարձվել ընտանիքներին:
Ամեն դեպքում, Սիրանույշ Սահակյանը դրական է գնահատում, որ դատարանը բռնություններից զերծ մնալու պահանջ է դնում Ադրբեջանի վրա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ