ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրեց. «Հնարավոր չէ՞ր 2018-ի մայիսի դրությամբ ունենալ ավելի պաշտպանված, ավելի ունակ, կահավորված, պատրաստված զինված ուժեր, որը կկարողանար դիմակայել այն մարտահրավերներին, որոնք առկա էին»:
Սեյրան Օհանյանն էլ պատասխանեց. «Իհարկե, հնարավոր էր, միշտ ցանկություններն ավելի են եղել, քան ՀՀ-ի հնարավորությունները»:
Սեյրան Օհանյանը մատնանշեց նաեւ Փաշինյանի օրոք բանակի սխալները, որոնք իջեցրել են բանակի պատրաստվածության մակարդակը. «2018-ից հետո ես չեմ տեսել որեւէ խոշոր զորավարժություն, որ զինված ուժերի ղեկավարությունը իրականացրել է: Ես տեսել եմ վերջին զորավարժությունների թերությունները, զանգել, զգուշացրել եմ: Ամենակարեւորը՝ բանակի արտաքին տեսքը տեսեք. դուք տեսե՞լ եք որեւէ պետական պաշտոնյա՝ սկսած գերագույն հրամանատարից, ինչպես հակառակորդի գերագույն հրամանատարն է, հագնի մեր զինված ուժերի զինվորի համազգեստը եւ գնա մարտական գործողությունների կամ իր պարտականությունները կատարի: Չե՛մ տեսել: Ինչ-որ մի ձկնորսների համազգեստ են մտցրել, դրանով իսկ կարգապահության մակարդակը… այլ բառեր չեմ ուզում օգտագործել…»,- զսպեց Օհանյանը՝ ավելի կոպիտ չարտահայտվելու համար: Նա հավաստիացրեց, որ բարեփոխումների պլան չկա բանակում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ