Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ը՝ գերությունից վերադարձածներին առաջադրված մեղադրանքի մասին

Դեկտեմբեր 10,2021 15:17

«Մարդասիրական առումով էլ ճիշտ չէ Ադրբեջանի գերությունից վերադարձած հայ գերիների անմիջապես ներգրավումը իրավական գործընթացներում»,- այս մասին այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում. ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է օրինաչափ հայ գերիների կալանավորումը եւ նրանց մեղադրանք առաջադրելը:

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ հայկական կողմին վերադարձված գերիների հետ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել եւ հստակ կարող է ասել՝ նրանք հոգեբանորեն այնպիսի իրավիճակում չեն, որ անմիջապես ներգրավվեն նման գործընթացների մեջ: Ըստ Արցախի ՄԻՊ-ի, նրանք նախ պետք է վերականգնողական փուլ անցնեն, հետո միայն որոշակի իրավական գործընթացների մեջ ներգրավվեն: Իրավական գործընթացները նման կերպ սկսելը ինքը ճիշտ չի համարում, քանի որ այդ մարդիկ առանց այն էլ բավականին դժվար իրավիճակով են անցնում Ադրբեջանում, իրավապաշտպանների ու ՄԻՊ-ի կողմից փաստագրված է նաեւ, թե ինչպիսի խոշտանգումների են նրանք ենթարկվում գերության մեջ:

Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին խոսելիս՝ Գեղամ Ստեփանյանն առաջին հերթին անվտանգային խնդիրներին անդրադարձավ: Ըստ նրա, իհարկե, ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը մեծ երաշխիքներ է ստեղծել, որպեսզի արցախցիներից շատերը վերադառնան Արցախ, բայց արցախցիների կյանքի իրավունքն անընդհատ ոտնահարվում է: Անցած մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել 58 հանցագործություն, որի հետեւանքով 3 քաղաքացիական եւ 10 զինվորական անձանց սպանություն է արձանագրվել, նաեւ արցախցիների սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ են եղել: Ըստ ՄԻՊ-ի, անպատժելիությունը մնում է խնդիր, քանի որ ռուսական խաղաղապահների կողմից դրանք զուտ արձանագրվում են, պատասխանատվության մեխանիզմներ չկա, որպեսզի հնարավոր լինի զսպել ադրբեջանցիների հանցագործությունները:

Արցախի ՄԻՊ-ի գնահատմամբ, մարդկանց մոտ անորոշության խնդիր կա եւ պետք է հստակություն մտնի հարցում, թե ռուս խաղաղապահների ժամկետի ավարտից հետո ի՞նչ է լինելու:

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ երեկ Մաճկալաշենում տեղի ունեցածը, երբ ադրբեջանական կողմից կրակել էին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի վրա, եզակի դեպք չէ, անցած մեկ տարվա ընթացքում դրանք բազմաթիվ են եւ ադրբեջանական ագրեսիան ակտիվանում է հատկապես գյուղատնտեսական աշխատանքների շրջանում ու այն համայնքներում, որոնք պատերազմի արդյունքում հայտնվել են Ադրբեջանի հետ շփման գծի հարեւանությամբ: Այս, Արցախի տարածքում կապի եւ հեռահաղորդակցության միջոցների խլացումը եւ ոտնձգությունների մնացյալ դեպքերը, ըստ Արցախի ՄԻՊ-ի, նպատակ ունեն Արցախը մեկուսացնելու, Արցախում կյանքը անտանելի դարձնելու, որպեսզի Արցախը հայաթափվի:Հայտարարելով, որ Արցախում բնակչությունը 25 հազար է եւ, որ միջադեպերը համակարգված բնույթ չունեն, այլ քատոիկ, կենցաղային հողի վրա են, իր գնահատմամբ, Իլհամ Ալիեւը փորձում է Արցախում բնակչության հնարավորինս նվազագույն թիվ ցույց տալ միջազգային հանրությանը եւ տպավորություն ստեղծել, որ այնտեղ խնդիրներ չկան:

Գեղամ Ստեփանյանն առաջարկում է՝ շփման գծի հարեւանությամբ գտնվող բնակավայրերի մոտից հեռացվեն ադրբեջանցիների ռազմական հենակետերը, քանի որ անգամ դրանց ներկայությունն այդ տարածքում լուրջ սպառնալիք է խաղաղ բնակիչների համար

Նա նկատեց, որ մշտական կապի մեջ է իր հայաստանյան գործընկերոջ հետ, համադրում են իրենց աշխատանքը եւ եկել են այն եզրակացության, որ թե Արցախում, թե Հայաստանում Ադրբեջանական ագրեսիան նույնաբովանդակ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031