Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ իշխանությունները ունե՞ն մեղքի բաժին այդ ռազմական դիսբալանսի մեջ». Էդուարդ Աղաջանյանը՝ Սեյրան Օհանյանին

Դեկտեմբեր 10,2021 15:06

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը, բայց այս անգամ՝ դռնբաց: Մեկ անգամ արդեն այս նախագիծը քննարկվել եւ բացասական եզրակացության էր արժանացել, հիմա կրկին արտահերթ ընթացակարգով այն ընդգրկվել է օրակարգ:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ այս թեման հանրության համար հետաքրքիր է, վերաբերում է ՀՀ սահմանային իրավիճակին եւ Արցախի հետ կապված խնդիրներին. «Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը, որ պետք է կատարեին իրենց պարտականությունները, Ադրբեջանը չի կատարում, ավելին՝ սադրանքների է գնում: Այս պայմաններում հապճեպ գնալ սահմանագծման եւ սահմանազատման ու հարվածի տակ դնել Արցախի ճակատագիրը անընդունելի է»:

Սեյրան Օհանյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանից. «Նա ասաց, որ 2016-ին էլ արդեն հայտնի էր, որ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս բերելու ոչ մի հնարավորություն չկա: Այդ դեպքում ինչո՞ւ էիք 2018-ին պնդում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Էդուարդ Աղաջանյան

Ի պատասխան՝հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Մոռացաք նշել ռազմական դիսբալանսը այդ ժամանակ, որը դե ֆակտո մեծ խնդիրներ էր առաջացնում՝ այդ խնդրի լուծման համատեքստում: Ուզում եմ ձեր կարծիքը լսել՝ նախորդ իշխանությունները ունե՞ն մեղքի բաժին այդ ռազմական դիսբալանսի մեջ, ի՞նչ էր արել, կամ ի՞նչ չի արել նախորդ կառավարությունը, ո՞րն է բացատրությունը նմանատիպ ռազմական դիսբալանսի 2018-ի դրությամբ»:

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այս կառավարության պաշտպանության նախարարները չեն գալիս ԱԺ՝ հաշվետվություն տալու, գալիս են երկրորդական պաշտոնյաներ. «Ինչ վերաբերում է ռազմական դիսբալանսին, անվտանգության ապահովման գործում զուգահեռաբար ենք աշխատում, ե՛ւ քաղաքական գործիքներն են օգտագործվում, ե՛ւ անվտանգության համակարգի, բանակի զարգացման ուղղությամբ են աշխատանք տանում: Այս տարիների ընթացքը ցույց է տվել, որ բանակն իր զարգացումն ապրել է, այս տարիներին լուրջ աշխատանք է տարվել՝ ռազմական դիսբալանսը կրճատելու, սպառազինություն, ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ: Իհարկե, չենք կարող մեր հնարավորությունները համեմատել Ադրբեջանի հետ, Ադրբեջանն ավելի արագ է զարգացել, դա պայմանավորված եղել մեր տնտեսությամբ»:

Սեյրան Օհանյանը խոսեց թերությունների մասին նաեւ. «Բավականին մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր պետք է գնվեին: Երկրորդը ռադիոէլեկտրոնային պայքարն է, այստեղ բավականին լուրջ դեպի բացասական կողմը փոփոխություններ են տեղի ունեցել, որն ազդել է այն առավելության վրա, որն Ադրբեջանն ունեցել է այս պատերազմի ընթացքում: Այնուամենայնիվ, նշված խնդիրներով ՊԲ-ն ի վիճակի էր իր առջեւ դրված խնդիրները լուծելու: Պետք էր համախմբման, համալրման միջոցառումներ իրականացնեին: Ամենավատ բանը, որ այս ժամանակահատվածում եղել է, դա այն անորոշությունը, քաոսը, մեծ օրինախախտումներն են, որ եղել են պատերազմի ժամանակ ու այդ ուղղությամբ բացարձակ ոչ մի քայլ չի կատարվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031