Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ներկայացումը մարդիկ նայել են մեկ ոտքի վրա կանգնած». Ռեժիսոր

Դեկտեմբեր 10,2021 14:56

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4 -րդ ֆորումից, որ կայացել է Տաշքենդում, Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է մրցանակով:

Ինչպես «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը, դա մեծ ձեւաչափով նախագիծ է, որն իրականացնում է Մոսկվայի թատերական գործիչների կոնֆեդերացիան:

Սոնա Մելոյան

«Ֆորումի գլխավոր խնդիրն այն է, որ տարիներով ձեւավորված շփումներն ու ավանդույթները, կապերը հնարավորինս պահպանվեն: Նախագծում ընդգրկված են թատերագետներ, դրամատուրգներ, նկարիչներ, այդ շրջանակում կայանում են սեմինարներ, լույս տեսնում անթոլոգիաներ, նաեւ իրականացվում են ռեժիսորական մրցութային ցուցադրումներ: Պետք է հպարտությամբ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս ֆորումի չեմպիոն է, որովհետեւ 4 անգամ մասնակցել ենք եւ 4 անգամ էլ մրցանակով վերադարձել»,-ասաց Սոնա Մելոյանը: Հավելեց, որ հաղթող ներկայացումներն ընտրում է խստապահանջ մասնագիտական ժյուրին:

«Այնպիսի հաջողություն, ինչպիսին ունեցավ հայկական ներկայացումը, որեւէ մեկը չուներ, եւ երբ ներկայացումն ավարտվեց, ու մեր դերասանուհիները մտան այն ռեստորանը, որտեղ ընթրում էր ողջ ֆորումը, տեսնեիք, թե այնպիսի բացականչություններ եղան… Ամեն օր խաղում էին ներկայացումներ, բայց մերոնք աստղային կարգավիճակով էին… Բոլորը ստորագրություն էին խնդրում, ուզում էին լուսանկարվել մեր դերասանուհիների հետ: Լերա Կուդրյավցեւան ասաց, որ Գոռ Մարգարյանի մեկնաբանությունը ուրիշ երանգ է տվել «Գարդենիա» ներկայացմանը»,-ասաց թատերագետը:

Նրա համոզմամբ, թատերական գործիչների այս սերնդի շնորհիվ Հայաստանն այժմ դրսում այլ կերպ է ընկալվում, մինչդեռ նախկինում տպավորություն էր, թե տարածաշրջանի թատերական երկիրը Վրաստանն է, այժմ բոլոր չափանիշներով Հայաստանն է:

Մարիաննա Մխիթարյան

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ընդգծեց, որ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4 -րդ ֆորումը շատ կարեւոր միջոցառում էր, որին մասնակցելու համար ստացել են մշակույթի նախարարության աջակցությունը:

«Հատկապես հիմա Հայաստանին անհրաժեշտ է մասնակցել տարբեր ֆորումների, փառատոների, միջազգային մեր վարկանիշը էլ ավելի բարձրացնել, միջազգային հարթակներում ցույց տալ, թե ինչպիսինն է հայը, մեր թատրոնը,եւ ինչ մակարդակի վրա ենք մենք…

Հիշեցնեմ, որ Էլժբետա Խովանեցի «Գարդենիա» ներկայացումը բեմադրվել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, եւ առաջնախաղը կայացել համավարակի ժամանակ՝ թատրոնի բակում: Սա առաջին ներկայացումն էր, որը կենդանի ցուցադրվեց, եւ դրանից հետո մեր ֆանտաստիկ, հիանալի դերասանուհիների շնորհիվ այդ ներկայացումը այլ փառատոների մասնակցեց, մրցանակ ստացավ: Այնպես որ այդ ներկայացումն ունի հաջողության երաշխիքը:

Թե Ելենա Վարդանյանը, թե Տաթեւիկ Մելքոնյանը, թե Հայարփի Զուռնաչյանը եւ թե Աննա Մանուչարյանն իրոք արժանի էին բարձր գովեստների: Այս ներկայացումը միշտ էլ կհամարվի մեր թատրոնի լավագույն ներկայացումներից մեկը: Նաեւ ողջունում եմ Գոռ Մարգարյանին, եւ ցանկանում բազմաթիվ հաջողություններ»,-շեշտեց տիկին Մխիթարյանը:

Գոռ Մարգարյան

Գոռ Մարգարյանն ասաց, որ ներկայացումը բավականին բուռն է ընդունվել, հանդիսատեսն էլ նախապատրաստված էր, ու գիտեր, թե ինչ էր նայելու. «Ներկայացումը մարդիկ նայել են մեկ ոտքի վրա կանգնած, նույնիսկ այն խցիկներում, որտեղ աշխատում էր հնչյունային օպերատորն ու լուսային ձեւավորողը…Մի խոսքով, ասեղ գցելու տեղ չկար»:

Տիգրան Մարտիրոսյան

Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի խոսքով, հաջողության գրավականներից մեկն այն էր, որ գործել են՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» հայտնի սկզբունքով. «Սա շատ կարեւոր է պատվիրակության համար յուրաքանչյուր ձեւաչափում եւ ոլորտում»: Նա ասաց, որ ֆորումն ուներ երիտասարդ քննադատների բաժին, որտեղ ընթանում էին կլոր սեղաններ, քննարկումներ, վարպետության դասեր: Ինքը ներկայացրել է նորաստեղծ թատերագիտական կայքը, եւ բավականին թեժ քննարկում է եղել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031