Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատագրական շարժումը» ԱԳՆ-ում բողոքի ցույց էր անում. ոստիկանությունը նրանց հեռացրեց շենքից

Դեկտեմբեր 10,2021 13:38

«Ազատագրական շարժման» անդամներն այսօր բողոքի ցույց էին անում Արտաքին գործերի նախարարության շենքում։

Ցույցի մասնակիցները ԱԳՆ-ում էին, որ իրենց հուզող հարցերը տան եւ պատասխան ստանան, պաշտոնական տեղեկատվություն ստանան, պահանջում էին ԱԳ նախարարը կամ փոխարինող անձը մոտենա՝ իրենց հարցերին պատասխանի։

Իսկ շարժման մասնակիցների հարցերն են՝ ի՞նչ քարտեզների հիման վրա են կատարվելու սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, ինչ մասնագետներ են այդ գործընթացում ներգրավված, ով է ուզում իրականացնի սահմանազատումները։

Արա Զոհրաբյանը, որը փաստաբանների պալատի նախկին նախագահն է, եւ այս շարժման կազմակերպիչներից մեկը՝ լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը, որով, ըստ Զոհրաբյանի, Փաշինյանը մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները․ «Մասնավորապես, նա նշեց, որ 2016 թվականից սկսած չկա՝ ոչ գործնական, ոչ տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից դուրս հանելու հարցում։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին։ Ավելին, եթե 2016 թվականին նման տեղեկատվություն կար, ապա ինչու էր 2019 -ին հայտարարվում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Մենք վստահ ենք, որ այսօրվա կառավարությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, եւ իրենց նոտարի դերը ստանձնած նախագահ Արմեն Սարգսյանի, ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայացնել։ «Մենք այսօր եկել ենք ԱԳՆ՝ մեր հարցերն ուղղելու եւ պատասխանները ստանալու։ Ուզում ենք, որ պաշտոնական տեղեկատվություն տան մեր հարցերի հետ կապված»։

ԱԳՆ շենքում որեւէ մեկը ցույցի մասնակիցներին չմոտեցավ եւ նրանց հարցերին չպատասխանեց։ Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին դուրս հրավիրեց ԱԳՆ շենքից, սակայն նրանք հրաժարվում էին դուրս գալ։ Ապա ոստիկանները մտան Արա Զոհրաբյանի թեւերն ու դուրս հանեցին շենքից, նույնը՝ շարժման մյուս ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանի դեպքում։ ԱԳՆ շենքից բերման ենթարկեցին ցույցի մասնակից Վահագն Չախալյանին։

Արա Զոհրաբյանը հայտարարեց․ «Սա արդեն ձեռագիր է դարձել։ Բողոքի ցույցի դեպքում որոշակի կանոններ կան, եթե ինչ-որ մեկը խոչընդոտում է ինչ-որ մի բանի բնականոն գործունեությունը, ապա կարգն այնպիսինն է, որ պետք է մոտենան հավաքի կազմակերպչին, պահանջեն բացառել խոչընդոտը, դրանից հետո երկու անգամ բարձրախոսով տեղեկացնեն, ապա նոր այդ մարդուն հեռացնեն, ոչ թե բերման ենթարկեն»։

Ցույցի մի շարք մասնակիցներին նստեցրեցին ոստիկանական մեքենաներ, հավանաբար նրանց բերման ենթարկեցին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031