Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակած վճռով որոշեց այս տարվա փետրվարին առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը բեկանել եւ փոփոխել, մասնավորապես՝ 2016թ․-ին ոստիկանության ՊՊԾ գունդ ներխուժած «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչել նաեւ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանություն) եւ ազատազրկել 18 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագանձման․ մեղսագրվող արարքների հանրագումարով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 25 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի նշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք էր բերել դատախազությունը։
Հաշվի առնելով նախորդ տարիներին Արմեն Բիլյանի՝ կալանավորված լինելու հանգամանքը, նա պատիժը կկրի մնացած՝ 20 տարի 5 ամիս ժամկետով։
Արմեն Բիլյանը կալանավորվեց հենց դատարանի դահլիճից եւ մինչեւ ոստիկանների ուղեկցությամբ հեռանալը՝ դիմեց Գագիկ Մկրտչյանի այրուն․ «Այս կեղծիքը, որ գրել էր այս տիկինը, նախաքննական ցուցմունքում ասել էր, որ ամուսինը, գիտակցության չգալով մահացել էր, բայց հետո պարզվեց, որ ամուսինը գիտակցության մեջ է եղել, ինքն էլ հանդիպել է։ Այս կեղծիքը երկար չի տեւելու։ Տրամադրությունս մարտական է»։
Կարդացեք նաև
Արմեն Բիլյանը մեղադրվում էր ՊՊԾ գունդ ներխուժման ժամանակ ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի սպանության համար․ պնդել է, որ մեղադրանքը չի ընդունում:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) որոշում կայացրեց «Սասնա ծռերի» խմբի անդամներից Արմեն Բիլյանին արդարացնել՝ մեղսագրված արարքի (ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանություն) կատարմանը վերջինիս մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքի ցույց են անում «Սասնա ծռերի» համակիրները, որոնք կարծում են, թե այս որոշումը Պուտինի հրամանն է։ «Նիկոլ Փաշինյանի դատարանը թող իմանա, որ շուտով բոլորը կանգնելու են նյուրնբերգյան դատարանի առաջ․․․մահ ռեժիմին»,-ասում են նրանք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ