Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուզում եմ, որ մի ամբողջ սերունդ զոհ չգնա սխալ հաշվարկի, սխալ հայրենասիրության». Ժիրայր Լիպարիտյան

Դեկտեմբեր 10,2021 12:48

«Ուզում եմ, որ մի ամբողջ սերունդ զոհ չգնա սխալ հաշվարկի, սխալ հայրենասիրության: Նույն տրամաբանությունն է` չթրքանանք»,-իր հեղինակած «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի շնորհանդեսին հաջորդած դասախոսության ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը:

Անկախության առաջին տարիներին Ժիրայր Լիպարիտյանը եղել է ՀՀ կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողը և գրքում կարևոր ճշտումներ է կատարում հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ: Հատորը հիմնավորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մոտեցումները ներկայացված են պատմական, քաղաքական և հոգեբանական դիտանկյուններից: Գրքի վերջում զետեղված են նյութեր արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած և անմիջապես հաջորդած քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Նա սխալ է համարում այն, որ որպես ամեն բանի պատասխանը ցեղասպանությունն են առաջնային պլան մղում: Ժիրայր Լիպարիտյանն այս առիթով մանրամասնեց. «Ցեղասպանություն. ամեն բանի պատասխանն է, ամեն տրամաբանության, ամեն մոտեցման: Թրքանալ, թրքացանք, որովհետև սահման բացեցինք: Ես կարծում եմ, որ մեզ համար կարևոր պիտի լինի այդ «մահ կամ ազատությունը» փոխել և դարձնել՝ «ազատություն՝ թերևս մահ»: Ես չեմ կարող արդարացնել 4000 երիտասարդների մահը, 10.000 երիտասարդների հաշմանդամությունը, առավել ևս առաջին պատերազմի զոհերի՝ արդեն հաջողության տապալումը: Այդ բոլորը գնաց, որովհետև մենք պատրաստ ենք զոհվելու, մենք պատրաստ ենք ուրիշին երեխա ուղարկելու, որ գնա ու զոհվի, մենք պատրաստ ենք երիտասարդներին ուղարկելու, քանի որ մենք հայրենասեր ենք. իրենք պիտի զոհվեն: Ես չեմ կարող ընդունել այդ տեսակի տրամաբանությունը. ոչ պատմությունից է գալիս, ոչ էլ մեր անվտանգության, ապագայի անվտանգության շահերից է դա բխում»:

Նրա համոզմամբ՝ սա ֆիդայական մտածողություն է, այլ ոչ պետական ու նշեց. «Երբ ֆիդայի էինք, դա որոշ առումով իմաստ ուներ. ֆիդային իր մահով իմաստավորում էր ազատության գաղափարը, ասում էր՝ ես այնքան եմ հավատում իմ ժողովրդին, որ պատրաստ եմ կյանքս տալ: Դա պետականության հետ կապ չունի: Հիմա մենք որպես պետություն նման հաշվարկներով հայրենասիրություն սահմանելու իրավունք չունենք, իրավունք չունենք հայրենասիրությունը սահմանել այնպես, որ միայն մահն է, որ փաստում է, որ հայրենասեր ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031