Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցիալապես անապահով մարդուց իր ապրուստի միջոցը ո՞ր պետությունն է վերցնում». անժամկետ հաշմանդամության երրորդ կարգ ունեցող

Դեկտեմբեր 10,2021 13:30

Ժամանակավոր կացարաններ տրամադրող սոցիալական ապահովության նախարարությունը երբեք շրջայցեր չի կատարի իր իսկ տրամադրած տարածքներում, երբեք չի լսի այնտեղ ցրտի ու անապահովության ճիրաններում հայտնված խոցելի խմբերի մարդկանց, քայլեր չի ձեռնարկի մարդկային արժանապատվությունը նսեմացնող կեցավայրի տարրական պայմանների բարելավման համար:

54-ամյա Մանուկ Հովիկյանի խնդրի մասին «Առավոտը» գրել է դեռեւս 2009թ. փետրվարի 20-ին: Զենքի ապօրինի ձեռքբերման համար նախկինում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված, պատիժը ՌԴ Վետլակում մարած Մանուկին գիտեն «Մանուկ Երեւանսկի» մականվամբ: Նրա պատժաչափն ութ տարով ավելացրել էին՝ «բանտային բունտեր» կազմակերպելու համար: «Ընկերներս մահացել են, եւ չեմ կարող ապացուցել, թե ոնց եմ գյուլլի բերան գնացել, վրացիների հետ կռիվ տվել, Հայաստան բենզին ու զենք բերել: Կարող եմ ընկերներիս գերեզմանի տեղերն էլ ցույց տալ: Այսօրվա դրությամբ ով չկա, դարձրել են կինո, իսկ մեր նմանները, ովքեր ապրում են, իրականում բացակա են: Մենք մնացել ենք ճամփեզրին»,-մեր զրույցի ժամանակ ասել էր Մանուկը:

Նա պատիժը կրելուց հետո 13 տարի առաջ վերադարձել է Հայաստան: Վերադարձել՝ տեսել է պապական տունը չկա: Դատական ատյաններին էր դիմել Կոնդի իրենց տան խնդրով: Պետական արխիվներից փաստաթղթեր էր ներկայացրել դատարաններ, համաձայն որի նրա պապը՝ Միհրան Մանուկի Հովիկյանը, բնակվել է Կոնդ թաղամասում՝ Չկալովի 5 հասցեում: Դատարաններն ավելին էին պահանջել՝ «վերաբերելի» ապացույցներ, ինչը Ռուսաստանում պատիժը կրելու տարիներին Մանուկը չէր էլ կարող ձեռք բերել, ներկայացնել: Ինչեւէ, նա հայտնվել էր դրսում, դիմել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ժամանակավոր բնակատեղի հատկացնելու խնդրով:

Անժամկետ հաշմանդամության երրորդ կարգ ունեցող Հովիկյանը ի վերջո այս ամռանը հաշվառվեց նախկին «Նաիրի» հյուրանոցի լուսանկարում պատկերված 209 սենյակում:

«Իմ պատմությունը քեզանից լավ ոչ ոք չգիտի: Մենակ Հայաստանում կարող են նման բան անել: ԽՍՀՄ փլուզումից հետո տունս քանդեցին՝ տուն չտվեցին, փոխհատուցում չտվեցին: Լավ, ասենք, եղել եմ դատապարտված՝ կալանքս կրել եմ՝ հայրենիքս չեմ դավաճանել, եկել եմ Հայաստան: Քանի հատ վարչապետ փոխվեց, իշխանափոխություն եղավ, բոլորն էլ խոստացան՝ «տուն կտանք»՝ սոցիալական բնակարան, բայց նրանք պրոֆեսիոնալ խաբեբաներ դուրս եկան»,-ասում է Մանուկը, ցույց տալով սենյակի ցելոֆանով պատուհանները, որն ինքն է քաշել, անմխիթար սանհանգույցը:

Նա դժգոհ է խոնավությունից. «Չորս ամիս է՝ կաթում է բաղնիքը, մի ժամ առավոտն են ջուր տալիս, մի ժամ էլ երեկոյան»: Ու  դրա դիմաց նա երեսուն հազար դրամ է մուծում՝ «գիշերավարձ»: Դրսում մոլեգնող համավարակ է, չախտահանված փողոցներ, տրանսպորտային միջոցներ, հակահիգիենիկ վիճակներ շատուշատ կացարաններում:

«Իմ ապրուստի միջոցը 27 500 դրամ թոշակս է եւ 18 000 դրամ նպաստը: «Նաիրի» հյուրանոցի մասնաճյուղի այս անմխիթար համարի համար ինձանից պետք է միայն գանձեն կոմունալ վճար: Մի խոսքով՝ թոշակս, նպաստս «ռեկետ են անում», 30 000 դրամ՝ վարձ եմ տալիս՝ լույսն էլ՝ ինչքան վառեմ՝ 48 դրամով էլ կիլովատն են հաշվում: Սոցիալապես անապահով մարդուց իր ապրուստի միջոցը ո՞ր պետությունն է վերցնում… Անգամ սեփականատերերն են աջակցում՝ անվճար ապրելու տեղ տալիս՝ մինչեւ որ պետությունը մշտական բնակության վայր տա»,-ասում է Մանուկը:

Մանուկը «Առավոտին» է ցույց տալիս մուծումների անդորրագրերը:

«Ես հիմա պետք է սոված մնամ՝ մինչեւ նպաստ տան, հրատապ ոչ մի անգամ ինձ օգնություն չեն տվել, գոնե այս ամսվա թոշակիս փողը տան, որ մինչեւ նպաստ ձգեմ»,-ասում է նա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Համավարակի օրերին մահացավ նրա երիտասարդ կինը, երբ այս ծածկն էլ չուներ Մանուկը գլխին. դրսում էին…

«Առավոտ» օրաթերթ
09.12.2021

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031